«Քննչական կոմիտեն իր կառուցվածքով ու անդամներով նույնն է, նախկին ռեժիմի սպասարկուներն են». Գարեգին Միսկարյան

27-08-2019
908 դիտում
«Քննչական կոմիտեն իր կառուցվածքով ու անդամներով նույնն է, նախկին ռեժիմի սպասարկուներն են». Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը

- Պարո՛ն Միսկարյան, թեև վարչապետն Ամուլսարի հարցով «ԷԼԱՐԴ» ընկերության եզրակացությունն ուղարկել է շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու՝ նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն կա, թե ոչ, բայց քննչական կոմիտեի քննիչը պնդում է, թե բնապահպանական ռիսկեր չկան: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

- Ինձ մոտ տպավորություն է, որ քննիչը ոչ թե քննիչ է, այլ «Լիդիան» ընկերության փաստաբանը և ամեն կերպ ցանկանում է համոզել, որ հանքավայրի շահագործման համար ռիսկեր չկան: Ըստ էության հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչը ռիսկայնության հետ կապված որևէ բան ապացուցելու կարիք չուներ, այլ ընդամենը պետք է բացահայտեին՝ խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ:

Թե ի՛նչ մոտիվացիա ունի քննիչը և ինչո՛ւ է փորձում այդպես արդարացնել կամ ինչո՛ւ է վստահեցնում, թե «Լիդիանի» գործունեությունը որևէ ռիսկ չի պարունակում, դժվարանում եմ ասել: Մեկ բան միանշանակ է՝ նա իր իրավազորությունների սահմաններից դուրս գործունեություն է իրականացնում:

- Քննչական կոմիտեն նաև «Լիդիան» ընկերության տեսահոլովակը տարածեց: Դա պատճառաբանում են մարդկանց իրազեկելու անհրաժեշտությամբ: Նման դեպքում, երբ կասկած կա, որ քննչական մարմինը կարող է անաչառ չլինել, ի՞նչ պետք է անել:

- Խնդիրը միայն քննչական կոմիտեն չէ, խնդիրն ամբողջ համակարգն է: Եթե քննչական կոմիտեի դեպքում այս խնդրի հետ կապված այդ ամենն ակնհայտ է, դա դեռ չի նշանակում, որ ոստիկանությունում չկան այդ նույն խնդիրները: Այստեղ համակարգային խնդիր կա, այդ համակարգերը չեն փոխվել: Քննչական կոմիտեն իր կառուցվածքով ու անդամներով նույնն է, նախկին ռեժիմի սպասարկուներն են: Կարծում եմ՝ նրանք շարունակում են նույն գիծը, ինչ եղել է նախքան հեղափոխությունը:

- Դուք Ամուլսարի հարցով նոր փորձաքննության կարիք տեսնո՞ւմ եք:

- Առհասարակ այս փորձաքննության իմաստն ինձ համար անհասկանալի է: Ի՞նչ իմաստ ուներ «Լիդիանի» կողմից տրամադրված փաստաթղթերն ուսումնասիրել:

- Ըստ էության, քննչական խումբն էլ է հաստատում, որ դաշտային աշխատանք չի իրականացվել, միայն «Լիդիանի» փաստաթղթերն են ստուգվել: Այսինքն՝ անարդյունավետ աշխատա՞նք է կատարվել:

- Այո՛, միայն փաստաթղթերի ուսումնասիրություն է կատարվել: Ընդ որում, նման տեսակի ծառայության համար նման գումար վճարելն ուղղակի անփութություն ու անիմաստ շռայլություն է: Նման փաստաթղթերի ուսումնասիրման ծառայության համար տասնապատիկ էժան կարելի էր վճարել: Բայց դա չէ խնդիրը: Ես կարծում եմ, որ խնդիրն ավելի խորքային է, և շատ բան է կախված շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունից: 

Ի սկզբանե պետք է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը դրվեր կասկածի տակ: Եվ պետք է անվստահություն հայտնվեր այն փաստաթղթերին, որոնց հիմքում եղել է այդ ՇՄԱԳ-ը: 

Հիմա, կարծում եմ, այդ հարցը կշտկվի, և շրջակա միջավայրի նախարարությունը կհաստատի նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՇՄԱԳ-ը տրվում է մեկ տարով: 

Մեկ տարվա ընթացքում գործունեություն չծավալելու դեպքում դադարեցվում են դրանով պայմանավորված ընկերության գործունեության լիազորությունները: Իսկ այս դեպքում հայտնի է, որ 2016 թվականին ստացված ՇՄԱԳ-ով իրենք մինչև 2017 թվականը որևէ գործողություն չեն իրականացրել: Այսինքն՝ գործունեություն ծավալել են, բայց դա չի եղել հանքարդյունաբերություն:

- Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցը կապված է խոշոր ներդրման հետ: Ջերմուկի բնակչության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ապացուցվում է, որ շրջակա միջավայրի համար հանքավայրի շահագործումը ռիսկեր չի պարունակում, կառավարությունն ինչպե՞ս պետք է ներդրողներին բացատրի՝ ինչո՞ւ թույլ չեն տալիս գործունեություն ծավալել Հայաստանում: 

- Դե այդ դեպքում, որպեսզի ներդրողները շահագրգռվեն և Հայաստանում ներդրում անեն, եկեք Սևանա լիճը վարձակալությամբ տանք տարբեր տնտեսավարողների, թող ամբողջ լճում ձկնաբուծարաններ ստեղծեն:

 Տասը կամ միգուցե հինգ տարի հետո ամբողջ լիճը տիղմի կվերածվի: Չի կարելի ամեն ինչ գնահատել միայն գումարով: Պետք է խնդիրը գնահատել երկարաժամկետ առումով, թե որքանով է մեզ ձեռնտու այդ հանքի շահագործումը: Հիմա եթե նախկինները կատարել են հանցագործություն՝ մատնանշելով ներդրումների նվազումը, չի կարելի շարունակել հովանավորել այդ հանցագործությունը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am