«Ոստիկանները ցույցերի ժամանակ ոչ թե պետք է կանանց տապալեն գետնին, այլ պետք է Հայաստանում քրեական միջավայրը փոխեն»․ Իրավապաշտպան

28-08-2019
875 դիտում
«Ոստիկանները ցույցերի ժամանակ ոչ թե պետք է կանանց տապալեն գետնին, այլ պետք է Հայաստանում քրեական միջավայրը փոխեն»․ Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

- Տիկին Ալեքսանյան, ինչո՞վ եք պայմանավորում «օրենքով գողերի», հեղինակությունների դրսևորած վարքը ոստիկանությունում։ Վերջերս էլ տեսանյութ տարածվեց, թե ինչպես են ոստիկանությունում իրենց պահում Պզոն՝ Արմեն Ղազարյանը և իր ընկերները, թե ինչպես են նվաստացնում ոստիկաններին։ Ի՞նչ պետք է ձեռնարկել այս խնդիրներին լուծում տալու համար։

- Կարծում եմ՝ ոստիկանությունը պետք է շատ խիստ միջոցներ ձեռնարկի։ Ընդհանրապես, մեզ էլ են բողոքում ոստիկանությունից, որ, ասենք, գիշերային ակումբներից դիմում են ոստիկանություն, ոստիկանությունը գալիս է ու չի կարողանում կարգավորել խնդիրները։ Կարծում եմ՝ ոստիկանությունը պատշաճ չի կատարում իր գործառույթները։Ոստիկանները ցույցերի ժամանակ ոչ թե պետք է կանանց տապալեն գետնին, այլ պետք է Երեւանում,  Հայաստանում քրեական միջավայրը փոխեն։

Ոստիկանությունը ոչ թե պետք է ցույցերի վրա կենտրոնանա, ինչպես նախկինում էր, այլ պետք է քաղաքացիների համար ապահովի անվտանգ, նորմալ միջավայր, որ մարդիկ չվախենան երեկոյան կամ գիշերը դրսում գտնվելուց։ Ամեն օր լսում ու տեսնում ենք՝ այս հեղինակությանը սպանեցին, այն հեղինակությանը սպանեցին։ Սա խայտառակ վիճակ է, և ինձ հիշեցնում է 1990-ականների Երևանը։ Ես չեմ կարող ասել, թե որն է խնդիրը, որ սրվել է վիճակն այդ առումով։ Թող ոստիկանությունը բացատրի, թե ինչու է այսպիսի իրավիճակ ստեղծվել։ Սա պետք է Կառավարությանը մտահոգող խնդիրներից մեկը լինի։ 

- Հնարավո՞ր է, որ պատճառներից մեկը նախկինում եղած ամենաթողության ու ոստիկանների հետ հանցավոր համագործակցության իներցիան է։

- Չեմ կարող դա պնդել։ Եթե մենք տեսնում ենք, որ չեն կարգավորվում այդ հարցերը, կամ տեսնում ենք, թե ինչպես է Պզոն հայհոյանքներով խոսում ոստիկանության աշխատակիցների հետ, այլ բան չենք կարող մտածել, որ ինչ-որ հիմքեր ունեն իրենց այդպես պահելու համար։ Ինչպե՞ս կարելի է ոստիկանության շենքում իրեն այդպես պահել։ Թող մի հասարակ քաղաքացի գա ու փորձի ոստիկանությանը հայհոյի, տեսնենք՝ պատասխանն ինչ կլինի։ Ոստիկանները գլուխները կկախե՞ն, թե՞ այդ մարդուն սև օրը կգցեն։

Երեկ մի կին էր զանգահարել ու մի արտառոց իրավիճակ էր նկարագրում Բագրատունյաց պողոտայում, որտեղ բնակիչները շատ անբարո բաների են ականատես լինում, իսկ ոստիկանությունը ոչ մի կերպ չի կարգավորում խնդիրը։ Ոստիկանությունը պետք է ուժեղացնի իր հսկողությունը։ Ես չեմ ուզում մտածել, թե ոստիկանությունը համագործակցում է քրեական հեղինակությունների հետ, ու դա այդ համագործակցության հետևանքն է։ 

- Այս իրավիճակը, քրեական հեղինակությունների անպատիժ վարքը և այլն, ինչի՞ հետևանք են։

- Այո, սա կարող է լինել ոստիկանության վատ աշխատանքի հետևանք։ Պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն, հսկողությունն ուժեղացնեն։ Փոխարենը, հենց 2-3 մարդ հավաքվում է հանրահավաքի, ամբողջ ոստիկանական համակարգը հայտնվում է քաղաքացիների դեմ։ Թող նույն կերպ աշխատեն քրեական հեղինակությունների դեմ։ 

- Գագիկ Խաչատրյանը 800 մլն դրամ վերադարձրել էր պետությանը, բայց, այդուհանդերձ, ձերբակալվեց առանձնապես խոշոր չափերի վատնում հոդվածով։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ուշացած չէի՞ն այս քայլերը։

- Թվում էր, թե առաջիններից մեկը հենց Գագիկ Խաչատրյանը պետք է հայտնվել ԱԱԾ-ի կամ իրավապահ այլ մարմինների ուշադրության կենտրոնում։ Թիվ մեկ թալանչին, ու ցինիկ թալանչին, որ լկտիաբար ու բացահայտ է թալանել երկիրը ու հսկայական հարստություն կուտակել։

Գնահատելի է, որ թալանածը պետք է հետ բերվի։ Ես արդեն հույս չունեի, մտածում էի՝ դուրս է մնալու պատասխանատվությունից։ Պարզվում է, որ չէ, ու դա դրական եմ գնահատում։ Տեսնենք, թե ինչ պատիժ կսահմանեն նման թալանի համար։ Նրանք բոլորն անխտիր պետք է պատասխան տան իրենց արածների համար։ Բոլոր նրանք, որոնք թալանել են երկիրը, միլիոնները դուրս են տարել։ Բոլորս գիտենք, թե Գագիկ Խաչատրյանն Ամերիկայում և Հայաստանում ինչ տներ ունի։

Մանե Հարությունյան

MediaLab.am