«Այսօր դատական իշխանության անկախության անվան տակ գործում են կոռուպցիոն մեխանիզմները». Արթուր Սաքունց

29-08-2019
565 դիտում
«Այսօր դատական իշխանության անկախության անվան տակ գործում են կոռուպցիոն մեխանիզմները». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը

- E-draft կայքում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որում նաև անցումային արդարադատության վերաբերյալ բաժին կա։ Մասնավորապես, նշվում է, որ կձևավորվի փաստահավաք հանձնաժողով, որը նաև կանդրադառնա 1991-2018 թվականների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ փաստերին։ Արդյոք սրանով անցումային արդարադատության խնդիրը կլուծե՞նք, և արդյոք ուշացած չե՞ն այս քայլերը։

- Քանի որ անցումային արդարադատության հայեցակարգ ամբողջապես չկա փաստաթղթի տեսքով, դրա համար ժամկետների առումով ուշացած կամ չուշացած լինելու մասին տեղին չէ խոսելը։ 

Չկա որևէ չափանիշ ուշ կամ շուտ լինելու վերաբերյալ։ Երկրորդ՝ հաշվի առնելով իշխանության կողմից գործողությունների տրամաբանությունը, որը վերաբերում է ոչ միայն առանձին կոնկրետ դեպքերին, այլև նախագծերին, որոնք հրապարակայնացվում են, մենք կարող ենք նշել, որ դրանք ամբողջությամբ տեղավորվում են նախկին իշխանության օրոք նաև կոռուպցիոն մեխանիզմներով ապօրինի միջոցների վերադարձի համատեքստում, ինչը եղավ նաև Գագիկ Խաչատրյանի դեպքում։ 

Բնականաբար, մենք այստեղ գործ ունենք քրեական արդարադատության հետ։ Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքի նախագիծը, որը մենք սպասում ենք, ենթադրում է, որ առանց քրեական գործ հարուցելու գույքի ծագման օրինականությունը ստուգելու արդյունքում, եթե անհրաժեշտ փաստեր չբերվեն, ապա դատարանի որոշմամբ գույքը կարող է ազգայնացվել։

Բայց մենք շատ լավ գիտենք, որ նախորդ իշխանությունների օրոք, որը բնորոշվել է որպես համակարգային կոռուպցիա և անպատժելիություն, տարիներ շարունակ իշխանության առանցքային ներկայացուցիչների վերաբերյալ տարբեր նյութեր են հրապարակվել, այդ թվում՝ հետաքննական, հրապարակվել են նրանց կատարած կոռուպցիոն գործողությունների, պաշտոնեական դիրքի չարաշահման, հանրային ռեսուրսների յուրացման մասին, որոնք սակայն մնացել են անհետևանք։ 

Բնականաբար, այդ բոլոր անձանց նկատմամբ մենք սպասում ենք, որ կլինեն բավական լուրջ քրեական հետապնդումներ։ Խոսքը վերաբերում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ահռելի միջոցների յուրացմանը, որը առանձին գնահատումներով կազմում է 10 մլրդ դոլար, որոնց մի մասը դուրս է բերվել Հայաստանից։ Այս առումով, իհարկե, որևէ քայլ ուշացած չէ։ 

Ավելին, մենք գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, որոնք իշխանություն ունենալու, պաշտոնեական դիրք զբաղեցնելու ուժով իրենց կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները պետք է ձևակերպած լինեին Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությամբ՝ «թղթերով ամեն բան կարգին է»։ 

Դա նշանակում է, որ այդ գործողությունների վերաբերյալ հետաքննական, լրատվական նյութերում ներկայացված փաստերը մի բան են, բայց դրանց հիման վրա քրեական հետապնդում իրականացնելը՝ բոլորովին այլ բան, որը ենթադրում է ապացուցողական լուրջ բազա հավաքել օրինականության շրջանակներում։ Այդ առումով տեղին չէ խոսել նման գործընթաց սկսելու ուշ լինելու մասին։ 

Մենք գործ ունենք ոչ թե մի քանի դեպքերի, այլ տարիներ շարունակ տարբեր առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց հետ, որոնք բավական լավ տիրապետում են կոռուպցիոն մեխանիզմներին և այդ մեխանիզմները թաքցնելու, կոծկելու, փաստաթղթավորման իրավական մեխանիզմներին։

Այդ առումով, իհարկե, շատ դժվար է լինելու, և պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել այդ կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու, հիմնավորելու ուղղությամբ։ 

- Շատերը նշում են, որ այդ հետապնդումները կատարվում են ընտրողաբար։ Որքանո՞վ են հիմնավոր նման պնդումները։ 

- Եթե այդ ամենն արվում է առանց հայեցակարգի, ապա միշտ հարց է առաջանում, թե ինչո՛ւ կոնկրետ այս անձը, ոչ թե մեկ այլ անձ։ Օրինակ՝ ես կարող եմ բարձրացնել կիպրոսյան հայտնի օֆշորային սկանդալի հարցը, որը կապվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կամ նախկին ԱԺ նախագահ, ապա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցը, կամ Սուրիկ Խաչատրյանի հարցը և այլն։ 

Նրանք եղել են իշխանության մեջ, և, որպես կանոն, իշխանություն ունեցողներն են եղել ամենահարուստները։ Այս օրինաչափությունը հիմք է տալիս պնդելու, որ նրանց հարստությունն ունի կոռուպցիոն բնույթ, բայց ապացուցելու համար շատ ավելի երկար ջանքեր են պետք։ 

- Կարծում եք՝ հնարավոր կլինի՞ վերադարձնել այդ բոլոր գումարները։

- Հաշվի առնելով, որ նման մեծ հարստությունները, որպես կանոն, դուրս են բերվել երկրից, այստեղ անդրազգային համագործակցության և իրավական մեխանիզմները առավել քան պահանջված են, առանց որոնց ակնկալել, որ մենք բազմակողմանի, ամբողջական քննության հնարավորություն կունենանք, հնարավոր չէ։ 

Այսինքն՝ պետք է անպայման համագործակցել այն բոլոր երկրների իրավապահ մարմինների հետ, որտեղ ՀՀ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներն իրենց ռեսուրսները ներդրել են որպես անշարժ գույք և այլն։ Սա բավական լուրջ խնդիր է, որի ուղղությամբ, կարծում եմ՝ անհրաժեշտ է լուրջ ջանքեր գործադրել։ 

Առնվազն Գագիկ Խաչատրյանի դեպքում մենք գիտենք հրապարակումներից՝ Շվեյցարիայում գործարանի ներդրման մասին։ Շատ օլիգարխների համար ՀՀ տնտեսության, շուկայի հնարավորությունները շատ նեղ են՝ իրենց հարստությունն իրացնելու, գործի դնելու և դրանց հիման վրա նոր եկամուտներ ստանալու համար։ 

Դրա համար նրանք իրենց ռեսուրսները ներդրել են այլ երկրներում, այդ թվում՝ եվրոպական։ 

- Մեր իրավապահ համակարգը պատրա՞ստ է նման գործընթաց սկսելուն և հաջողությամբ ավարտին հասցնելուն։

- Պետք է նկատի ունենանք, որ մեր իրավապահ մարմինների կարողությունների զարգացման խնդիրը կա, որովհետև նրանք երկար տարիներ հասկանալի պատճառներով չեն զբաղվել նման հանցագործություններով։ 

Նախկինում նրանց գործունեությունը միտված չի եղել նման հանցագործությունների բացահայտմանը։ Բնականաբար, այդ մարմինները նույնպես օգտագործվել են համակարգային կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու համար։ 

Նոր իրավիճակում, իհարկե, իրավապահ մարմինների մասնագիտական կարողությունների զարգացման խնդիրը ունենք։ Այս առումով մենք բազմիցս նշել ենք, որ երկարաժամկետ իմաստով ԱԱԾ-ն չպետք է զբաղվի այս հարցերով։ 

Հույս ունենք, որ ստեղծվելիք հակակոռուպցիոն կոմիտեն իմ նշած այդ կարողությունները կունենա և օժտված կլինի նաև իրավական, տեխնիկական, ֆինանսական միջոցներով ու մարդկային որակյալ կադրերով։

- Հասարակությունն ականատես է, որ վերջին 1,5 տարվա ընթացքում աղմկոտ ձերբակալությունները կարճաժամկետ էին, ավելի շատ «բռնել-բաց թողնելու» գործընթաց էր, որը շատ քննադատվում է։ Այս գործելաոճը կշարունակվի՞, թե՞ կլինեն նաև ազատազրկումներ։ 

- Ես ի սկզբանե ասել եմ, որ մի քանի տասնամյակ շարունակ համակարգային կոռուպցիայի մեխանիզմով պետության զավթման արդյունքները վերադարձնելու, այդ մեխանիզմները կիրառողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներն իրականացնելու համար առնվազն 4-5 անգամ ավելի շատ քննչական մարմիններ են պետք։

Սա զուտ քանակի տեսանկյունից եմ ասում։ Մյուս կողմից, ես գտնում եմ, որ պետք է արմատական փոփոխություններ կատարել դատաիրավական համակարգում, որի մասին, տեսնում ենք, հետաքրքիր և լուրջ փաստաթուղթ է ներկայացված, որն արմատապես տարբերվում է նախկինում դատաիրավական փոփոխությունների ռազմավարությունից թե՛ իր բովանդակությամբ, թե՛ տարողությամբ, թե՛ գործողություններով։ 

Երբ չկա այդ համակարգային մոտեցումը, առանձին դեպքերի վերաբերյալ լինում են հարցեր, որ կարող են թողնել ընտրողական մոտեցման տպավորություն։ Մյուս կողմից, հասկանալի է, որ երբեմն բռնում-բաց են թողնում, որովհետև ապացույցների ձեռքբերման հետ կապված հարցեր կարող են լինել։ Քննիչները տարիներ շարունակ չեն ունեցել նման փորձառություն, որ զբաղվեն պաշտոնատար անձանց կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ։ Նրանց արգելված է եղել ընդհանրապես նման գործերով զբաղվելը։ 

Հիմա պետք է զբաղվեն, ու դրա համար կարողություն չունեն, ինչն էլ հանգեցնում է նման իրավիճակների։ Դա հիմնավորում է մեր ներկայացրած պահանջը, որ պետք է արմատական փոփոխություններ կատարվեն դատաիրավական համակարգում։ 

Այդ համակարգում աշխատողների մի մասը կամ կարողություն չունի նման գործերով զբաղվելու, կամ կաշկանդված է նույն այդ նախկին համակարգի հետ համագործակցությամբ։ Նրանք գիտեն, թե ինչի մեջ են թաղված, ինչի հետ գործ ունեն։ Սա ևս խոչընդոտող գործոն է, որը նույնպես բավական դժվարացնում է դատական իշխանության անձեռնմխելիության կամ անկախության սկզբունքը։ Այսօր դատական իշխանության անկախության անվան տակ գործում են կոռուպցիոն մեխանիզմները, և այստեղ ևս պետք է արմատական փոփոխություններ կատարել։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am