«Միայն պատիժներով հնարավոր չէ պայքարել գողական մթնոլորտի ու մշակույթի դեմ, եթե մենք դրա տեղը չենք բերում ուրիշ մշակույթ». Ռուբեն Բաբայան

30-08-2019
617 դիտում
«Միայն պատիժներով հնարավոր չէ պայքարել գողական մթնոլորտի ու մշակույթի դեմ, եթե մենք դրա տեղը չենք բերում ուրիշ մշակույթ». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

- Պարո՛ն Բաբայան, նախօրեին Կառավարությունը Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է ընդունել, որն ուղղված է «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների դեմ պայքար մղելուն։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե «Вор должен сидеть в тюрьме»։ Ընդհանրապես, քրեական ենթամշակույթն այսպիսով հնարավո՞ր է կանխել։ Որքանո՞վ է այս օրենսդրական նախաձեռնությունը նպաստելու այդ ենթամշակույթի վերացմանը։

- Դժվարանում եմ ասել, բայց կարծում եմ, որ միայն Քրեական օրենսգրքի խստացմամբ ընդհանրապես որևէ բան կանխել հնարավոր չէ։ Այստեղ ընդհանուր մշակույթն է շատ կարևոր, արժեքային համակարգը, որն անկախ տարիքից կներմուծենք մեր երեխաների մեջ։ Մենք, առավել ևս մեր հարևան Վրաստանի պարագայում, ունենք դրա օրինակը։

Մինչև Միխեիլ Սաակաշվիլու իշխանության գալը կամ նույնիսկ նրա առաջին տարիներին շատ հետաքրքիր բան էր կատարվում Վրաստանի դպրոցներում. տղաների 90 տոկոսը ուզում էր դառնալ «օրենքով գող»։ Այդ մշակույթը կար, հեղինակությունը կար, և մեզ մոտ էլ դա կա։

Դա կա մեր երեխաների մեջ, մեր բակային հարաբերություններում, բանակում կա։ Դա գողական մթնոլորտ ու մշակույթ է, որի դեմ պայքարել միայն պատիժներով հնարավոր չէ։ Եթե մենք դրա տեղը չենք բերում ուրիշ մշակույթ, միևնույն է, նա կմնա իր տեղում։ Եթե մենք ուզում ենք դառնալ քաղաքակիրթ երկիր, այդ մշակույթը պետք է վերանա մեր կենցաղից, մեր հարաբերություններից, դա միանշանակ է, բայց ճանապարհները ոչ այդքան Քրեական օրենսգիրքը խստացնելով են, որքան իրական արժեքային համակարգ փոխելով, որովհետև մարդն է մեծագույն արժեքը։ 

Ես վերջերս մի հետաքրքիր բան կարդացի ճապոնական դպրոցների մասին։ Պարզվում է՝ մինչև 4-րդ դասարան երեխաներն ընդհանրապես որևէ առարկա չեն անցնում։ Նրանք գնում են թատրոն, գնում են բնության գիրկ, այցելում են պատկերասրահներ, նրանց տալիս են հնարավորություն շփվել տարբեր մարդկանց հետ՝ կին, տղամարդ, մեծահասակ, փոքրահասակ։ Եվ երբ այդ ամբողջ սերմը ցանված է, նոր այդ ամենի վրա կարելի է սկսել զուտ առարկաների համակարգը կիրառել։

Մենք խուսափում ենք դրանից։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք, ցավոք սրտի, մշակույթն ու ժամանցը իրարից չենք տարբերում։ Եթե տարբերեինք, շատ մեծ դեր կտայինք մշակույթին, կհասկանայինք, թե ի՛նչն է մեզ խանգարում մեր հարաբերություններում։ Այդ գողանալը, խաբելը նույնիսկ համապատասխան շրջանակներում հպարտանալու առիթ են։

Ասենք, որպես դրական գնահատական կարող են ասել՝ այս մարդը հայտնի խաբող է, ուզածդ մարդուն կարող է «քցել», «ֆռռացնել»։ Ինչպե՞ս սրա դեմ պայքարել. չեմ կարծում, որ միայն օրենքի խստությամբ, թեև դա էլ է անհրաժեշտ։ Միգուցե դա տարածվի մի քիչ ավելի թաքնված կամ մի քիչ ավելի բացահայտ այն գովազդի վրա, որը կատարվում է հեռուստատեսությամբ տարբեր սերիալների միջոցով։

Այնտեղ ներկայացվում է քրեական աշխարհը որպես մշակույթ, թե ինչպես են հանդես գալիս սերիալների հերոսները։ Համարվում է, որ որքան ավելի դաժան է դեմքի արտահայտությունը, այնքան ավելի մեծ ուժ է ներկայացնում։ Իրականում այդպես չէ։

- Կարծում եք, որ այդ մշակույթի վերացումը պետք է սկսել մանկապարտեզից ու դպրոցի՞ց։

- Այո՛։ Ես կցանկանամ խոսել մի ցավալի թեմայի մասին. մենք համարում ենք, որ երեխաները մեր սեփականությունն են, ինչ կուզենք կանենք, ոնց կուզենք կդաստիարակենք։ Մեզանում շատ տարածված է, երբ հայրերը իրենց նոր խոսել սկսող երեխաներին սովորեցնում են հայհոյանքներ և հետո ուրախանում են, երբ երեխան այդպես արտահայտվում է հյուրերի ներկայությամբ։

Դա էլ է որոշակի մշակույթ։ Եթե ծնողը համարում է, որ երեխան իր սեփականությունն է, և ինքը կարող է մանկական տարիքից այլասերել նրան, այդ հարցը պետք է շատ խիստ դնել, մինչև ծնողական իրավունքներից զրկում։ Երեխան արդեն անհատ է, և դու իրավունք չունես փչացնել այդ անհատի մտածողությունը միայն այն հիմնավորմամբ, որ նա քո երեխան է։ Այն, որ նա քո երեխան է, քեզ վրա դնում է մեծ պարտավորություններ, այլ ոչ թե տալիս է այլանդակ իրավունքներ։ 

- Վերջերս տարածվեց մի տեսանյութ, թե ինչպես էին այդ «օրենքով գողերը» ոստիկանների հետ վարվում հենց ոստիկանության բաժնում, ինչ անպատժելի էին իրենց զգում։ Գուցե նաև այդպիսի դրսևորումները, վերջին 1,5 տարում քրեական հեղինակությունների մասնակցությամբ հանցագործություններն ու սպանությունները ստիպեցին իշխանություններին գնալ այսպիսի կարգավորման։ 

- Կարծում եմ՝ ամեն ինչ այդքան արագ չի փոխվում, բայց մենք պետք է հասկանանք, որ մեր ոստիկանությունը եղել է արժեքային նույն համակարգում։ Ոստիկանները շատ ավելի լավ են հասկացել գողին, ավազակին, մարդասպանին, քան որևէ մտավորական։ Արժեքային համակարգ փոխելը երկար պրոցես է, բայց պետք է սկսել։

Հաճախ, երբ մենք վերլուծում ենք այն, ինչ կատարվում է այսօր, մենք վերլուծում ենք արդյունքների տեսանկյունից։ Ես այդքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե շատ շուտ կհասնենք արդյունքների, առավել ևս՝ արժեքային համակարգի փոփոխության ոլորտում։ Ինձ համար շատ ավելի կարևոր է գործընթացը. սկսե՞լ ենք մենք արդյոք այդ աշխատանքը, սկսե՞լ ենք փոխել, ինչո՞ւ է այդպես այլանդակ ձևով իրեն պահում այդ քրեական հեղինակությունը ոստիկանությունում։

Որովհետև նա գիտի, որ ինքը յուրայինների մեջ է, որտեղ ուրիշ հարաբերություններ են, որտեղ գողը հեղինակություն է։ 

- Բայց կարծես նախկինում էր այդպես, երբ իշխանության ներկայացուցիչները գողերի հետ նկարվում էին, տարածվում էր դա համացանցով։ 

- Ես ավելին ասեմ, ես անձամբ ներկա եմ եղել, երբ մեր շատ ու շատ ճանաչված արվեստագետներ, չեմ ուզում անուններ ասել, հպարտացել են, որ մտերիմ են եղել այս կամ այն գողական հեղինակության հետ։ Որպես առավելություն են նշել, թե, ա՛յ, էս գողն ինձ հարգում էր։

Պատկերացնո՞ւմ եք։ Այս համակարգը պետք է փոխվի, սա համատարած է։ Տեսեք, թե ինչպես են խոսում մեր երեխաները, ինչպես են առաջ տանում իրենց «ճիշտը»։ Սա մեծ պրոբլեմ է, և միայն մեկ ուղղությամբ՝ Քրեական օրենսգրքի խստացմամբ առաջ գնալը սխալ է կամ բավարար չէ։ Եթե սա չարիք է, ապա այն պետք է շրջապատել բոլոր կողմերից, որ կարողանանք ոչնչացնել։ Իսկ դա նշանակում է կիրառել բոլոր զենքերը, իսկ ամենաուժեղ զենքը մարդու էությունն է, մարդու արժեքային համակարգը։

Մենք կկարողանա՞նք քարոզել դա, քարոզել, որ հանդուրժողականությունն է մեծագույն արժեք, ոչ թե անհանդուրժողականությունը։ Իսկ գողական աշխարհում անհանդուրժողականությունն է ամենամեծ արժեքը։ Իսկ մենք ամեն օր տեսնում ենք տարբեր պետական, կուսակցական գործիչների, թե իշխանության, թե ընդդիմության մեջ, որոնք դրսևորում են անհանդուրժողականություն։ Այսինքն՝ իրենք գտնվում են այդ նույն գողական մշակույթի, այդ արժեքային համակարգի մեջ։ Այդտեղից է պետք սկսել։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am