«Բրիտվայով կտրտում էի ինձ, քանի որ ոչ մեկ ինձ չէր հասկանում, չէի ուզում ապրել». դեռահասների ինքնավնասման դեպքերն ավելացել են

05-09-2019
«Բրիտվայով կտրտում էի ինձ, քանի որ ոչ մեկ ինձ չէր հասկանում, չէի ուզում ապրել». դեռահասների ինքնավնասման դեպքերն ավելացել են

14-ամյա Տիգրանի ծնողները ծանր կացության մեջ են հայտնվել. որդին հերթական անգամ ածելիով բերանի խոռոչն է վնասել: «Ածելին պահում է բերանի մեջ, վնասում է իրեն լեզվի շարժումներով, թեթև կտրտում նաև շրթունքները և պահանջում, որ իրեն չկպնեն»,- ասում է Տիգրանի մայրը։ 

Որդու վարքային նման ծայրահեղ փոփոխությունները Տիգրանի մորը՝ Անահիտին, ստիպել են դիմել հոգեբույժի։ Մասնագետը խոսել է երեխայի հետ և ախտորոշել՝ խնդիրն առաջացել է ընտանիքում ամուսինների միջև մշտական վեճերի և նույնիսկ՝ բռնության հետևանքով։ 

«Սկզբում չէի հասկանում, որ կարող է լուրջ լինել, մտածում էի՝ սովորական երեխայական քմահաճույքներ են։ Բայց երբ վնասվածքները հաճախակի դարձան, վարքը՝ ագրեսիվ, որոշեցի դիմել հոգեբանի»,- ասում է մայրը։

Այս երևույթը, որը մասնագետներն անվանում են ինքնավնասում, առավել տարածված է դեռահասների շրջանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռահասային տարիքը սահմանում է երեխայի 11 տարին լրանալուն պես մինչև 18 տարեկանը: Վերջին տարիներին տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում դեռահասների ինքնավնասումների դեպքերը շեշտակի ավելացել են։ 

15-ամյա Մարի Խաչատրյանը ևս անցել է ինքնավնասման երկարատև շրջանի միջով։ 

«Բրիտվայով կտրտում էի ինձ, քանի որ ոչ մեկ ինձ չէր հասկանում, չէի ուզում ապրել… վնասում էի ինձ, երբ տխուր էի, երբ ինձ չէին հասկանում, երբ բարկանում էի... ինձ տգեղ ու միայնակ էի զգում,- ասում է նա: - Հիմա ձեռքերիս վրայի սպիներն են հիշեցնում այդ ծանր շրջանը։ Երբեմն շատ եմ ամաչում։ Եթե հոգեբանի մոտ չգնայինք, չգիտեմ՝ հիմա ինչ կլիներ ինձ հետ»։

Հոգեբույժ Արամ Հովսեփյանը ևս նշում է, որ վերջին տարիներին դեռահասների շրջանում ինքնավնասման դեպքերն ավելացել են։ 

«Դեպքերը հաճախակի են դարձել: Հիմնական պատճառը սոցցանցերի միջոցով ակտիվորեն տարածվող ինֆորմացիան է, երբ երեխաները շատ են տեսնում ֆիլմեր, բլոգային նյութեր, կարդում են ու սկսում են ընդօրինակել»,- «Մեդիալաբին» ասում է նա։ 

Նման խնդիրներով անձանց դիմելիությունը մասնագետների մոտ թեպետ աճել է, այդուհանդերձ, վիճակագրությունն այդ հարցում շռայլ չէ։ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տվյալներով` 2015-ին 15-19 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է 2 դեպք՝ 1 աղջիկ և 1 տղա: 

2016-ին 15-19 տարեկան 1 տղա երեխա է վնասել իրեն, 20-29 տարեկանների շրջանում 8-ն են դիմել այդ քայլին, որից 6-ը՝ տղա: Իսկ ահա 2017-ին 15-19 տարեկանների շրջանում ինքնավնասման 3 դեպք է գրանցվել, և երեքն էլ աղջիկներ են եղել: ԱԱԻ-ից տեղեկացնում են, որ 2018-ի տվյալները դեռ մշակման փուլում են և կհրապարակվեն ավելի ուշ:

Պաշտոնական վիճակագրությունը, սակայն, չի ներկայացնում դեռահասների շրջանում ինքնավնասման դեպքերի իրական պատկերը, քանի որ ծնողները նախընտրում են ավելորդ գլխացավանք չունենալ, չեն դիմում բժիշկների, իրավապահները մնում են անհաղորդ, և արդյունքում այդ դեպքերն այդպես էլ չեն դառնում վիճակագրություն։ 

«Երբ առաջին անգամ տեսա աղջկաս դաստակները, անզորությունից չէի կարողանում նույնիսկ լաց լինել, անընդհատ այդ հարցն էր մտքումս՝ ինչո՛ւ, ինչո՛ւ, ինչո՛ւ։ Երկու դաստակներն էլ ներսի կողմից ածելիով կտրտած էին, երևում էին թարմ վերքերը։ Ես էլ չէի հասկանում, թե շոգ եղանակին ինչո՛ւ է երկարաթև շապիկներ հագնում։ Հարցերիս այդպես էլ չպատասխանեց, գլուխը կախ կանգնել էր։ Չեմ կարող բացատրել զգացողություններս»,- «Մեդիալաբին» պատմում է 41-ամյա Մարինե Ավագյանը։

Կինը նշում է, որ այդ պահին իրավապահներին դիմելու ոչ ցանկություն է ունեցել ու ոչ էլ ժամանակ, քանի որ չի ուզել, որ 13-ամյա աղջիկը հայտնվի ոստիկանական գրանցամատյաններում, և նաև անիմաստ է համարել օրերով բացատրություններ տալ և փաստաթղթեր լրացնել։ 

«Մենք ընտանեկան խնդիրներ չունեինք, թվում է՝ առիթ չկար նման ծայրահեղ քայլերի, բայց ինքնավնասումները շարունակվում էին։ Խոսեցի աղջկաս հետ, փորձում էի հասկանալ՝ ինչու է ձեռքերը վնասում։ Բայց նա խուսափում էր, ես չպնդեցի, հետո սկսեցի ուսումնասիրել դեռահասության տարիքը ու հասկացա, որ պետք է դիմել մասնագետի»,- ասում է մայրը։

Ինքնավնասման ամենատարածված ձևերը, ըստ մասնագետների, մի քանիսն են՝ ածելիով մարմնի տարբեր հատվածներում մանր, երբեմն էլ խոր կտրվածքները։ Հիմնականում վնասվածքներ հասցնում են դաստակներին կամ ազդրերին։ 

Դրանք լինում են տարբեր՝ մակերեսայինից մինչև շատ խորը, բազմակի, եզակի, ձեռքի տակ ընկած կամ նախապես պատրաստված ինչ-որ առարկաներով։ Ինքնավնասման տարածված ձևերից են նաև այրվածքները, երբ լուցկիով կամ կրակայրիչով են դրանք արվում։ 

Նաև քորելը, փորելը, վերքեր առաջացնելը։ Մասնագետներն այս շարքում առանձնացնում են նաև կպչուն-սևեռուն խանգարումները, երբ, ասենք, երեխան սկսում է մազերը պոկել, քորել երկար, պզուկները վերք դարձնել և այլն։ Հատկանշական է, որ նրանք այդ քայլին գնում են գիտակցված և գիտակցված էլ հագուստի տակ թաքցնում են մարմնի վնասված հատվածները։ Լինում են դեպքեր, երբ դեռահասները փորձում են վնասել իրենց՝ տարբեր հաբեր խմելով։

Իրավապահ մարմինների գրանցամատյաններում ինքնավնասման դեպքերը, եթե իրենց հայտնի են դառնում, գրանցվում են որպես ինքնասպանության փորձ: 

Դեռահասների շրջանում ինքնավնասումների թվի շեշտակի աճը աշխարհի տարբեր կետերում տարաբնույթ ուսումնասիրությունների առիթ է հանդիսացել։ Ապացուցված է, որ այս քայլին առավել հաճախ դիմում են աղջիկները։ Համացանցում «Մտերիմներ» անվանումով խաղ կա, որը ծնողների համար է և հնարավորություն է տալիս հասկանալու դեռահասներին և օգնում խուսափելու սուիցիդալ մտադրություններից։ Այստեղ արտահայտված են դեռահասների հետ հարաբերությունների օրինակներ, երբ ծնողի հարցերին դեռահասի տված պատասխաններին զուգահեռ հնարավոր է տեսնել հոգեբան մասնագետի մեկնաբանությունը։

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ասում է՝ երեխայի կողմից երակները կտրելու փորձերը կամ իրեն վնասելուն ուղղված քայլերը իրավապահների կողմից դիտվում են որպես ինքնասպանության փորձ և հենց այդպես էլ հաշվառվում: 

«Քրեական օրենսգրքում ինքնասպանության փորձի հոդվածը 110-րդ հոդվածն է, այդ հոդվածով նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում ու ուղարկվում քննչական կոմիտե, որտեղ էլ հարուցվում է քրեական գործ: Այդ նույն երեխաները, որ այդ քայլից հետո ողջ են մնում, դա ինքնասպանության փորձ է որակվում», -«Մեդիալաբին» ասում է Նելլի Դուրյանը:

Չնայած բոլորին չէ, որ հասանելի է նման ծառայությունները, սակայն, գերակշռող դեպքերում ծնողները խնդրի լուծման ճանապարհը տեսնում են հոգեթերապևտին, հոգեբույժին դիմելը։ Այլ մարմիններին դիմելը շատերը համարում են ավելորդ։ 

Հոգեբույժ Արամ Հովսեփյանը, սակայն, ընդգծում է՝ ինքնավնասումներն ու ինքնասպանությունները տարբեր երևույթներ են: Բայց, նրա խոսքով, երբեք չպետք է բացառել, որ մեկը կհանգեցնի մյուսին։ 

«Ցավոք, այնպես չէ, որ ինքնավնասման գնացած անձը չի գնա ինքնասպանության։ Այսինքն՝ այդ սահմանն անցնելը իջեցնում է զգայունությունը ու մի քայլ է, որն անցնելիս անձի համար հեշտ կլինի ինքնասպանություն գործելը: Իհարկե, դեպքերի մեծ մասը երբեք չի բերում սուիցիդալ քայլերի, բայց երբեք չպետք է հանգիստ լինել։ Լուրջ պետք է ընդունել ինքնավնասման երևույթը»,- ասում է Հովսեփյանը։

Ինքնավնասման դեռահասները գնում են տարբեր պատճառներով՝ համացանցից, հատկապես սոցիալական ցանցերից, ստանում են անսպառ ինֆորմացիա, կարդում ու ընդօրինակում, երբեմն այդ քայլով փորձում են ծնողներին կամ սիրելի որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել, հաճախ՝ հատկապես աղջիկ երեխաները, ինքնավնասման են դիմում գեր կամ նիհար լինելու պատճառով։ 

«Երեխան տեսնում է, որ գեր է կամ նիհար, նրա մոտ սկսվում են վարքի խանգարումներ, և նա ինքն իրեն սկսում է պատժել այն բանի համար, որ իր սննդային ռեժիմը խախտվել է։ Որոշում է, որ, ենթադրենք, պետք է չուտի, ու երբ խախտում է սեփական պայմանը, ուտելուց հետո ինքն իրեն վնասում է՝ իրեն պատժելու համար։ Դա շատ տարածված երևույթ է աշխարհում և նաև՝ Հայաստանում»,- ասում է հոգեբույժը։

Մասնագետներն առանձնացնում են սոցիալական ցանցերում տարածում գտած որոշ խաղեր, ինտերնետային հավելվածներ, որոնք խաղարկային ձևերով դեռահասներին դրդել են ինքնավնասման, նույնիսկ՝ ինքնասպանության: Սակայն եթե Ռուսաստանում այդ խաղերի հետևանքով ինքնասպանության դեպքեր եղել են, ապա Հայաստանում, Արամ Հովսեփյանի խոսքով, բանը դրան չի հասել: 

ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ Գայանե Ղազարյանը մատնանշում է «Սինիյ կիտ» («Կապույտ կետ») ինտերակտիվ խաղը, որը մեթոդաբար, քայլ առ քայլ երեխային հասցնում է ինչ-որ կետի, որի ժամանակ երեխան կատարում է ինքնավնասում, իսկ վերջնական քայլը դառնում է ինքնասպանությունը։ «Հայաստանում նման բան չի եղել, բայց Ռուսաստանում օրինակներ կան»,- ասում է մասնագետը։

«Պետք է հասկանալ, որ սա բացարձակ ցուցադրական վարք չէ։ Դեպքերի մեծ մասը ցույց է տվել, որ երեխան ունի խնդիր, դրա համար է այդ քայլին դիմել։ Մենք չենք կարող նրան ասել՝ ձևեր մի թափիր կամ նման բան մի արա։ Ինքնավնասումը որոշակի սահման անցնել է, և եթե նա անցնում է այդ սահմանը, ինքնապահպանման բնազդն անցնում է։ Իսկ դա խոսում է այն մասին, որ կա բավական լուրջ խնդիր»,- բացատրում է հոգեբույժ Արամ Հովսեփյանը:

Էմոցիոնալ անկայունությունը ևս կարող է ինքնավնասման պատճառ լինել։ Հոգեբույժի խոսքով, երեխան կարող է լիարժեք ապրել, սովորել, շփվել, բայց ինչ-որ պահերի լինում են անկայուն ու դժվար են վերահսկում զգացմունքները։ 

15-ամյա Աննան չորս տարի շարունակ գրեթե ամեն օր մարմնի տարբեր չերևացող հատվածներում սուր կտրող-ծակող գործիքով կտրվածքներ է արել: Մայրը՝ Շահանեն, ասում է՝ իրենց համար դժվար էր պարզել խնդիրը։ Երեխայի հետ զրույցները արդյունք չեն տվել։ Ծանոթների հետ քննարկումների արդյունքում որոշել են դիմել հոգեբանների։ Մասնագետի հետ շփումներից պարզել են, որ երբ երեխան պարզապես տխուր է եղել, չի կարողացել արտասվել և դիմել է ինքնավնասման՝ որպեսզի կարողանա լաց լինել: 

«Հոգեբանների հետ աշխատեցինք, և մեզ համար հասկանալի դարձավ, որ պետք է պարզապես երեխային թույլ տալ լաց լինել, սուր չարձագանքել դրան, չզսպել լացը: Երեխան ասել է՝ ցավեցրել է ինքն իրեն, որպեսզի կարողանա լացել: Երկու ամիս հոգեբաններն աշխատեցին, ու մենք հասկացանք, որ երեխան էմոցիաները պետք է արտահայտի, ու այլ կերպ սկսեցինք վերաբերվել նրա լացին։ Դեռահասությունը շատ բարդ շրջան է, և պետք է շատ զգույշ լինել երեխաների հետ»,- ասում է Աննայի մայրը:

Ընտանեկան և, առհասարակ, ցանկացած տեսակի բռնություն նույնպես դեռահասների շրջանում առաջացնում է ինքնավնասման ցանկություն: 

«Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ ընտանեկան կամ սեռական բռնության ենթարկված երեխաներն են գնում իրենց վնասելու քայլին: Այս դեպքում նրանց բոլոր զգացումները միախառնվում են՝ մեղքի զգացում, ինքնագնահատականի անկում և այլն»,- բացատրում է Արամ Հովսեփյանը։

Հայաստանում դեռահասների շրջանում վարքագծի ազգային հետազոտություն անցկացվում է 4 տարին մեկ: Վերջին հետազոտությունը կատարվել է 2017-2018 թվականներին, որը պատրաստ կլինի այս տարվա հոկտեմբերին: 2013-2014 թթ. հետազոտության մեջ դեռահասների ինքնավնասման դեպքերի մասին որևէ տեղեկություն չկա: 

«Մենք դիտարկել ենք դեռահասների վարքի խանգարման երևույթները, բայց ինքնավնասման վերաբերյալ հարցեր չենք տվել հետազոտության ընթացքում, թեպետ այդ խնդիրը իսկապես լուրջ է: Միգուցե մյուս հետազոտության մեջ կընդգրկենք այդ խնդիրը, բայց հետազոտությունն անցկացնելու պահին այդ հարցն ակտուալ չի եղել»,- «Մեդիալաբին» ասում է դեռահասային առողջության մասնագետ, «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014 թթ. ազգային հետազոտության վերլուծության» հեղինակներից Մարինա Մելքումովան:

Ազգային հետազոտությունը, նրա խոսքով, կատարվում է ԱՀԿ-ի սահմանած չափորոշիչներով և հիմք է առողջապահության և կրթության ոլորտների պատասխանատուների համար:

Հոգեբույժ Արամ Հովսեփյանն ասում է՝ որպես կանոն, այն պահին, երբ ծնողը հասկանում է, որ պետք է դիմել մասնագետի, արդեն վաղուց անցած է լինում, հետևաբար երեխայի հետ կատարվող ցանկացած փոփոխության դեպքում անհրաժեշտ է դիմել հոգեբանի։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, ծնողները կարող են պահը բաց թողնել։ 

«Պետք չէ ամաչել հոգեբանին դիմելուց։ Ծնողը չպետք է կարևորի իր ամոթը, քան երեխայի կարիքներ հոգալը: Ծնողը նաև պետք է հասկանա՝ կա մասնագիտական օգնություն, որը ոչ մասնագետը երբեք չի կարող ցուցաբերել: Այսինքն՝ չպետք է մտածել, որ իրենք կամ ընկերները, հարազատները կարող են լուծել երեխայի հոգեբանական խնդիրները։ Ինչքան էլ երեխան ծնողին վստահի, նրա հետ կիսվի, մի բան պահում է»,- նշում է նա:

«Դեռահասության տարիքը կոնֆլիկտային տարիք է»,- հավելում է Գայանե Ղազարյանը։

Հայաստանում, սակայն, ըստ դոցենտի, ծնողներն անտեսում են իրենց երեխաների խնդիրները ու չեն դիմում մասնագետի։ 

«Մեզ մոտ սովորաբար ծնողներն ամբողջ օրն աշխատում են, հոգնած գալիս են տուն ու ապահովում միայն ֆորմալ մասը, բայց խորքային խնդիրը մնում է, քանի որ չեն նստում, անկեղծ խոսում երեխայի հետ։ Եթե նման միջավայր չկա, ապա երեխան սկսում է գտնել իր տեսանկյունից խնդրի լուծումը՝ դիմել տարբեր տեսակի քայլերի», -նշում է Գայանե Ղազարյանը։

Նա ծնողներին հորդորում է երեխայի վարքի մեջ կտրուկ փոփոխություններ նկատելիս անպայման և անհապաղ դիմել մասնագետների, մասնավորապես՝ հոգեբանի օգնությանը։ 

«Միանշանակ խորքային խնդիրների դեպքում պետք է դիմել մասնագետներին»,- ասում է Գայանե Ղազարյանը։

Մարինե Ավագյանը ևս համոզված է, որ կարևոր են արագ կողմնորոշվելը և ճիշտ մասնագետին դիմելը։ Նա նշում է, որ մի քանի մասնագետների դիմելուց հետո ի վերջո կարողացել է որակյալ հոգեբանի դիմել։ 

«Շատ բարդ էր... սակայն երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե ինչ հսկայական փոփոխություններ կան, և ինչպես հնարավոր եղավ հաղթահարել այն բարդությունները, որոնց մենք բախվեցինք։ Այսօր աղջիկս շատ է ափսոսում, որ ինքնավնասել է իրեն, քանի որ դաստակներին մնացել են հետքեր, որոնցից ամաչում է, սակայն, եթե ժամանակին չդիմեինք մասնագետի, չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ այսօր,- ասում է նա՝ հավելելով,- թեև հասկանում եմ, որ մասնագիտական օգնության դիմելը նաև կարող է շատերի համար անհասանելի լինել, քանի որ դա ենթադրում է ժամանակի, միջոցների և ժամանակի ներդրում։ Բայց նաև պետք է հասկանալ, որ հապաղելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»։

Հերոսների անունները փոխված են։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am