Դիտորդների խմբի կարծիքը Քրեական օրենսգրքում լրացուներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

09-09-2019
219 դիտում
Դիտորդների խմբի կարծիքը Քրեական օրենսգրքում լրացուներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Վերջինս, ըստ բնութագրի, հնարավորություն կստեղծի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական միջավայր երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:

Ողջունելով ՀՀ արդարադատության նախարարության պատրաստակամությունը նշյալ խնդրի առնչությամբ պայքար մղելու ուղղությամբ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը նեկայացնում է իր դիրքորոշումն ու նկատառումները նախագծի վերաբերյալ:

Խումբը գտնում է, որ վերոնշյալ հարցը քրեակատարղական համակարգի ամենից արմատական և խնդրահարույց տարրերից մեկն է, և, այս առումով, ավելի նախընտրելի կլիներ շահագրգիռ կողմերին՝ ներառյալ Խմբին, հնարավորություն տալ մասնակցել նախագծի պատրաստման նախնական փուլերին և այդ փուլից սկսած ներկայացնել իր մոտեցումները:

Այս առումով, միայն օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախատեսելը, Խմբի կարծիքով, դեռևս բավարար չէ, քանի որ քրեական մշակույթի դեմ պայքարը պահանջում է նաև այլ քայլեր: Մասնավորապես, անհրաժեշտ է պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց համար ուժեղացնել սոցիալական վերականգնողական ծառայությունները, ներդնել ռիսկերի և կարիքների գնահատման գործուն և արդյունավետ մեխանիզմներ, վերանայել ՔԿՀ-ների կադրային քաղաքականությունը և այլն: Թվարկած քայլերի առնչությամբ Խումբը արդեն իսկ հանդես է եկել առավել մանրամասն առաջարկներով /«Խումբը հանդես է եկել քրեակատարողական համակարգում առկա քրեական ենթամշակույթի խնդրի լուծման առաջարկներով»/: 

Անդրադառնալով բուն նախագծին և դրա դրույթներին՝ պետք է նշել հետևյալը՝Նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 223.1-223.3 հոդվածները լրացվում են: Ըստ փոփոխության՝ 223.1 հոդվածով նախատեսվում է Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը: Խմբի դիտարկմամբ՝ հոդվածը և հանցագործության տեսակի սահմանումը ինքնին բավականին լայն է և խնդրահարույց՝ որոշակիության և իրավակիրառ պրակտիկայում արդյունավետ կիրառման տեսանկյունից: Արդյունավետ կիրառելիություն ապահովելու համար առաջարկվում է դրույթները սահմանել առավել կոնկրետ, տալ հոդվածի որակման ենթակա յուրաքանչյուր եզրույթի մանրամասն բացատրությունը:

Նույն հոդվածի 4-րդ մասով տրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի սահմանումը, ինչը կրկին խնդրահարույց է, քանի որ բացակայում են որակման համար կոնկրետ պահանջներն ու չափանիշները: Նկարագրությունը, որը տրված է հոդվածի 4-րդ մասով, չնայած օրենսդրական մակարդակում ստացել է հարուստ նկարագրություն, սակայն պրակտիկ կրառելիության տեսանկյունից զուրկ է որոշակիությունից և կհանգեցնի տարընթարցման:

Նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ «Իր կողմից քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնած և քրեական միջավայրի կողմից կատարված հանցանքի բացահայտմանը կամ կանխմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»: Նման կարգավորումը առավել ամբողջական դարձնելու նպատակով առաջարկում ենք նախատեսել հայտնելու վերաբերյալ հստակ ժամկետներն ու դրա օբյեկտիվության գնահատման չափանիշները:

Իրավական որոշակիության խնդիր նկատելի է նաև նախագծի 223.2 և 223.3 հոդվածներով նախատեսված՝ «Քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը» և «Քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը» հանցակազմերի առնչությամբ: Իրավական որոշակիության խնդիրը բացատրվում է նրանով, որ նախագծով այս դրույթներին տրված է տարածական սահմանում, ինչը, օրինակ, պրակտիկայում քննիչների կողմից կիրառելիս հնարավոր է բարդությունների տեղիք տա:

ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արձանագրվածի առնչությամբ Խումբը գտնում է, որ քրեական մշակույթի դեմ պայքարը պետք է լինի համալիր՝ ներառելով ինչպես օրենսդրական կարգավորումները, այնպես էլ պրակտիկայում պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը, մանավորապես՝

պատժողական քաղաքականության անցում վերականգնողականի,
սոցիալական վերականգնողական ծառայությունների ուժեղացում,
կադրային քաղաքականության փոփոխություն,
պատժից ազատման ինստիուտների պրակտիկ գործունեության բարելավում և այլն,
նախագծի վերաբերյալ հանրային քննարկման կազմակերպում՝ քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների, նմանատիպ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինների և շահագրգիռ այլ մասնակիցների մասնակցությամբ: