«Ճիշտ տեղը ոչ թե ծրագրեր փոխելն է կամ աշխատավարձ բարձրացնելը, այլ կրթության իմաստը գտնելը». Սերոբ Խաչատրյան

09-09-2019
908 դիտում
«Ճիշտ տեղը ոչ թե ծրագրեր փոխելն է կամ աշխատավարձ բարձրացնելը, այլ կրթության իմաստը գտնելը». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը

- Պարոն Խաչատրյան, օրերս Կառավարությունը գումար հատկացրեց՝ այս տարվա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնելու նպատակով։ Ի՞նչ կարող է փոխել ոլորտում այս փոքր չափերով բարձրացումը։

- Երկար տարիներ ուսուցիչների աշխատավարձը չէր բարձրացել, բայց այս բարձրացումը շատ բան չի փոխի, որովհետև սա կարծես փոքր ինդեքսացիայի պես մի բան է, նախորդ տարիների կյանքի թանկացման փոքրիկ փոխհատուցում։ Այս բարձրացումն ինչ-որ առումով նաև անխուսափելի էր, ինչո՞ւ, որովհետև Հայաստանի դպրոցներում վերջին երկու տարիներին աշակերտների թիվն ավելացել էր։ Իսկ Հայաստանում, ինչպես գիտեք, ֆինանսավորումն աշակերտների թվով է։

Մենք ունենք մոտավորապես 20-30 հազար աշակերտի ավելացում։ Եվ, բնականաբար, բյուջեից դպրոցներին այսպես թե այնպես պետք է շատ գումար հատկացվեր։ Եվ ճիշտ կլիներ այդ գումարն ուղղորդել աշխատավարձերի բարձրացմանը։ Բայց շատ ճիշտ կլիներ, եթե բարձրացնեին ոչ միայն ուսուցիչների, այլև դպրոցի մյուս աշխատողների աշխատավարձերը՝ ուսմասվարներ, տնօրեն։ Հայաստանում տնօրենների բազային աշխատավարձը բավական ցածր է, ընդամենը՝ 150 հազար դրամ։

Այնտեղ այլ աշխատողներ էլ կան՝ տեխնիկական, վարչական։ Եթե մեկ հիմնարկում աշխատակիցների մի մասի աշխատավարձերը բարձրացնում ես, մյուսներինը չես բարձրացնում, դա ինչ-որ իմաստով նեգատիվ ազդեցություն է ունենում։

Եթե այս գործընթացը շարունակական լինի, յուրաքանչյուր տարի գոնե 10 տոկոսով բարձրացում լինի, կամաց-կամաց դա կսկսի որոշակի դրական էֆեկտ տալ։ Բայց այս փուլում ոչինչ չի փոխի։

- Որքանո՞վ կարող ենք կապել աշխատավարձերի բարձրացումը որակի բարձրացման հետ։ Վարչապետն ասաց, որ պետք է մեխանիզմներ ստեղծել, որպեսզի աշխատավարձերի բարձրացման ֆոնին նաև որակ ապահովվի։

- Հիմա բոլորը խոսում են որակի մասին, բայց, իմ կարծիքով, կրթության հիմնական պրոբլեմը որակը չէ, իմաստն է։ Այսինքն՝ Հայաստանում կրթությունը աշակերտների և ուսանողների մեծ մասի համար իմաստազուրկ գործունեություն է։ Եվ դա հեշտ է նկատել, դպրոցների բարձր դասարաններում ու բուհերում հաճախումների վիճակը վատ է, բացակայությունները շատ են։

Իսկ ինչո՞ւ են մարդիկ բացակայում, որովհետև սովորելու իմաստը չեն հասկանում։ Մինչև դուք իմաստ չդնեք կրթության մեջ, այդ որակը, չգիտեմ ինչը՝ ձևական բառեր են։ Նախ եկեք երեխաներին և ուսանողներին բերենք դպրոցներ ու համալսարաններ, նրանց մեջ սովորելու ձգտումը զարգացնենք, հետո նոր մտածենք որակի, ծրագրերի ու դասագրքերի մասին։ Այն կրթությունը, որն այսօր մենք ունենք, նախատեսված է սովորողների 20 տոկոսի համար։ Մնացած 80 տոկոսն իսկապես ժամանակ է վատնում։

- Ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրում չկա՞ ձեր մատնանշած խնդրի լուծումը։

- Ոչ։ Ես մեկ պատմություն պատմեմ, որպեսզի ավելի պատկերավոր ցույց տամ, թե ինչ խնդիր ունենք։ Խուլ գյուղերից մեկի փողոցում մի մարդ մեքենայով մոլորվում է։ Մի գյուղացու է տեսնում, հարցնում է՝ կներեք, ես ո՞նց հասնեմ մայրաքաղաք։ Այդ գյուղացին ասում է՝ ճիշտ կլիներ նախ հարցնեք՝ ինչպե՞ս դուրս գամ մայրուղի, հետո նոր մայրաքաղաք հասնելու մասին հարցրեք։

Հիմա նույն վիճակը մեր կրթության ոլորտում է։ Նախ եկեք մենք դուրս գանք մայրուղի, հետո նոր մտածենք ծրագրեր փոխելու և այլ հարցերի մասին։ Այսինքն՝ այս պատճառով մեզ մոտ կրթական բարեփոխումները կարող են արդյունք չտալ, որովհետև մենք ճիշտ տեղից պետք է սկսենք։

Իսկ ճիշտ տեղը ոչ թե ծրագրեր փոխելն է կամ աշխատավարձ բարձրացնելը, այլ կրթության իմաստը գտնելը։ Մենք պետք է աշխատենք ծնողների, երեխաների հետ, այլ ոլորտի ներկայացուցիչների հետ, որ իրենք օգնեն մեզ, կարողանանք երեխաների մեջ սովորելու ձգտումը զարգացնել, որ նրանք հավատան կրթությանը։ Մարդիկ այսօր կրթությանը չեն հավատում։ Կրթությունը նրանց համար դիպլոմ ու ատեստատ ստանալու տեղ է։ Այս իրավիճակում որակի մասին խոսելը կեղծ բան է։

- Որտեղի՞ց է գալիս այդ խնդիրը։

- Այսօր Հայաստանում գյուղում գտնվող դպրոցը երկրորդական ու երրորդական ինստիտուտ է։ Երբ ծնողը գալիս ու ասում է՝ կլինի՞ իմ երեխան դպրոց չգա, գնա խաղող հավաքելու, որպեսզի կարողանամ դասագրքերի փողը տամ, հագուստ գնեմ, դպրոցի տնօրենը չի կարող ոչ ասել։ Եթե նման բան ասի, այդ ծնողները հաստատ երեխային չեն ուղարկելու դպրոց, և կոնֆլիկտ է առաջանալու։ Այսինքն՝ այսօր գյուղում դպրոցը ստիպված հարմարվում է մարդկանց քմահաճույքներին, անձնական, ընտանեկան խնդիրներին։ Երեխան դասի չի գնում, աշխատում է, կամ ծնողները Ռուսաստանում են, երեխան մի երկու ամիս շուտ է դպրոցից դուրս գալիս, գնում է Ռուսաստան։

Դեպքեր են եղել, որ երեխան ընդհանրապես Հայաստանում չէ, բայց անունը մատյանում կա։ Այսպիսի խնդիրներ կան, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում կրթությունը ծառայում է բոլորին, ընտանիքի, բիզնեսի շահերին, երեխայի անձնական շահերին, բայց ոչ մի բան կրթությանը չի ծառայում։ Մարդիկ չեն զոհաբերում ոչինչ հանուն կրթության։ Ծնողը չի ասում՝ ոչինչ, իմ երեխան թող խաղող չհավաքի, գնա ֆիզիկա կամ մաթեմատիկա սովորի։

Նա ասում է՝ ինչի՞ս են պետք ֆիզիկան ու մաթեմատիկան, ավելի լավ չէ՞, որ երեխան գնա խաղող հավաքի ու 5000 դրամ ստանա։ Կամ՝ երեխան գիտելիք չունի, ծնողը պահանջում է, որ նրան 9 նշանակեն։ Այսինքն՝ ինքը չի հասկանում, որ եթե գիտելիքը չկա, 9 ստանալու իմաստը որն է։ Վատն այն է, որ բոլոր հարցերում կրթությունը զոհաբերվում է։ Եվ որպեսզի այս իրականությունը մենք թաքցնենք, կեղծ ճառեր ենք ասում կրթության մասին։ Բայց այդ ամենը իրականությունը թաքցնելու խոսքեր են զուտ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am