Հայկական Վերածնունդի հայտարարությունը Սասնա Ծռերի և Փաշինյանի հանդիպման մասին

10-09-2019
134 դիտում
Հայկական Վերածնունդի հայտարարությունը Սասնա Ծռերի և Փաշինյանի հանդիպման մասին

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ողջունում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ և հույս հայտնում, որ նման հանդիպումները կշարունակվեն և կվերածվեն համագործակցության՝ հանուն Հայաստանի զարգացման և պետականության ամրապնդման:

«Սասնա Ծռեր» կուսակցությունը իր մեջ համախմբում է հայրենիքի նվիրյալների, ովքեր հայտնի են նախկին ռեժիմի դեմ պայքարում ցուցաբերած իրենց անձնազոհությամբ և սկզբունքայնությամբ, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ առանձնահատուկ նվիրվածությամբ: Հուսով ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համագործակցության եզրեր կգտնի «Սասնա Ծռեր» կուսակցության հետ:

Նման համագործակցությունը նոր շունչ և եռանդ կհաղորդի երկրում տեղի ունեցող հեղափոխական գործընթացներին, կխթանի արդարադատության հաստատմանը և կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև երկրի անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանը:

Հայրենիքում թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ժողովրդավարական հսկայական առաջընթացը վայելում է սփյուռքահայության լիակատար օժանդակությունը: Ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ սփյուռքը կտրականապես դեմ են նախկին ռեժիմի փորձերին՝ խուսափել արդարադատությունից և ինչ որ կերպ վերադարձնել հին կարգերը:

«Հայկական Վերածնունդը» ողջ սփյուռքի հետ միասնականորեն մերժում է ժողովրդավարությունից նահանջելու ցանկացած փորձ և պատրաստակամ է օժանդակել և համագործակցել ՀՀ իշխանությունների և բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ջանք չեն խնայում ապահովել Հայաստանի կայուն ժողովրդավարական զարգացումը:

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպություն

Նյու Յորք, Սասուն Քոսյան