Աղբահանության հարցը առաջիկա ամսում կտրուկ կբարելավվի

10-09-2019
155 դիտում
Աղբահանության հարցը առաջիկա ամսում կտրուկ կբարելավվի

Երևան քաղաքում աղբահանության հարցը լուծված է շնորհիվ ստեղծված «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Աղբահանության խնդիրն արդեն լուծված է և առաջիկա ամսում կտրուկ կլավանա: Աղբը դեռ ամբողջությամբ հավաքված չէ, որովհետեւ այս պահին քաղաքում կան «Սանիթեք»-ի մեղքով կուտակված աղբակույտեր: Ստեղծվել է համայնքային հիմնարկը, որը արագ տեմպերով կլրացնի այդ բացը, և մենք կմտնենք բնականոն կյանք»,- նշեց Մարությանը:

Նրա խոսքով՝ «Սանիթեքը» պայմանագիրը ստորագրելուց 14 ամիս հետո նոր սկսել է աշխատել, իսկ Երևանի քաղաքապետարանն ընդամենը 5 մեքենա ձեռք բերելուց հետո է սկսել աշխատել:

Երևանի քաղաքապետարանը սկզբում ձեռք է բերել 5 աղբահավաք մեքենա, այնուհետև՝ ևս 5, և այդ ընթացքում աշխատանքները չեն դադարեցվել: 10 մեքենա ձեռք բերելուց հետո «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը համալրվել է 8 մեքենայով, ինչից հետո օրեր առաջ բերվել է ևս 8 մեքենա:

«Ես թույլ չեմ տա, որ Երևան քաղաքն առնչվի այսպիսի խնդրի հետ, ինչի համար այժմ աշխատանքներ են տարվում հատուկ համակարգ կառուցելու ուղղությամբ։ Երևանում աղբահանության հարցը առաջիկա ամսում կտրուկ կբարելավվի»,-ասաց Մարությանը: