Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

11-09-2019
115 դիտում
Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

Սեպտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Զրուցակիցները համակարծիք էին, որ այս այցը լավ հնարավորություն է՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջև խաղաղության ու անվտանգության գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ։ 

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը բարձր գնահատեցին ԱՄՆ-Հայաստան շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու իր ներդրումը խաղաղության պահպանման և մարդասիրական գործողությունների միջազգային ջանքերում:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգության առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Այդ առնչությամբ նաև բարձր գնահատվեց ԱՄՆ-ի` այլ համանախագահ երկրների հետ միասին գործադրվող ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։