Ոստիկանության օրինագիծը՝ որպես քայլ ընդդեմ ռուսական խտրականության

11-09-2019
138 դիտում
Ոստիկանության օրինագիծը՝ որպես քայլ ընդդեմ ռուսական խտրականության

Սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացվեց մի օրինագիծ, որով փոխադարձաբար արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա վարորդական իրավունքով վարորդ աշխատելը։

Ինչի՞ մասին է խոսքը

Այլ կերպ ասած, համաձայն այս օրինագծի, Հայաստանում չեն կարողանա վարորդ աշխատել, օրինակ՝ տաքսի վարել, այն երկրների վարորդական իրավունք ունեցող անձինք, որտեղ նման արգելք է գործում հայկական վարորդական իրավունքների համար։ Այս հարցը առանձնապես կարևոր է Ռուսաստանի դեպքում։ ՌԴ-ում բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ հայկական վարորդական իրավունքներով աշխատում են որպես վարորդներ, և 2017 թվականից Ռուսաստանում ընդունված օրենքը, փաստացի, զրկում է նրանց այդ հնարավորությունից։

Ինչու՞ են արգելված հայկական վարորդական իրավունքները

Ռուսաստանում ընդունված օրենքը վերաբերում է օտարերկրյա վարորդական իրավունքներին ընդհանրապես, սակայն բացառություն է արված ԵԱՏՄ անդամ այն երկրների համար, որտեղ ռուսերենն ունի պետական կամ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Հայաստանին, ընդ որում, առաջարկվել է ռուսերենին հատուկ կարգավիճակ տալ՝ փոխարենը ստանալով վարորդական իրավունքի առավելություն։ Նման առաջարկությամբ ՀՀ ԱԺ այն ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանին դիմել է ՌԴ պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Առաջարկը, բնականաբար, մերժվել է այն հիմնավորմամբ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն Հայաստանի պետական լեզուն հայերենն է։

Ի՞նչ են անում վարորդները

Չնայած Ռուսաստանում ընդունված օրենսդրական արգելքին, հայկական վարորդական իրավունք ունեցող անձինք ՌԴ-ում շարունակում են վարորդ աշխատել, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կա այդպիսի ներքին պայմանավորվածություն։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ Վերջինիս խոսքով, նման պայմանավորվածություններ ձեռք են բերվում ՀՀ ոստիկանապետի և ՌԴ ներքին գործերի նախարարի միջև։

Ինչպե՞ս է արձագանքում Հայաստանը

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով, Ռուսաստանում ընդունված օրենքը խտրական է Հայաստանի համար և հակասում է Եվրասիական տնտեսական միության մասին օրենքին, որով նման սահմանափակումները, ըստ էության, պետք է վերացվեն։ Քոչարյանի խոսքով, ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև աշխատանքներ են ընթանում խնդիրը լուծելու ուղղությամբ, սակայն կան որոշակի դժվարություններ։

Նախ, ըստ Քոչարյանի, կա խնդրի լուծման երկու եղանակ՝ բազմակողմ և երկկողմ։ Բազմակողմանիի դեպքում պետք է հատուկ կարգավորում ընդունվի ԵԱՏՄ երկրների համար, որպեսզի ազգային վարորդական իրավունքների նկատմամբ սահմանափակումները վերանան։ Այս ճանապարհը, սակայն, խրթին է ու ժամանակատար։ Երկրորդ տարբերակը ռուսական օրենսդրության փոփոխությունն է, որը բացառություն կսահմանի ոչ միայն ԵԱՏՄ մյուս անդամներ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի, այլև Հայաստանի համար։

Այստեղ հարկ է նշել, որ ռուսական օրենքն ընդունվել է ավելի ուշ, քան ԵԱՏՄ մասին պայմանագիրը, այսինքն, Ռուսաստանը, փաստացի, խախտել է ԵԱՏՄ պայմանագիրը, ինչի հետևանքով խտրական իրավիճակում է հայտնվել Հայաստանը։

Դատելով նրանից, որ խնդիրն արդեն բավական երկար ժամանակ չի լուծվում, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանում հակված չեն գնալ ընդառաջ  և կատարել օրենսդրական փոփոխություն՝ բացառություն սահմանելով նաև հայկական վարորդական իրավունքների համար։ Հայաստանը, ի պատասխան, Շավարշ Քոչարյանի՝ փոխարտգործնախարարի միջոցով ահազանգում է խտրական վերաբերմունքի մասին, որից հետո ԱԺ-ում ներկայացվում է Հայաստանում օտարերկրյա վարորդական իրավունքով վարորդ աշխատելը փոխադարձաբար արգելելու մասին օրինագիծը։ Ուշագրավ է, որ ԱԺ-ում օրինագիծը ներկայացնող փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի խոսքով, ռուսական կողմը նախապես տեղյակ է եղել առաջարկվող օրինագծի մասին և համաձայնել է, որ եթե Ռուսաստանում կա արգելք հայկական վարորդական իրավունքների համար, ապա թող Հայաստանում էլ լինի արգելք ռուսական վարորդական իրավունքների համար։

Իսկ հետո՞

Իհարկե, Ռուսաստանի համար ՌԴ վարորդական իրավունքներով Հայաստանում աշխատելու արգելքը լուրջ սահմանափակում չէ, առավել ևս, որ եթե կան նման անձինք, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, հենց ազգությամբ հայեր են։ Այս խնդիրն առանցքային կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, որը, սակայն, ոչ երկկողմանի շփումների, ոչ ԵԱՏՄ շրջանակներում այս ընթացքում չի կարողացել հասնել նրան, որ դաշնակից երկիրը պարզապես հետևի ԵԱՏՄ օրենքին և «զիջի»։

Այս խնդիրը, իրականում, վկայում է այն մասին, որ թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում կան խնդիրներ, իսկ ՀՀ ԱԺ-ում ներկայացված օրինագիծը ավելի շատ դիվանագիտական քայլ է ընդդեմ խտրականության, որի արդյունավետությունը դեռ հարցականի տակ է։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»