ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո

11-09-2019
189 դիտում
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին իրավապահ համագործակցության ԹՊԻՀ ծրագրի ղեկավար, առաջին քարտուղար Մայքլ Շուլմանի և այլ աշխատակիցների ուղեկցությամբ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո:

Այցի ընթացքում Դեսպանին ներկայացվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին կնքված միջկառավարական համաձայնագրի հիման վրա ԹՊԻՀ ծրագրի  շրջանակներում դատափորձագիտական ոլորտի զարգացմանն ուղղված բաղադրիչի հաջող իրագործման արդյունքները, կազմակերպության անցած ուղին և ձեռքբերումները, հիմնական գործառույթները, գործունեության ուղղությունները, ներկայիս կառուցվածքը և այլ մանրամասներ:

Այնուհետև իրականացվել է շրջայց կազմակերպության փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաներով, որի ընթացքում ներկայացվել են ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում կազմակերպությանը նվիրաբերված մի շարք արժեքավոր սարք-սարքավորումների կիրառմամբ դատափորձագիտական բնագավառի, այդ թվում թմրամիջոցների հայտնաբերմանն ուղղված հետազոտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների փորձագիտական հետազոտական հնարավորությունները, ինչպես նաև ծանոթացվել է  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված և Կազմակերպության սեփական միջոցների հաշվին ձեռք բերված  ժամանակակից հետազոտական սարք-սարքավորումային և ապարատածրագրային բազային:

Ընդգծվել է նաև դրանց կիրառման դերն ու նշանակությունը, ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձանց  իրավունքների պաշտպանության շրջանակներում վերջիններիս կողմից պատվիրակվող փորձաքնությունների կատարման, այնպես էլ քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների որոշումների հիման վրա փորձաքննությունների պատշաճ կատարման և հիմնավոր ու արժանահավատ արդյունքների ստացման համար: Առանձնահատուկ կարևորվել է նաև տնտեսական և կոռուպցիոն  բնույթի հանցագործությունների բացահայտմանն ուղղված փորձագիտական ապացուցողական արժեքավոր տվյալների ձեռքբերման հնարավորությունների համալրումը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև միջազգային չափանիշներին դատափորձագիտական գործընթացների համապատասխանեցմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները, առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության կատարելագործման՝ դատափորձագիտական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման կարևորությունը, որի իրականացմանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության նախաձեռնությամբ ներգրավված է նաև  Փորձաքննությունների ազգային բյուրոն:

Դեսպանի հետ հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում, որի ավարտին կազմակերպության տնօրեն Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ  արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ հրավերն ընդունելու և կազմակերպության ողջ անձնակազմին իր այցելության բարձր պատվին արժանացնելու համար, հատուկ ընդգծելով, որ անչափ բարձր է գնահատվում ԱՄՆ կառավարության, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության  և  ԹՊԻՀ ծրագրի դերն ու նշանակությունը մեր երկրում խոշորագույն  առաջատար դատափորձագիտական կառույցի հիմնադրման գործում՝ ի նպաստ մարդու իրավունքների  պաշտպանությանը և հանցավորության դեմ պայքարի  արդյունավետ իրականացմանը, այդ թվում՝ անդրազգային կազմակերպված հանցավորության համարժեք հակազդմանը, քանի որ փորձագիտական ճանապարհով ապացույցների ձեռքբերումն ունի կարևոր նշանակություն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանն աջակցելու, օբյեկտիվ իրականության բացահայտման և արդարադատության իրականացման գործում:

Այցի արդյունքում երկուստեք կարևորվել է արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։