Արսեն Թորոսյանը շրջայց է կատարել Սևանի հոգեկան առողջության կենտրոնում

11-09-2019
215 դիտում
Արսեն Թորոսյանը շրջայց է կատարել Սևանի հոգեկան առողջության կենտրոնում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 11-ին այցելել է առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Սևանի հոգեկան առողջության կենտրոն:

Այցի նպատակը կենտրոնում գործող բաժանմունքների և ծառայությունների որակին ծանոթանալն էր: Այս պահին Սևանի հոգեկան առողջության կենտրոնում գտնվում է 420 պացիենտ:

Շրջելով կենտրոնի տարածքում նախարար Արսեն Թորոսյանը ծանոթացել է հիգիենիկ, սննդի մշակման և պահպանման պայմաններին: Այստեղ սկսել է մշակվել ջերմոցային բանջարեղեն, ինչը պացիենտներին կապահովի օրգանիկ բանջարեղենով, ինչպես նաև վերջիններիս համար որպես զբաղմունք կծառայի:

Նախարարը շեշտել է, որ առանձնակի կարևոր է պացիենտների պահման պայմանների բարելավումը բժշկական անձնակազմի կողմից արժանապատիվ վերաբերմունքը, դեղորայքային ապահովումը, ինչպես նաև հասարակական կյանք վերաինտեգրումը:

«Չկա առողջություն` առանց հոգեկան առողջության», - ասել է Արսեն Թորոսյանը:

Վերջում պացիենտները միջոցառում են կազմակերպել` «Հոգու հնչյուն» խորագրով և մեծ ոգևորությամբ ասմունքել, նվագել ու երգել են:

Նշենք, որ  հոգեկան առողջության պահպանմանն ուղղված բյուջեում հաջորդ տարի նախատեսվում է զգալի աճ` մոտ 200 միլիոն դրամով, տվյալ կենտրոնինը կավելանա` մոտ 54 միլիոն դրամով։

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։