«Քոչարյանը ուզում է փրկվել, թպրտում է, բնական է, որ այդ պայմաններում պետք է փորձի ալիքները խառնել». Սարգիս Քլոյան

13-09-2019
839 դիտում
«Քոչարյանը ուզում է փրկվել, թպրտում է, բնական է, որ այդ պայմաններում պետք է փորձի ալիքները խառնել». Սարգիս Քլոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

- Պարո՛ն Քլոյան, դատարանը հեռացել է խորհրդակցությունների սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։ Ըստ ձեզ՝ դատախազների ներկայացրած իրավական հիմնավորումները բավարա՞ր են, որպեսզի Սահմանադրական դատարանի որոշումը հիմք ընդունելով՝ դատարանը չփոխի նրա խափանման միջոցը։

- Ոչ ոք չգիտի, թե ինչ որոշում կկայացնի դատարանը։ Պետք է սպասենք։ Ներկայացված փաստերը ճիշտ ու արդարացված են, մենք ունենք հոյակապ փաստաբաններ, դատախազներ։ Մենք մեր տեսակետը հնչեցրեցինք, մեր ասածները դատարանում հաստատեցինք, Քոչարյանին հարցեր տվեցինք։ Քոչարյանը պետք է պաշտպանվի, բնական է, դրա համար էր այդպիսի վարք դրսևորում։ Դատարանը մեզ խոսելու շատ իրավունք տվեց, մեզ լսեց։ Պետք է սպասենք ամսի 17-ին, ես միշտ լավատես եմ եղել։

- Ռոբերտ Քոչարյանը դատարանում ասաց, որ զոհերի իրավահաջորդները մոլորության մեջ են, ձեր փաստաբաններին մեղադրեց ձեզ մոլորեցնելու մեջ, ասաց, որ տեղեկատվությանը չեք տիրապետում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

- Ես իր այդ հայտարարություններին ուղիղ պատասխանեցի, ասացի, որ մեզ ոչ ոք չի ուղղորդում, ոչ ոք մեզ դասեր չի տալիս, մենք կրթված մարդիկ ենք, տասը տարի շփվել ենք դատախազների, դատավորների, քննիչների հետ։ Արդեն մենք մեծ իրավաբանական փորձ ենք ձեռք բերել։ Որպես մարտի մեկի ցույցերի մասնակից՝ ես ամեն ինչ իմ աչքով եմ տեսել և ամեն ինչն էլ դատարանում ասել եմ։ Մեկը լինի՝ ինձանից խորհուրդ հարցնի, թե ինչ էր կատարվում մարտի մեկին, էլ ուր մնաց թե ինձ ասեն։

- Նա դատարանում պնդեց, որ Լեոյի փողոցում ցուցարարներ են եղել, նրանց կողմից են կրակոցներ եղել։ Դուք այս վարկածը քանիցս հերքել եք։ Ի՞նչ հիմք ունեն նրանց այդ պնդումները։

- Նրանք ասում են՝ ցուցարարները կրակել են, բայց դա այդպես չէ։ Նա ուզում է մանիպուլացնել, ամեն ինչ խառնել իրար։ Նա ուզում է փրկվել, թպրտում է, չգիտի ինչ անի։ Բնական է, որ այդ պայմաններում պետք է փորձի ալիքները խառնել։ Բայց վերջում արդարությունը պետք է հաղթի։

- Դուք ասում եք, որ մարտի մեկի երեկոյան տարբեր կողմերից կրակում էին, բացառո՞ւմ եք, որ ցուցարարները կրակած լինեն։

- Քաղաքապետարանի տանիքի վրա նստած էին ոստիկանները, իսկ ցուցարարներից շատերը Զաքյան փողոցում էին գտնվում։ Եթե մարդիկ քաղաքապետարանի շենքից կրակոցներ են տեսել, ուրեմն ոստիկաններն են կրակել։ Իսկ նրանք իմացել են, թե ցուցարարներն են կրակել։ Չէ՞ որ ես իրենց բացատրեցի, Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Նիկոյանը բազմիցս ասել է, որ ոչ մի զինվոր, ոչ մի ոստիկան հրազենային ու բեկորային վնասվածք չի ստացել։ Եթե չի ստացել, ուրեմն ցուցարարների ձեռքին զենք չի եղել։ Քննչականն էլ է դա հաստատել, որ ցուցարարի ձեռքին զենք չի եղել։

- Ռոբերտ Քոչարյանը նաև դատարանում հարցադրում արեց, թե ինչո՞ւ եք իրեն մեղադրում «Մարտի մեկը» չբացահայտելու համար։ Նա ասաց, որ ինքն այլևս նախագահ չէր, իրավասու չէր անցած տարիներին «Մարտի մեկը» բացահայտելու հրահանգ տալ, ոչինչ անել չէր կարող։

- Դրա համար էլ ես իրեն հարցրեցի՝ չէ՞ որ դուք Սերժի հետ մի հող ու ջրի մարդ էիք, շատ մտերիմ էիք։ Հնարավո՞ր չէր ասել՝ Սերժ, արի էս «Մարտի մեկի» էջը և՛ բացենք, և՛ փակենք։ Մի երկու «պրապրչիկ» տանենք դատենք, թող էս կեղտն իմ վրայից դուրս գա։ Ինչո՞ւ չդիմեցիր քո ընկերոջը։ Կամ էլ՝ նա կարող էր հրաման չտալ, որ կրակեին ժողովրդի վրա։ Դժվա՞ր էր։

- Նա ասում էր, որ դատարանում ձեր կողքին նստած դատախազները պետք է պատասխանեն հարցին, թե ինչո՞ւ քննություն չի կատարվել այս գործով։

- Կողքիս նստած դատախազը երիտասարդ տղա է, այդ ժամանակ երևի դպրոցական է եղել, նա ո՞նց կարող էր բացահայտել։

- Քոչարյանը շեշտեց, որ առնվազն գլխավոր դատախազը, քննչական մարմինները պետք է պատասխան տան՝ պատշաճ քննություն չիրականացնելու համար։

- Իսկ ինչո՞ւ գլխավոր դատախազը և ոչ թե Աղվան Հովսեփյանը, ով ծածկադմբոց արեց ամբողջ գործերը։ Նա չհետևեց գործին, Սերժ Սարգսյանը չհետևեց, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը ծածկադմբոց արեց գործը։ Այն ժամանակ գլխավոր դատախազն Աղվան Հովսեփյանն է եղել, թող բացահայտեին, 10 տարի ինչո՞վ էին զբաղված։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am