«Եթե իշխանությունը Փաշինյանի քավորին առաջադրեր իշխանության թեկնածու, վերջինս էլ արդար ընտրություններով ընտրվեր, վատ բան ես դրա մեջ չէի տեսնի»․ քաղաքագետ

16-09-2019
«Եթե իշխանությունը Փաշինյանի քավորին առաջադրեր իշխանության թեկնածու, վերջինս էլ արդար ընտրություններով ընտրվեր, վատ բան ես դրա մեջ չէի տեսնի»․ քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի քաղաքագետ Արմեն Վարդանյանը

-Օրերս մամուլում լուրեր հրապարակվեցին այն մասին, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քավորին նշանակում է Իջևանի քաղաքապետ: Դուք հիշեցրել էիք Փաշինյանի խոսքը, թե մեզ մոտ ախպերական մտածելակերպն ավելի խոր արմատներ ունի, քան կրիմինալն ու օլիգարխիան։ Ինի՞ մասին է սա խոսում և ի՞նչ վտանգներ ունի առհասարակ:

- Սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը շատ խոր արմատներ է գցել, և շատ պաշտոններում նշանակումներ անելիս հաշվի են առնում ոչ թե թեկնածուների գիտելիքները, անցած ճանապարհը, կոմպետենտությունը, այլ ծանոթ-բարեկամ լինելը:

Մենք դրա բազմաթիվ դրսևորումներ ենք տեսել նաև այս կառավարության օրոք: Իհարկե նախկին իշխանությունների օրոք դա շատ էր, բայց կային ակնկալիքներ, որ նոր իշխանության ժամանակ այդ երևույթը եթե ոչ ամբողջովին կվերանա, ապա գոնե զգալիորեն կնվազի, բայց մենք տեսնում ենք, որ իշխանությունները մի նոր մարտավարություն են որդեգրել: Ամեն անգամ որևէ քաղաքապետ հրաժարական տալիս իշխանությունն իր ներկայացուցչին նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, և մի քանի ամիս անց, որպես կանոն, այդ պաշտոնյան ընտրվում է արդեն համայնքի ղեկավար: Մենք դրա դրսևորումը տեսանք, օրինակ՝ Էջմիածնում, որտեղ բոլորովին անհայտ մի կին նշանակվեց քաղաքապետի պաշտոնակատար, իսկ հետագայում դարձավ քաղաքապետ:

Շատերի վկայությամբ, նա իշխանության ներսում շատ լուրջ հովանավորներ ունի: Նման էլի դեպքեր եղել են: Սա բացարձակ անընդունելի է, հատկապես ՏԻՄ ընտրությունների դեպքում: Եթե քաղաքական ու հայեցողական պաշտոններում սա ինչ-որ տեղ հասկանալի է, ՏԻՄ ժամանակավոր պաշտոնակատարի դեպքում դա բացարձակապես անընդունելի է, որովհետև բացի նրանից, որ սա նեպոտիզմի դասական օրինակ է, նաև թեկնածուներն են անհավասար մեկնարկային պայմաններում հայտնվում: Այն պաշտոնյան, որը նշանակվում է համայնքի ղեկավար, մի քանի ամիս աշխատելով, առավելություն է ստանում, և վարչական ռեսուրսն ընտրություններում հենց նրա օգտին է աշխատում: Իշխանությունները չպետք է խառնվեն ՏԻՄ-երի գործերին, նրանք պետք է բացարձակապես անկախ լինեն գործադիր իշխանությունից:

Իշխանությունները կարող են միայն թեկնածուներ առաջադրել ընտրությունների ժամանակ, բայց եղել են դեպքեր, երբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար են նշանակվել մարդիկ, որոնք անգամ ճանաչված էլ չեն համայնքում: Օրինակ՝ Նոր Գեղիում պաշտոնակատար էր նշանակվել մի մարդ՝ Կոտայքի մարզպետի դրածոն, որին գյուղացիները չէին ճանաչում: Այս երևույթն անընդունելի է, հատկապես որ տվյալ դեպքում Վահե Ղալումյանի եղբայրը ոչ մի բանով աչքի չի ընկնում Իջևանում:

- Ստացվում է, որ մենք կառավարման համակարգում լրջագույն փոփոխություններ չունեցա՞նք, թեև իշխանությունը պնդում է, որ կոռուպցիա չկա բարձր օղակներում: 

- Սա դասական հովանավորչության ձև է, ինչը ժողովրդավարական երկրներում բացարձակապես անընդունելի է: Մեր իշխանությունները, իհարկե, բավականին շատ դրական բաներ են արել. մենք տեսնում ենք, որ կոռուպցիան է զգալիորեն նվազել, երկրում լայնորեն քաղաքաշինական, ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում, բայց իշխանությունը պետական ինստիտուտների կառուցման հարցում դեռևս որևէ լուրջ քայլ չի արել: Պետական ինստիտուտները դեռևս չեն ամրապնդվել, շարունակում են մնալ իշխանություններից կախված, մենք տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ իշխանությունը փորձում է նաև դատական համակարգն իրեն ենթարկեցնել: Հասարակությունը նախորդ տարի հեղափոխություն կատարեց, որպեսզի նաև նոր որակի պետություն կառուցենք, ոչ թե միայն մի քանի դրական գործեր անենք: Այս ուղղությամբ պետք է շատ լրջորեն մտածել և քայլեր ձեռնարկել:

- Նոր պետություն կառուցելուն ուղղված քայլերն ուշանո՞ւմ են:

- Ոչ մի բան այդ ուղղությամբ չի արվել, բայց եթե հաշվի առնենք, որ 1,5 տարի է նոր իշխանությունը կառավարել, դեռևս մի քանի տարի ունի, ապա ոչինչ կորած չէ: Պետք է շատ լուրջ հայեցակարգ մշակվի, որպեսզի պետական ինստիտուտները կայանան, իշխանությունը չխառնվի ՏԻՄ-երի, դատական համակարգի գործերին, այսինքն՝ այնտեղ, որտեղ այդ ինստիտուտները անկախություն պետք է պահպանեն: Իշխանությունը պետք է մնա իր լիազորությունների սահմաններում: 

- Այսինքն՝ ՏԻՄ-երի մասին օրենքներում ևս պետք է փոփոխություննե՞ր լինեն:

- Միանշանակ, ՏԻՄ համակարգում էլ շատ փոփոխություններ պետք է լինեն: Ընդհանրապես ՏԻՄ-երի անկախության մակարդակը, կարգավիճակը պետք է բարձրանան: Շատ է խոսվում այն մասին, որ ՏԻՄ-երը պետք է անկախ լինեն, բայց նրանք նաև շատ քիչ ֆինանսական ռեսուրսներ ունեն, ու նաև տեսնում ենք, որ շատ հաճախ ՏԻՄ-երի ղեկավարները դառնում են օրվա իշխանության կցորդը և ամեն անգամ ընտրությունների ժամանակ աշխատում են տվյալ ժամանակվա իշխանության համար:

Մենք դրա վառ դրսևորումը տեսանք նաև այս վերջին ռեյտինգային համակարգով ընտրությունների ժամանակ: Նախկին իշխանությունների համար աշխատած գյուղապետներն ու քաղաքապետները գրեթե ամբողջ կազմով լծվել էին արդեն նոր իշխանությունների համար ձայներ հավաքելու գործին: Իսկ դա լավ օրից չէ, որովհետև այդ մարդիկ բավականին խոցելի են և եթե չաշխատեն այդ պահի իշխանության հետ, ապա շատ մեծ հավանականություն կա, որ շատ երկար չեն աշխատի, խնդիրներ կունենան մարզպետների, իշխանության այլ օղակների ներկայացուցիչների հետ: 

- Հնարավո՞ր է, որ կադրերի պակասով է բացատրվում, որ ծանոթ-բարեկամների են նշանակում նման պաշտոնների:

- Եթե իշխանությունը Նիկոլ Փաշինյանի քավորին առաջադրեր որպես իշխանության թեկնածու, վերջինս էլ ազատ և արդար ընտրությունների միջոցով ընտրվեր Իջևանի քաղաքապետ, բացարձակապես որևէ վատ բան ես դրա մեջ չէի տեսնում: Բայց երբ բերում են քաղաքապետարանի հետ որևէ կապ չունեցող, քաղաքապետարանի աշխատանքը նույնիսկ չպատկերացնող մարդուն, որն ընդամենը բանկի կառավարիչ է Իջևանում, և նշանակում են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Նաև ընտրություններն են մի քանի ամիս հետաձգվել, որպեսզի իշխանության ֆավորիտ թեկնածուն այս մի քանի ամիսների ընթացքում ամրապնդի իր դիրքերը և ավելի ամուր դիրքերից հանդես գա քաղաքապետի ընտրություններում: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, ակնհայտորեն, ավելի կոմպետենտ է և կարող էր այս մի քանի ամիսներին ղեկավարել քաղաքը մինչև ընտրություններ:

Մանե Հարությունյան

MediaLab.am