ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսի. Լիլիթ Մակունց

16-09-2019
253 դիտում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսի. Լիլիթ Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Գործընթացի իրավական հարցերին անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Նա նշեց, որ գործընթացը ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամկետներին չի առնչվում:

«Խոսքը հետևյալն է, ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու հիմքերից մեկը կարգապահական խախտումն է: Այս գործընթացը կարող է նախաձեռնել ԱԺ խմբակցությունը՝ դիմելով ԱԺ-ին համապատասխան որոշման նախագծով: ԱԺ-ն, քննելով հարցը, գաղտնի քվեարկությամբ, որոշում է կայացնում դիմել Սահմանադրական դատարանին: Այս հարցում վերջնական որոշումը կայացնում է Սահմանադրական դատարանը», ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին թե ինչ է ենթադրում կարգապահական խախտում ասվածը: Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ մասնավորապես, չեն քննարկվել Վահե Գրիգորյանի դիմումները, դրանց ընդհանրապես անդրադարձ չի եղել:

«Մյուսը Քոչարյանի դատական գործի կողմերից մեկի ներկայացուցչի հետ Հրայր Թովմասյանի սերտ կապի առկայությունն է, որը կարող է կասկածի տակ դնել գործընթացի օբյեկտիվությունը: Խոսքը Արամ Օրբելյանի մասին է, վերջինիս արած հայտարարությունները: Մնացած հիմքերին մանրամասն կծանոթանաք, երբ ամբողջական փաթեթը պատրաստ լինի», ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Գործընթացը ենթադրում է համապատասխան դիմումի ներկայացում ԱԺ նախագահին , ով ուղարկում է գլխադասային հանձնաժողով, որտեղ վերջնական քննարկելուց հետո այն ուղարկվում է ԱԺ: Խորհրդարանում քննարկման ժամանակ հրավիրվում է նաև այն անձը ում նկատմամբ գործընթաց է սկսվել: