Վալերի Օսիպյանն ու Արթուր Վանեցյանը նախկինում էլ են եղել համակարգում, և անհավանական է, որ պետք է կոռուպցիոներներ բացահայտեին. Գարեգին Միսկարյան

21-09-2019
Վալերի Օսիպյանն ու Արթուր Վանեցյանը նախկինում էլ են եղել համակարգում, և անհավանական է, որ պետք է կոռուպցիոներներ բացահայտեին. Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը:

- Պարո՛ն Միսկարյան, ուժային առանցքային երկու կառույցներում՝ ԱԱԾ-ում ու ոստիկանությունում, ղեկավարներ փոխվեցին, ինչի՞ մասին է փաստում այս գործընթացը։

- Ես դժվարանում եմ գնահատական տալ, որովհետև պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ սկսած քաղաքական հայացքներից՝ կապված Վանեցյանի քաղաքական հայացքների հետ, վերջացրած անձնական ինչ-որ խնդիրներով։

- Դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից՝ նրան չեն գոհացրել կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները։ Վարչապետը ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց, որ նոր թափով են սկսում պայքարել կոռուպցիայի դեմ։ Արդյոք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում բավարար քայլեր չե՞ն արվել։

- Ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ, կոռուպցիայի դեմ պայքարն ավելի շատ շոուի էր նման, քան իրական պայքարի։ Մենք գիտենք, թե ինչքան մեծ էին կոռուպցիայի ծավալները, և ինչքան քիչ գործեր կան քննության մեջ գտնվող։ Այնպես որ, ես համաձայն եմ, որ այդ փոփոխություններն անհրաժեշտ էին։

- Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անցած մեկուկես տարում նախկին կոռուպցիոներ պաշտոնյաներից 51 մլրդ դրամ է վերադարձվել։ Սա քի՞չ է, ըստ ձեզ։

- Կոռուպցիայի ծավալները մեր երկրում այնքան մեծ էին, և դա տևել է առնվազն 20-30 տարի, որ այդ գումարները շատ չնչին են՝ համեմատած այն թալանի հետ, որը կատարվել է Հայաստանում։ Այնպես որ, այդ գումարն ուղղակի սփոփանք է, ոչ թե ինչ-որ արդյունք։

Իսկ այդ գործողություններին նոր թափ հաղորդելու համար ի՞նչ պետք է անել։

- Ես կարծում եմ, որ լավագույն միջոցը անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը կլիներ։ Երբ մրցակցություն կա նոր ստեղծվող երկու հակակոռուպցիոն մարմինների միջև, այնտեղ կա նաև շահերի բախում։ Ավելի շատ պոպուլիստական քայլեր կարող են արվել, մեկը կփորձի ցույց տալ, որ ինքն ավելի շատ գործ է անում, քան մյուսը։ Բայց եթե լիներ հստակ հավաքված թիմ, որն իր լիազորություններով օժտված կլիներ իրական կոռուպցիան բացահայտելու, ես կարծում եմ, որ դա կլիներ լավագույն միջոցը՝ այդ գործերն արագ քննելու համար։ Այդ երկու կառույցի հետ կապված խնդիրները պայմանավորված են այն մեխանիզմներով, որոնք դրվում են այդ կառույցների հիմքում։ Այսինքն՝ ի սկզբանե այդ հակակոռուպցիոն մարմնից մեկը կազմավորվում է ԱԺ խմբակցությունների, Կառավարության ու Բարձրագույն դատական խորհրդի կողմից, որտեղ կոռուպցիայի իրական ռիսկերն են։ Այսինքն՝ այնտեղ լինելու են մարդիկ, ովքեր քննելու են իրենց գործընկերների հետ կապված կոռուպցիոն գործերը։ Մյուսը դեռ չգիտեմ, թե ինչ ֆորմատ է ունենալու, բայց կարծում եմ՝ դա էլ լիարժեք անկախ չի լինելու։ Այսինքն՝ մենք հիմա ունենք հնարավորություն ստեղծելու այնպիսի հակակոռուպցիոն մարմին, որը հարկ եղած դեպքում կարող էր նույնիսկ վարչապետին կանչել։ Բայց, ցավոք, այս դեպքում դա քաղաքական հենքի վրա է ստեղծվում, և դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի։

- Ըստ ձեզ, որո՞նք են պատճառները, որ ԱԱԾ ու ոստիկանության նախկին ղեկավարներն արդյունավետ չեն պայքարել կոռուպցիայի դեմ։ Որքանո՞վ կապ ուներ այն գործոնը, որ նրանք համակարգում նախկինում էլ են աշխատել ու կապեր ունեին նախկին իշխանությունների հետ։ Եվ այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները դառնում են քաղաքական։

- Միանշանակ, անձերով պայմանավորված ռիսկը կա և դա փոքր չէ։ Վալերի Օսիպյանի դեպքում՝ նա միշտ եղել է ոստիկանության համակարգում։ Նախկինում այդ ոստիկանություն ով ընդունվել կամ հեռացվել է գործից, բոլոր գործարքները եղել են վճարովի։ Մի հոգի չէ, որ այդ մասին խոսում է։ Եվ հիմա այդ համակարգի մեջ մարդը պետք է կոռուպցիոներներ բացահայտեր, դա մի քիչ անհավանական է։ Նույնը վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Այնպես որ, դա խանգարող գործոն է։ Բայց ես կարծում եմ, որ դա միակ պատճառը չէ այդ կառույցների կողմից արդյունավետ պայքար չմղելու հարցում։ Համակարգում վերից վար, բացառությամբ մի քանի դեպքերի, նույն մարդիկ են, նույն գործին կամ նրանց փոխարինել են իրենց տեղակալները։ Այս օրենսդրական դաշտում, որտեղ օրենքներն ստեղծված են հատուկ նրա համար, որ մարդիկ գտնեն կոռուպցիոն միջոցներով իրենց հարցերը լուծելու ալտերնատիվ ճանապարհներ, միայն քաղաքական կամքով հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ։ Սպասել, որ այդ օրենքներով ու կանոններով մարդիկ կսկսեն ցածր կոռուպցիոն դրսևորումներ ունենալ, դժվար է։

Հետևաբար, համակարգային խոր փոփոխություննե՞ր պետք է արվեն։

- Իհարկե, և՛ համակարգային, և՛ օրենսդրական, և՛ անձերի փոփոխություններ պետք է արվեն։ Պետք նշանակվեն պրոֆեսիոնալներ, նոր մարդիկ, ովքեր թաթախված չեն եղել կոռուպցիոն սխեմաների մեջ։ Պետք է այդ բոլոր բաղադրիչներով միաժամանակ աշխատանք տանել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am