Նիկոլ Փաշինյանի ու Արթուր Վանեցյանի միջև հակամարտություն է ընթանում, Վանեցյանը կարող է կորցնել իր ժողովրդականությունը․ Քաղաքագետ

23-09-2019
Նիկոլ Փաշինյանի ու Արթուր Վանեցյանի միջև հակամարտություն է ընթանում, Վանեցյանը կարող է կորցնել իր ժողովրդականությունը․ Քաղաքագետ

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

- Պարոն Ղևոնդյան, մենք ականատես ենք լինում Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճի, կողմերն արդեն անցել են վիրավորանքների։ Ի՞նչ է կատարվում, և ինչի՞ կարող է հանգեցնել այս վիճակը։

- Հեղափոխությունից հետո հեղափոխության արժեքների կապիտալիզացման տրամաբանության ու ուղղությունների հարցում որոշակի տարաձայնություններ կան հեղափոխական գլխավոր գործիչների միջև։ Հիմնական գործիչներից մեկը՝ Վանեցյանը, ով բավական մեծ վարկանիշ էր բերել իշխանությանն իր գործունեության հաշվին, այժմ հակառակ ճամբարում է հայտնվել։ Սակայն այդ հակառակ ճամբարը ոչ մի դեպքում չի ենթադրում քոչարյանական կամ նախկին ՀՀԿ-ական թև։

Ինչի՞ կարող է սա հանգեցնել։ Առաջին հերթին, պետք է արձանագրենք հետևյալը. հաշվի առնելով այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բավական բարձր է, և դեռևս ոչինչ չի սպառնում այդ վարկանիշին, հնարավոր չէ այդ վարկանիշի դեմ աշխատել այս պահին և ոչնչացնել այն։

Ես այս իրավիճակը նույնիսկ հակամարտություն կանվանեմ։ Եթե հակամարտությունը շարունակվի, ապա ժամանակի ընթացքում հավանական է, որ Վանեցյանը կկորցնի իր ժողովրդականությունը։ Նա արդեն սկսել է կորցնել, այդ դեպքում ամբողջովին կկորցնի իր այն ժողովրդականությունը, որը ձեռք էր բերել։ Հաշվի առնելով այն, որ կան ուժեր, հիմնականում նախկինները, որոնք փորձում են Վանեցյանի հաշվին որոշակի ընդդիմադիր գործունեություն ծավալել և որոշակի դիրքերից հանդես գալ, նրանք չեն կարողանա իրականացնել այդ միտքը, քանի որ այսօր իշխանական վերանախավում իրերի դրությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանն իր վարկանիշի հաշվին Վանեցյանի վարկանիշը շատ արագ կոչնչացնի։

- Այդ իրավիճակը կխորանա՞ առաջիկայում՝ հաշվի առնելով այն, որ արդեն վիրավորանքների լեզվով են խոսում կողմերը։

- Ես հենց դրա համար եմ այս իրավիճակն անվանում հակամարտություն երկու գործիչների միջև։ Կարծում եմ, որ դրա հիմքերը եղել են հենց հեղափոխության արժեքների կապիտալիզացման առումով անհամաձայնությունը։ Կարծում եմ, որ Փաշինյանն ավելի կոշտ միջոցների կողմնակից է, Վանեցյանը՝ հավանաբար ավելի մեղմ միջոցների։ Եվ չի իրականացվել այն մոտեցումը, որը պատկերացնում էր վարչապետը։ Այդ իսկ պատճառով հակասությունը ծագել, խորացել է, և մենք եկել հասել ենք այս վիճակին։

- Ուժային կառույցներում փոփոխությունները նույն տրամաբանության ներքո կարո՞ղ են շարունակվել, թե՞ ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոնանկությամբ ամեն ինչ կավարտվի։ Այսինքն՝ այս խնդիրը կարո՞ղ է ընդհանուր լինել ամբողջ իրավական համակարգի համար։

- Ավելի շատ սա նման է կոնկրետ անձերի միջև հակասության, քան համակարգային, ինչի մասին դուք ասում եք։ Ես կարծում եմ՝ դժվար թե այս խնդիրը տարածվի այլ կառույցների վրա։ Սակայն այստեղ մի բան պետք է հաշվի առնենք, որ անկախ ամեն ինչից, այս իշխանությունը ձևավորվել է վարչապետի շուրջը։ Եվ այն վարկանիշի, որն ունի այս իշխանությունը, առյուծի բաժինը պատկանում է վարչապետին։ Այդ իսկ պատճառով, անկախ նրանից, այդ խնդիրը կտարածվի, համակարգային կդառնա, թե հեղափոխական փոփոխություն, իշխանության վարկանիշը լուրջ անկում չի ապրի, որպեսզի նրան ինչ-որ բան սպառնա։ Թերևս ավելի շատ հավանական է, որ հրաժարականներն այսքանով կավարտվեն, այս փուլում դեռևս այսքանով կբավարարվեն։ Եվ մյուս պաշտոնյաները կշարունակեն պաշտոնավարել, չնայած իշխանության ներսում կադրային խնդիրը շարունակում է մնալ որոշակի հարցեր առաջացնող։

- Արդյոք այս հարցում պե՞տք էր հասարակության հետ բաց լինել, թափանցիկություն ապահովել, որովհետև երկու առանցքային պաշտոնյաներ, ինչպես դուք եք ասում, հակամարտության մեջ են, իսկ հասարակությունը չի հասկանում՝ ինչի՞ց է ծագել խնդիրը։

- Այո, համաձայն եմ, թափանցիկության առումով այստեղ խնդիրներ կան։ Հիմնական խնդիրն այն է, որ եթե խոսվում էր այն տոնով, որը բերում է այն ենթադրության, որ կա հակամարտություն, ապա, համենայնդեպս, փորձագիտական հանրության համար ցանկալի կլիներ որոշակիորեն բացել վարագույրը և հասկանալ, թե խնդիրը որտեղ է։ Իսկ եթե խնդիրը անձնական տիրույթում է և պետք չէր բացել, ապա հարկավոր էր երկու կողմից էլ ավելի զուսպ վերաբերմունք ցուցաբերել։ Այս պահին ունենք այսպիսի իրավիճակ և կարող ենք եզրակացություններ անել ըստ այդմ։ Թե ավելի խորքային պատճառներ կան, դրանք հայտնի կդառնան ավելի ուշ։

- Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի այն տեսակետին, որ Արթուր Վանեցյանը իր հրաժարականի տեքստը տարածելիս դե յուրե ԱԱԾ տնօրեն էր, և անթույլատրելի էր, որ նման բովանդակությամբ հայտարարություն տարածեց։

- Իհարկե, տվյալ պահին, երբ նա հայտարարությունը տարածեց, դեռևս պաշտոնավարում էր։ Իսկ ԱԱԾ տնօրենը դեռ քաղաքական պաշտոն չէ, նոր օրենքը դեռ ուժի մեջ չի մտել։ Եվ ԱԱԾ տնօրենը, հանդիսանալով ոչ քաղաքական պաշտոն, պետք է ավելի զուսպ լիներ։ Ես «զուսպ լինել» ասելով՝ նկատի ունեմ հենց այն, ինչը սկսվեց Վանեցյանի հրաժարականի տեքստից և բերեց հասցրեց մեզ այն վիճակին, որ այսօր խոսում ենք հակամարտության մասին։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am