«Պետությունը պետք է աջակցի խաղաղ հավաքներին, սակայն Սորոսի գրասենյակի մոտ արդեն օրենքից դուրս գործողություններ են կատարվում». փաստաբան

28-09-2019
«Պետությունը պետք է աջակցի խաղաղ հավաքներին, սակայն Սորոսի գրասենյակի մոտ արդեն օրենքից դուրս գործողություններ են կատարվում». փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը

- Պարո՛ն Ղարագյոզյան, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Սորոս) գրասենյակի մոտ տևական ժամանակ է՝ մի խումբ անձինք ակցիա են իրականացնում, գրասենյակի աշխատակիցներն արդեն հետապնդման են ենթարկվում նրանց կողմից: Ինչո՞ւ է թիրախավորվել հենց այս հիմնադրամը:

- Թիրախավորվել է այս հիմնադրամը, որովհետև, իմ կարծիքով, ամենաակտիվը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն» է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել: Եվ այն կարևոր հարցերը, որոնք ռազմավարական նշանակություն են ունեցել, այդ գործերով փաստաբաններին նրանք աջակցություն են տրամադրել: Այս ակցիաներով նրանք այդ գրասենյակի նկատմամբ հետապնդում, հոգեբանական ճնշումներ են գործադրում:

Ամեն անգամ թիրախավորվում են այն մարդիկ, որոնք գալիս են գրասենյակ հյուր, կամ աշխատակիցների նկատմամբ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում, հեռախոսներով անհիմն նկարահանումներ են կատարվում: Եվ ըստ էության խաթարվում է կազմակերպության բնականոն գործունեությունը:

Ես շատ բացասաբար եմ վերաբերվում նրան, որ մինչ օրս Մարդու իրավունքների պաշտպանը և ոստիկանությունը որևէ քայլ չեն ձեռնարկում այդ խախտումը վերացնելու համար: Այո՛, պետությունը պետք է աջակցի խաղաղ հավաքներին, բայց հավաքն անվերջ չի կարող խաղաղ համարվել, արդեն իսկ այդ անձանց գործողությունները, որ կատարվում են Սորոսի գրասենյակի մոտ, անթույլատրելի են և բոլոր սահմաններից դուրս են:

Որևէ մեկը չի կարող պատճառաբանել, որ օրենքով խաղաղ հավաք է անցկացնում: Ես կարծում եմ՝ սա արդեն դուրս է օրենքի շրջանակներից: Այդ խոսքի ատելությունը տեսանք նաև Լևոն Բարսեղյանի նկատմամբ, դիտավորյալ փորձում էին նրան հունից հանել: Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում հիմնադրամի գրասենյակի մոտ, անընդունելի է: Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի:

- Այսինքն՝ դուք պնդում եք, որ իրավապահ մարմիններն այստեղ կոնկրետ անելի՞ք ունեն:

- Այո՛, արդեն հստակ պետք է գործել, չթույլատրել գրասենյակի մոտ ակցիա անցկացնել: Ծաղրածուներ են բերում գրասենյակի մոտ, երաժշտություն են միացնում: Անձն իրավունք ունի հավաք իրականացնելու, արտահայտվելու, բայց այդ հավաքի ազատությունը չի կարող միտված լինել մարդկանց ծաղրուծանակի ենթարկելու: 

- Ձեր խոսքից կարո՞ղ ենք եզրակացնել, որ ակցիա իրականացնողները այն խմբին են պատկանում, ովքեր դեմ են երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը: Դուք ասում եք, որ այս հիմնադրամն ամենաակտիվն է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել:

- Այո՛, դա այդպես է: Իրականում ես չեմ էլ հետաքրքրվել, թե դա ինչ խումբ է: Միայն գիտեմ, որ այն ղեկավարողը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն է եղել: Եվ նրանք պարտադիր սադրիչ գործողություններ են իրականացնում, հեղափոխությունից հետո որոշ մարդկանց այնպիսի վիճակի են հասցնում, որ իրենց վիրավորեն, հարվածեն, հետո ասեն՝ տեսեք, պետությունը խաղաղ հավաքների իրավունքը ոտնահարում է:

Բայց այդտեղ, կրկնում եմ, արդեն օրենքից դուրս գործողություններ են կատարվում: Իսկ այդ արժեքները նրանց ձեռնտու չեն, երբ այդ հիմնադրամն ամեն անգամ պաշտպանում է մարդու իրավունքը: Եվ կապ չունի՝ այդ մարդը ո՛ր խավին է դասվում, խտրականության դե՞մ է պայքարել, թե՞ տարիներ շարունակ արդար դատաքննության, խոշտանգումների արգելքի դեմ: 

- Ի՞նչ եք կարծում, քաղաքացիական հասարակությունն ինչո՞ւ չի միավորվում այս դեպքում և հակահարված չի տալիս այս ակցիաներին: Մենք առանձին հայտարարություններ տեսնում ենք, բայց միասնական դիրքորոշում կարծես չկա:

- Իմ կարծիքով, մենք դրան շուտով ականատես կլինենք: Հավանաբար դա այս խառը վիճակներից է կախված: Քաղաքացիական հասարակությունը, կարծում եմ, անպայման կմիավորվի և կհայտնի իր դիրքորոշումն այս ամենի վերաբերյալ: Մեր կազմակերպությունը տարածեց հիմնադրամի հայտարարությունը՝ շեշտելով, որ միանում և դատապարտում է, քանի որ մարդկանց արդեն հոգեբանական տառապանքի են հասցնում: Արդեն մարդկանց անձնական կյանքի իրավունքն է խախտվում այդ անձանց գործողությունների հետևանքով, քաղաքացիական հասարակությունը պետք է արձագանքի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am