Ինչո՞ւ է թիրախավորվել Սորոսի հիմնադրամը. Սա մեթոդ է՝ հանրության մոտ թշնամու կերպար ստեղծելու համար. Իրավապաշտպան

01-10-2019
Ինչո՞ւ է թիրախավորվել Սորոսի հիմնադրամը. Սա մեթոդ է՝ հանրության մոտ թշնամու կերպար ստեղծելու համար. Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

- Պարո՛ն Իշխանյան, տևական ժամանակ է՝ մի խումբ անձանց կողմից բողոքի ակցիաներ են իրականացվում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակի առաջ։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են հենց այս հիմնադրամը թիրախավորել։

- Եթե ուշադրություն դարձնեք, Հայաստանում որպես հիմնադրամ կա՛մ գործում են սփյուռքահայ գործիչների հիմնադրամները, նկատի ունեմ բարեգործական, կա՛մ էլ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանից» ու «Եվրասիա» հիմնադրամից բացի նմանօրինակ այլ հիմնադրամ կարծես չկա։

Այստեղ հարց է առաջանում՝ եթե պահպանողական ուժերի պայքարը Հայաստանում դրամաշնորհների դեմ է, ապա նրանք առաջին հերթին պետք է պայքարեն Հայաստանի Կառավարության կողմից ստացվող դրամաշնորհների դեմ։ Խոսքս Համաշխարհային բանկի և տարբեր պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող դրամաշնորհների մասին է։ Երկրորդ՝ նրանք պետք է պայքարեն նաև Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և այլ կառույցների դեմ։

Իսկ ինչո՞ւ է ընտրվել հատկապես «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը»։ Ես կարծում եմ, որ այս հիմնադրամը շատ երկրներում է դառնում թիրախ այն նույն պատճառով, որը ես նշեցի, որովհետև պետությունները չեն կարող թիրախ դարձնել Եվրամիությունը կամ այլ կառույցներ, և թշնամու կերպարում տեսնում են Ջորջ Սորոսին։ Այդ նույն օրինակով էլ մեզ մոտ պահպանողական ուժերը չեն կարողանում թիրախ դարձնել մնացած միջազգային ուժերին և թիրախավորում են Սորոսին։

Ի՞նչ տարբերություն նրանց և Սորոսի միջև։ Ի վերջո, Ջորջ Սորոսի հիմնական նպատակը ո՞րն է՝ քաղաքացիական հասարակության, կրթական համակարգի զարգացումներ, դատաիրավական բարեփոխումներ, մարդու իրավունքներ։

Եվ եթե նրանց սլաքն ուղղված է դրան, ապա Հայաստանի այդ պահպանողական ուժերն առաջին հերթին սլաքները պետք է ուղղեն ՀՀ իշխանություններին՝ պահանջելով, որ Հայաստանը դուրս գա Եվրոպայի խորհրդից, Սահմանադրությունը փոխի, պահանջեն ՀՀ իշխանություններից հետ կանչել ՄԱԿ-ից իրենց ստորագրությունը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի տակից, վերանայել ու հետ կանչել իրենց ստորագրությունը մարդու իրավունքներին վերաբերող բոլոր միջազգային կոնվենցիաների տակից։

Այդ դեպքում միայն ես նրանց կհասկանամ, որ նաև սլաքներն ուղղված լինեն Ջորջ Սորոսի հիմնադրամի դեմ։ Բայց այս պարագում ես կարծում եմ՝ սա մեթոդ է՝ թշնամու կերպար ստեղծելու հանրության մոտ։

Նրանց մոտ գաղափարախոսություն իրականում գոյություն չունի, ես չէի ասի, որ նրանք պահպանողական են, նրանց պետք է, այսպես ասած, քաղաքական ուժի ձևավորում։ Եթե պետք լիներ այդ քաղաքական ուժի ձևավորումն «այլ արժեքների» շրջանակներում, ապա նրանք այդպես կձևավորեին, որովհետև սկզբունք բացարձակապես գոյություն չունի։

Եվ այդ թշնամու կերպարն ստեղծելով՝ ուզում են մի կողմից հասարակությանը վախեցնել, մյուս կողմից՝ դրանով ստեղծել իրենց, այսպես ասած, քաղաքական իմիջը և դա օգտագործել իշխանությունների դեմ։ Բայց, ներողություն, սիրելինե՛րս, եթե իշխանությունների դեմ եք ուզում օգտագործել, նորից եմ կրկնում, օգտագործե՛ք այն հարցերը, որոնք ես բարձրացրեցի։

- Քաղաքացիական հասարակությունն այս ակցիաներին հակազդելու քայլեր չէր անում, և միայն վերջին օրերին հնչեցին որոշ հայտարարություններ, նաև ի պաշտպանություն հիմնադրամի իրավապաշտպաններն ակցիա արեցին գրասենյակի մոտ։ Ինչո՞ւ է այս հարցում պասիվ քաղաքացիական հասարակությունը։

- Ես ինքս մտածում էի, որ մի քանի անգամ այնտեղ կհավաքվեն, կբողոքեն, հետո կցրվեն, բայց, փաստորեն, սա ավելի պլանավորված ու երկարատև «ռազմավարություն» է։ Եվ արդեն ինչ-որ պահից սկսած նրանք չափն անցան, երբ սկսեցին գրասենյակի աշխատակիցներին ու գրասենյակ ելումուտ անողներին վիրավորել։ Ես տեսա կադրերը, նրանք ամենացինիկ ձևով վիրավորում էին մարդկանց։ Արդեն երևաց, որ պետք է ինչ-որ ձևով այս ամենի դեմն առնել։

- Իրավապահների անգործությունն այս հարցում ինչո՞վ եք բացատրում։ Օրինակ՝ դատավոր Աննա Դանիբեկյանին վիրավորող երիտասարդներին արագ ձերբակալեցին ու կալանավորեցին, բայց այս դեպքում չեն արձագանքում ակցիա իրականացնողների արարքներին։ Այս խտրական վերաբերմունքն ինչո՞վ է պայմանավորված։

- Նախ ես ասեմ, որ կալանավորմանը կողմ չեմ։ Ինչպես դատավորի գործով, այս դեպքում ևս ես կալանավորմանը դեմ կլինեի։ Ես միանգամից ասեմ, որ դատավորի գործով երկու երիտասարդների կալանավորմանը դեմ եմ, անկախ այն բանից, թե ինչպես եմ վերաբերվում նրանց ակցիային։

Բայց այս դեպքում կարող էին իրավապահները նրանց գործողություններն արգելել, ոչ թե կալանավորել։ Իսկ խտրական մոտեցումը, ես կարծում եմ, հետևյալով է պայմանավորված։ Մի բան պետք է հաշվի առնել, որ Հայաստանում իրավապահները գործում են ոչ թե օրենքի տառին համապատասխան, այլ ցուցումներով։

Հիշենք, որ իրավապահները վարչապետին կից կառույցներ են, և այդ տեսանկյունից մի դեպքում ցուցումը եղել է ձերբակալել ու կալանավորել, մյուս դեպքում այդ ցուցումը չկա։ Իսկ ինչո՞ւ այս դեպքում ցուցումը չկա, որովհետև ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը չի ուզում կորցնել իր համակիրների որոշակի զանգված։

Իր ընտրողների զգալի մասը նույնպես դեմ է քաղաքակրթական արժեքներին։ Եվ Հայաստանի գործող իշխանության ղեկավարն իր վերաբերմունքն այդ արժեքների նկատմամբ շատ հեղհեղուկ է արտահայտում և չի ուզում, որ հանկարծ ինչ-որ մարդիկ մտածեն, որ ինքը համակրում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանին»։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am