«Ես նկատել եմ, որ թալանչի, գող-ավազակ՝ այդ բնույթի մարդիկ սիրում են «կլկլոցը»». Էդուարդ Զորիկյան

08-10-2019
«Ես նկատել եմ, որ թալանչի, գող-ավազակ՝ այդ բնույթի մարդիկ սիրում են «կլկլոցը»». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը

- Պարո՛ն Զորիկյան, Հանրապետության հրապարակում տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացման համերգի անցկացման ֆոնին կան քննարկումներ, որ նախկին պալատական երգիչները դուրս են մնացել համերգային ծրագրերից։ Ի՞նչ է փոխվել մշակույթի ոլորտում, նախկին «կլկլոցը» ինչո՞ւ դուրս մղվեց դաշտից, և դրա տեղը դասական կամ այլ ժանրի երաժշտությունն է զբաղեցնում։

 - Ես նկատել եմ, որ թալանչի, գող-ավազակ՝ այդ բնույթի մարդիկ սիրում են «կլկլոցը»։ Չեմ կարող բացատրել, թե ինչու, բայց ինչ-որ բան կա, որ դա են սիրում։ Ազգային ժողովում սեփականության իրավունքի հարցի քննարկման ժամանակ իրացման գոտիների բնակիչներից մեկը ուղիղ համեմատական տարավ եղեռնի հետ, որ այն ժամանակ այն դարի կոտորածն էր, նույնը կատարվեց 21-րդ դարի սկզբին՝ քո հայրենիքի մեջ։

Այդ կողոպտիչները, չգիտես ինչու, սիրում են անիմաստ ձեռքերի շարժումներ՝ տաշի-տուշի, «կլկլացնող» երաժշտություն, չեն սիրում հայոց լեզուն։ Երևի հոգեբանները կարողանան բացատրել, թե ի՛նչ է կատարվում, որտեղի՛ց է այդ ճաշակը։

Շատ ողջունելի է, որ այսօր Հանրապետության հրապարակից հնչում է դասական երաժշտություն, որովհետև «վերևները» կարող են թելադրել։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ բոլորը միանգամից սկսեցին Պավարոտի լսել։ Հարց էր ծագում՝ ինչո՞ւ բոլորը միանգամից սկսեցին Պավարոտի լսել։ Հետո թելը «վերևներ» տարավ, եթե չեմ սխալվում, իմացել էին, որ Սիրադեղյան Վանոյի մեքենայում այդ երաժշտությունն էր հնչում։

Այսինքն՝ «վերևների» արած ցանկացած վատ քայլն էլ է դառնում օրինակ, լավն էլ։ Հիմա, եթե երեք տասնամյակ վերևները թալանել են, կողոպտել են, գռփել-չռփել են, «ներքևները» նույնն են արել։ Ով եղունգ ուներ՝ գլուխը քորել է, ով չուներ՝այդպես էլ մնացել է։ Եթե այսօրվա իշխանությունն իրեն ցույց է տալիս այս տեսքով, նախկինում իրավունքները ոտնահարված սեփականատիրոջն ասում է՝ քո իրավունքները պետք է վերականգնվեն, հրապարակից հնչեցնում է դասական երաժշտություն, նոր իրավիճակ է։

Մինչ այս ասել են՝ երիտասարդությունը մեր ապագան է, էն էլ այն ապագան, որը չի երևում, բայց այսօր ասում են՝ երիտասարդությունը մեր ներկան է, հենց իրենք են արել հեղափոխությունը։ Այսինքն՝ տեսեք, որ դրական միտումներ կան։ Այո՛, «վերևները» կարող են թելադրել և՛ դրականը, և՛ բացասականը, և ժողովուրդն ընդօրինակում է դա։

-Այսինքն՝ այն միֆը, որը տարիներ շարունակ եղել է, թե՝ հասարակության մոտ «կլկլոցի» պահանջարկ կա, դրա համար է այդ երաժշտությունը տարածված, չքացա՞վ։ 

- Օրերս հայկական սերիալներում տարբեր կրիմինալ դերեր մարմնավորած դերասաններից Սարգիս Գրիգորյանը «Ֆեյսբուքում» գրել էր, որ մեղավոր է զգում, որ սերիալներում նման կերպարներ է մարմնավորել, որոնցով մեր ժողովրդի մեջ սերմանվել է, թե դա է ճիշտ հերոսը։ Մի՞թե սա դրական միտում չէ։ Դրական է և ողջունելի։

- Նախորդ իշխանությունների օրոք նաև մեծ թվով երգիչ-երգչուհիների վաստակավորի կոչումներ տրվեցին։ Բայց այդ գործընթացը կարծես հիմա ակտիվ չի շարունակվում, ի՞նչ է կատարվում։

- Եվ փառք Աստծո, որ չի շարունակվում։ Այսինքն՝ հիմա եթե տան, արդեն կտան կոնկրետ վաստակի համար։ Աբսուրդ չէ՞ր արդյոք, երբ Հայաստանում չապրող մեկին, ով «կլկլացնելով» երգում է ռաբիս երգեր, վաստակավորի կոչում են տալիս։ Եվ հետո կողքից իմանում ես, թե ինչի համար են տվել։ 

Իրենց հերթական կնունքներին ու հարսանիքներին էս տղուն կանչել են, որ երգի, նա էլ «թիվ է կրակել», ասել են՝ մենք քեզ փող չենք տա, բայց կտանք վաստակավորի կոչում։ 

Ասել էր՝ ա՛յ ձեր ցավը տանեմ, ես չգիտեի, որ էդքան էժան է վաստակավորի կոչումը։ Նման աբսուրդ բաներ են եղել։

- Ի՞նչ պետք է անել հետագայում, որպեսզի «մաքրման» գործընթացը տարբեր ոլորտներում լինի։ Դեպի ո՞ւր ենք գնում։

- Եթե սիմվոլիկ ասեմ՝ դեպի նոր Հայաստան։ Բայց, կարծում եմ՝ կարևորն այն է, որ նոր իշխանությունը կարողանա ձևավորել այնպիսի օրենքներ ու հարաբերություններ, որ հետո ով էլ հայտնվի այդ աթոռներին, այլևս չկարողանա այդ հին սխեմաներով ՀՀ-ում աշխատել։

«Ալի Բաբան ու 40 ավազակների» պատմությունն էր Հայաստանում, ինչ քարավան անցնում էր, կտրում էին, հարստությունը տանում իրենց տուն։ Եղբայր, դա եղավ պետությո՞ւն, գլուխ եք գովում՝ հերոս ենք եղել, նախագահ ենք եղել։ Էն, ինչ եղել եք, դատավարությունները սկսվեն, կիմանանք։ 

Պետք է կարողանանք այն հիմքերն ստեղծել, որ այն, ինչ կատարվել է նախկին Հայաստանում, այլևս երբեք հնարավոր չլինի կրկնել։ Ինձ դուր է գալիս, որ այսօրվա ջահելությունը լրիվ ուրիշ մտածելակերպ ունի։ Ես ավագ սերնդի ներկայացուցիչ եմ, ուրիշ ձևով եմ մտածում, ասում եմ՝ նույն օրենքներով իրենց պատժեք, թող իրենց մաշկի վրա զգան՝ դա ինչ է։ 

Բայց նոր սերունդն այդ ճանապարհով չի գնում, ասում է՝ օրենքներ են ընդունվելու, գործերը բացահայտվելու են օրենքի շրջանակներում։ Այսինքն՝ մեր աչքի առաջ ամեն ինչ փոխվում է, նաև աշխարհի վերաբերմունքն է փոխվում Հայաստանի հանդեպ։ Այս ամենն իրար հետ փոխկապակցված են։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am