«Վիտալի Բալասանյանը սպասարկում է փոքրիկ ռևանշիստական խմբի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ». Հայկ Խանումյան

09-10-2019
«Վիտալի Բալասանյանը սպասարկում է փոքրիկ ռևանշիստական խմբի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ». Հայկ Խանումյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

- Պարո՛ն Խանումյան, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հերթական անգամ կոշտ գնահատական է հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը զավթել է իշխանությունը։ Նա նաև Նիկոլ Փաշինյանին ահաբեկիչ է անվանել։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունները, և ինչի՞ հետևանք է սա։

- Անթույլատրելի եմ համարում նման հայտարարությունները։ Ես կարծում եմ, որ նմանատիպ հռետորաբանությունն անթույլատրելի ու անարդար է Հայաստանի այս իշխանությունների նկատմամբ։ Մենք Հայաստանում առաջին անգամ ունենք մի իշխանություն, որը չի խոսում հող հանձնելուց, որը սպասողական տրամադրություններ չի սերմանում և որը, ընդհակառակը, ամեն օր ուժեղացնում է Արցախի անվտանգությունը, բանակում բարձրացնում է զինծառայողների վարձատրությունը, համալրում է սպառազինությունը, մտածում է ենթակառուցվածքների մասին և այլն։

Ես դա քննադատություն չեմ համարում, այլ համարում եմ հարձակում։ Հետևաբար, նման կառավարության նկատմամբ այդ տիպի ագրեսիվ վերաբերմունքը, այդ տիպի հարձակումը վկայում են մի բանի մասին, որ Վիտալի Բալասանյանը հստակ կողմնորոշվել է և սպասարկում է փոքրիկ ռևանշիստական խմբի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որի մեջ այսօր նաև մտնում են Բակո Սահակյանի շատ թիմակիցներ և Բակոն անձամբ։

- Ի՞նչ հույսեր ունեն այդ անձինք։

- Պարզ է, թե հույսը որն է։ Այդ ռևանշիստական խմբավորման հույսը թալանելու իրավունքը վերականգնելն է և թալանածը պահելը։

- Բայց ի՞նչ շանսեր կան հաջողության հասնելու համար։

- Շանսեր, իհարկե, չկան, բայց նրանք, համենայնդեպս, կփորձեն չհանձնվել։ Ես որևէ շանս չեմ տեսնում, նրանք Արցախում կփորձեն ինչ-որ ձևով իշխանության մեջ մնալ, քաղաքական դաշտում ներգրավված լինել, օրինակ՝ խորհրդարանում մի փոքրիկ ֆրակցիա ունենալ։ Իհարկե, նրանք Արցախում ամեն գնով պայքարելու են իշխանության վերարտադրության համար։

- Նկատի ունեք՝ 2020 թվականին Արցախում անցկացվելիք նախագահական ընտրություններում նրանք կարող են թեկնածունե՞ր ունենալ։

- Այդ վերարտադրությունը տարբեր դեմքերի միջոցով կարող է լինել, ոչ միայն Բալասանյանի։ Բայց Բալասանյանի մասով Բակո Սահակյանի նեղ շրջապատում մրցակցություն է գնում Սերժ Սարգսյանի ֆավորիտը լինելու համար։ Եվ վերջերս հրապարակային դաշտում Բալասանյանը պայքարը սրելով՝ փորձում է ինքը մնալ Արցախի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածուն։

- Վիտալի Բալասանյանը նաև հայտարարել է, որ «ֆիզիկապես ոչնչացնելու ենք ահաբեկիչներին»։ Սա կարող է մնալ միայն հայտարարությունների մակարդակո՞ւմ, թե՞ կարող են նաև ինչ-որ գործողություններ ձեռնարկվել։

- Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները հայտարարությունների մակարդակում էլ կմնան։ Ես հակված չեմ լուրջ ընդունելու այդ ամենը, բայց, համենայնդեպս, հրապարակային դաշտ են դուրս եկել այդ հայտարարությունները, և հասարակության մեջ համապատասխան արձագանքներ են ստանում։

Ես ափսոսում եմ Բալասանյանի համար։ 2012 թվականին, երբ նախագահական ընտրություններում նա նախագահի թեկնածու էր, ես նրան աջակցել եմ և նրա նախընտրական շտաբի անդամ եմ եղել։ Եվ խիստ ափսոսում եմ նրա մեծ վարկանիշի և հեղինակության համար, որ ինքն ուղղակի զրոյացրեց։ Այսինքն՝ Վիտալի Բալասանյանը ժողովրդին փոխարինեց Սերժ Սարգսյանի հետ նույն սեղանին գտնվելու հնարավորության հետ։ Ժողովրդի աջակցությունը նա փոխարինեց, բայց դա նրա ընտրությունն է։

- Ընդհանրապես նրա հայտարարություններն ի՞նչ արձագանք պետք է ստանան, նկատի ունեմ՝ իրավապահները պե՞տք է զբաղվեն դրանով։ Արդեն կա տեղեկություն, որ ՀՀ դատախազությունը ԱԱԾ է ուղարկել նրա այդ հայտնի հարցազրույցը։

- Ես իրավական կողմը չեմ կարող մեկնաբանել, դա թող մասնագետները գնահատեն։ Համենայնդեպս, ես այդպիսի մեծ ուշադրության չէի արժանացնի Վիտալի Բալասանյանի հայտարարությունները։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am