«Որևէ մեկն իրավունք չունի Արցախը դարձնել մուտիլովկաների առարկա». Դավիթ Բաբայան

09-10-2019
«Որևէ մեկն իրավունք չունի Արցախը դարձնել մուտիլովկաների առարկա». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

- Պարո՛ն Բաբայան, պաշտոնական Ստեփանակերտն ինչպե՞ս է արձագանքում Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, կիսո՞ւմ է արդյոք նրա գնահատականները՝ ուղղված Հայաստանի իշխանություններին։ 

- Վիտալի Բալասանյանը պաշտոնական Արցախի հետ կապ չունի։ Նա քաղաքական գործիչ է, անհատ է և ներկայացնում է իր տեսակետը։ Այն որևէ կերպով պաշտոնական Ստեփանակերտի տեսակետը չի արտահայտում, չի արտացոլում։ Մենք միշտ հայտարարել ենք, որ մեր ամենամեծ ուժը, ամենամեծ հարստությունը, ներուժը, որ թույլ է տալիս դիմագրավել ամենամեծ մարտահրավերներին, դժվարություններին, մեր միասնականությունն է։

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ միասնականությունը ամրապնդենք, ամեն մեկս մեր տեղում։ Իմ խորին համոզմամբ, որևէ քայլ, որ թուլացնում է, խարխլում է մեր միասնականությունը, անընդունելի է և չափազանց վտանգավոր։ 

- Դատապարտո՞ւմ եք Վիտալի Բալասանյանի հայտարարությունները։

- Ես չեմ ուզում ո՛չ դատապարտել, ո՛չ ողջունել։ Ես ասում եմ հետևյալը՝ մենք պետք է մեր միասնականությունը պահպանենք։ Եթե քայլեր են կատարվում մեր հայկական միասնականությունը խարխլելու, դատապարտելի է։ Արցախը միշտ աչքի է ընկել իր միասնականությամբ։ Մի՛ մոռացեք, որ Արցախը միշտ եղել է հայոց անկախ պետականության կերտողներից մեկը։ 

- Փաստորեն վտանգներ կան՝ այդպիսի հայտարարության հետ կապված, որոնք կարող են խարխլել ձեր նշած միասնականությունը։ Մասնավորապես, Բալասանյանը Նիկոլ Փաշինյանին անվանում է ահաբեկիչ, ծայրահեղական այլ գնահատականներ է հնչեցնում։ Սա չի՞ վտանգում Հայաստանի ու Արցախի միասնականությունը։

- Ցանկացած քայլ, որ խարխլում է մեր պետականությունը, միասնականությունը, անընդունելի է։ Ինձ՝ որպես քաղաքացու, որպես քաղաքական ուժի ներկայացուցչի համար այդ միասնականությունը ամենամեծ արժեքն է։ Ով ուզում է լինի, որևէ մեկն իրավունք չունի նման հայտարարություններ անելու, խարխլելու մեր պետականությունը։ Ոչ ոք Արցախում իրավունք չունի քարկոծել Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանում ոչ ոք իրավունք չունի քարկոծել Արցախը։

Բնական է, որ նման պառակտիչ մոտեցումներն անընդունելի են։ Ամեն ինչ պետք է արվի այնպես, որ չլինի հայոց միասնականության ճեղքում։ Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կան ինչ-որ շիզոֆրենիկներ, որոնք տարբեր հայտարարություններ են անում, մեկը հայտարարում է, որ ղարաբաղցիները թուրք են։

Պետք է հավաքվենք, բոլորս պետք է հավաքվենք։ Սա որևէ մեկի հոր տունը չի, որ ով ինչ ուզի՝ անի։ Եթե այսպես շարունակվեց, դա բերելու է կատաստրոֆայի։ Ես ընդունում եմ, որ պետք է լինի առողջ քննադատություն, բայց ոչ թե հայհոյանք։ Այո՛, քննադատությունը դեղ է, իսկ դեղը երբեք քաղցր չի լինում։ Իսկ հայհոյանքն ու անեծքները ինձ համար անընդունելի են։

- Երբ նշում եք, որ նման հայտարարությունները երկու երկրների միասնականությունն է խարխլում, դուք ո՞ւմ նկատի ունեք։

- Խնդիրը միայն Վիտալի Բալասանյանը կամ այլ մարդիկ չեն։ Հարցն այն է, որ բոլորս պետք է դա անենք։ Հատկապես կարևոր է, որ Արցախը միշտ պետք է լինի որպես արժեք ողջ հայության համար։ Սա ոչ թե լոկալ նացիոնալիզմի դրսևորում է։ Հայրենասերը նացիոնալիստ չէ։ Քաղաքական պայքար կարող է լինել, դա միգուցե ժողովրդավարական երկրում պետք է, բայց այդ պայքարը, իմ խորին համոզմամբ, պետք է ընթանա քաղաքակիրթ և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, կառուցողական քննադատությամբ, ոչ թե հայհոյանքներով։ 

- Արցախի իշխանությունները պաշտոնապես կդատապարտե՞ն Վիտալի Բալասանյանի հայտարարությունները։

- Մենք ամեն ինչ պետք է անենք, որ իրավիճակն էլ ավելի չսրվի։ Պարզ է, որ երևի շատերն ուզում են, որ էս մեկը դատապարտի սրան, մյուսը դատապարտի նրան։ Որևէ մեկն իրավունք չունի Արցախը դարձնել մուտիլովկաների առարկա, Արցախը պետք է բոլորի, հատկապես արցախցիների համար սրբություն լինի։ Սա չի նշանակում, որ չեն լինելու մարդիկ, որոնք խախտելու են այդ կանոնները, իհարկե լինելու են։ Բայց դա չի նշանակում, որ դա ընդունելի է մարդկանց համար։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am