«Հերթը անճաշակ, անորակ սերիալներինն է, ինձ համար դրանք նույն թուրքական մուղամներն են». Լալա Մնացականյան

14-10-2019
«Հերթը անճաշակ, անորակ սերիալներինն է, ինձ համար դրանք նույն թուրքական մուղամներն են». Լալա Մնացականյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասանուհի Լալա Մնացականյանը

- Տիկի՛ն Մնացականյան, օրերս Հանրապետության հրապարակում տեխնոլոգիական համաժողովի բացման համերգը յուրահատուկ էր նաև նրանով, որ դասական երաժշտություն էր հնչում։ Այս համերգի ֆոնին քննարկումներ կան, որ մշակույթի ոլորտում փոփոխություններ են նկատվում, նախկին «կլկլոցը» չկա, որը տարբեր միջոցառումների ժամանակ հնչում էր։ Դուք ի՞նչ եք նկատում։

- Իհարկե դա շատ լավ է ու ողջունելի։ Ես չեմ հասցրել այդ համերգին հետևել, բայց անկախ դրանից, ես միշտ «կլկլոցները» համարել եմ մեր դանդաղ մահը։ Մարդուն տանջելու տեսակ կա, կտտանքների ենթարկելու, դրե՛ք այդ երաժշտությունը, և նորմալ մարդիկ կարող են ինքնասպանություն գործել։

Ես չգիտեմ՝ դրանց վերջը եկել է, թե չէ, բայց որ դրանք քոքից պետք է կտրել և արդարացի պայքար սկսել դրանց դեմ, միանշանակ է։ Հետաքրքիրն այն էր, որ այդ «կլկլոցներից» ժողովրդի դեմքը փոխվեց։ Ամբողջը թուրքամետ երաժշտություն էր։

- Նախկին իշխանությունների օրոք ասում էին՝ պահանջված է այդ երաժշտությունը, դրա համար է համատարած։ Այսինքն՝ ստեղծվել էր մի իրավիճակ, որ կարծես ժողովրդի պահանջարկը դա էր։

- Չի կարող դա ժողովրդի պահանջարկը լինել, ժողովրդի ո՞ր տոկոսի պահանջարկը, ովքեր փո՞ղ էին դնում դրա համար։ Մի քանի հարուստներ, ովքեր չես իմանում ազգությամբ ինչ են, թելադրում էին իրեն ճաշակն ու մեզ ասում՝ ժողովրդի ճաշակն է։

Գիտե՞ք քանի մարդ էր ինձ ասում՝ կարո՞ղ եք այնպես անել՝ այդ երգերը չլինեն։ Ասում էի՝ չեմ կարող ոչինչ անել, ես իրավասու չեմ։ Իհարկե այդ երգերը պետք է չլինեն, դրանք օրենքով պետք է արգելվեն։ Եվ սարսափելին այն է, որ մեր շատ լավ երգիչներ՝ շատ լավ տվյալներով, որպեսզի կարողանային երկու կոպեկ աշխատել այդ հարուստների մոտ, գնում էին այդ քայլին։

- Այսինքն՝ մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ մաքրման գործընթաց է տեղի ունենում, և ժամանակը ցույց տվեց, որ հասարակությունը նման ճաշակ ու պահանջարկ չունի։

- Վերջապես նորմալ մարդկանց ձայնը լսելի է դառնում։ Այո՛, մենք չենք ուզում լսել այդ երաժշտությունը։ Երբ ասում են՝ առաջընթաց կա, թե՞ ոչ, ես պատասխանում եմ՝ կյանքն ինքը առաջ է գնում, ո՞նց կարող է առաջընթաց չլինել։ Դանդաղ, բայց շատ-շատ բաներ արդեն մաքրվում են։

Նախկինում բոլոր կողմերից լսվում էին և՛ այդ զազրելի երաժշտությունը, և՛ խոսակցությունները, կռիվները, հիմա այդ ամենը պակասում է, մաքրվում է։ Թող ամեն տեսակի երաժշտություն հնչի, բայց միայն ոչ այդ անճաշակ թուրքի մուղամը։ Ես միայն մի հարց եմ ուզում տալ՝ թուրքերը հայկական երաժշտություն լսո՞ւմ են, Կոմիտաս լսո՞ւմ են։

Այսինքն՝ մե՞նք էլ Կոմիտաս չլսենք, նրա՞նք էլ չլսեն։ Դուք գիտեք՝ ես ինչ նախանձով եմ լցվում, երբ տեսնում եմ, որ աշխարհի տարբեր քաղաքներում դասական երաժշտություն է հնչում, նույնիսկ մարդիկ այգիներում նստած երեխաների հետ լսում են այդ երաժշտությունը։ Այդ երաժշտությունը մարդուն վեհացնում է, մաքրում է, չի քաշում ներքև։

- Այն փոփոխությունները, որոնք նկատելի են, արդյոք բոլոր ոլորտներում կարո՞ղ ենք տեսնել։ Օրինակ՝ տարիներ շարունակ հեռուստատեսությամբ ցուցադրված սերիալները ևս ցածրորակ են եղել, մարդկանց մեջ վատ սովորույթներ առաջացրել։ Այս փոփոխությունների ճանապարհը, որով գնում ենք, ճի՞շտ է։

- Ամեն դեպքում մենք ճանապարհ ենք դուրս եկել և գնում ենք։ Ես գտնում եմ, որ մեր առաջ դեռ շատ դռներ կբացվեն, երբ ինչ-որ բանից սկսում ենք հրաժարվել։ Իսկ մենք հրաժարվում ենք այն ամենից, ինչ 25-30 տարի փաթաթեցին մեր վզին՝ համարելով դա մեր ազգային դիմագիծը։ Հետո կգա այս ցածրորակ սերիալների հերթը։ Սերիալը վատ բան չէ, ո՞վ ասաց, որ սերիալ չպետք է լինի, շատ լավ սերիալներ կան։ Բայց ցածրորակ սերիալները, որոնք մեր ազգային դիմագիծը ջնջում են, պետք է չլինեն։

- Բայց այդ սերիալների արտադրությունը շարունակվում է, շատ բան չի փոխվել կարծես։

- Դրանց մաքրման հերթն էլ կգա։ Այդ սերիալների պահանջարկը քանի գնում, պակասում է։ Մարդիկ արդեն տհաճությամբ են նայում, որ ընտանիքում կա բռնություն, իրար հանդեպ անհարգալից վերաբերմունք։ Սերիալ էին նկարում, որտեղ չգիտես ինչու տղան հարվածում է աղջկան, և դա համարում են սեր։ 

Մեզ ներարկեցին, որ անճաշակ ժողովուրդ ենք, հինգ հազարանոց ժողովուրդ ենք, հետո ներարկեցին, որ մենք բռնություն գործադրող ժողովուրդ ենք, հետո ներարկեցին, որ կարող ենք սադիստություն անել, որ մենք անինքնասեր ենք։ Մենք ինչ ներշնչեցինք 25 տարի, ի՛նչ արեցին մեր ազգային արժանապատիվ կոդի հետ։ Այո՛, կարծում եմ, որ սա կմաքրվի, և հերթը անճաշակ, անորակ սերիալներինն է։ Ինձ համար դրանք նույն թուրքական մուղամներն են։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am