Գասպարիին շշով հարվածելու համար մեղադրվող Արմեն Թավադյանին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում. դատական նիստի օրը հայտնի է. Տեսանյութ

14-10-2019
Գասպարիին շշով հարվածելու համար մեղադրվող Արմեն Թավադյանին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում. դատական նիստի օրը հայտնի է. Տեսանյութ

«Հինգերորդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։

Նա մեղադրյալի աթոռին է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի գործով մայիսի 13-ի դատական նիստի օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջին հարկում տեղի ունեցած միջադեպի արդյունքում։ Այդ օրը քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձեռքից վերցրել էին պաստառը, ապա ջրով լի շշով հարվածել դեմքին։ Այտոսկրի վնասվածք ստացած Գասպարին հայտարարել էր, որ երկրորդ նախագահի կողմնակիցներն են արարքի հեղինակները։

Դեպքից 4 օր անց մեղադրանք առաջադրվեց Արմեն Թավադյանին՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը: Թեև նախաքննական մարմինը կալանավորում էր պահանջել, դատարանը Թավադյանի նկատմամբ ընտրել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին։ Արմեն Թավադյանը դեպքի հաջորդ օրն իսկ հերքել էր, թե ջրի շշով հարվածել է Գասպարիին․ «Ես չեմ ճանաչում էդ մարդուն։ Ո՞նց ես կարամ խփեմ էդ մարդուն, ում չեմ ճանաչում»։ Տուժող Գասպարիի և մեղադրյալ Թավադյանի ներգրավմամբ դատական նիստի օր նշանակված է հոկտեմբերի 15-ին։

Գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք՝ Արմեն Թավադյանն այս տարվա մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը։ Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հիշում է դեպքի օրը՝ «Մարտի 1-ի» և «Հոկտեմբերի 27-ի» մասին հիշեցնող «Արյունոտ տասնամյակ» գրությամբ պաստառով գնացել էր դատարան, բայց Քոչարյանի աջակիցները թույլ չէին տվել ներս մտնել․ «Ագրեսիվ պահվածքով փորձում էին պաստառս պարբերաբար քաշքշել, ինձ դատարանից դուրս գցել։ Իրենք այնքան էին իրենց տերուտիրական զգում, որ իրավապահները և դատական կարգադրիչները ենթարկվում էին իրենց։ Էդ ամբոխը պարբերաբար հարվածում էին պաստառիս, փորձում էին պաստառս խլել և այդպես էլ արեցին։

Այնուհետ փորձում էին հեռացնել ինձ դատարանից։ Իմ պաստառը հափշտակելուց հետո ես իմ կարծիքը բարձրաձայն հնչեցրի՝ «Ռոբիկ մարդասպան, Ռոբիկ սրիկա»։ Թավադյանը մի պահ կա, երբ խուլիգանները քաշքշում են, ինքը հրճվանքով ծափահարում ա, ընդ որում՝ շիշն իր ձեռքում, տեսանյութերում կա՝ ինքը շիշը շպրտում ա։ Կադրերը նայելիս ես նկատեցի, որ նա միակ հոգին չէր, որ շիշը շպրտում ա, կա ևս մեկ անձ, որը փորձում էր շիշը շպրտել, բայց քանի որ կարգադրիչները ինձ դուրս էին հանում, ինքը չի հասցնում գործողությունը ավարտին հասցնել»,- պատմեց Վարդգես Գասպարին։ Վաղը մեկնարկելիք դատական գործընթացի առնչությամբ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով Factor TV-ն փորձեց կապ հաստատել Արմեն Թավադյանի հետ։ Մեր բազմաթիվ զանգերը, սակայն,  մնացին անպատասխան։ Թավադյանի  պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ  արձագանքեց ընդամենն ասելով, որ դեռևս չեն մեկնաբանում։ Դեպքից օրեր անց, սակայն, Factor TV-ի հարցին ի պատասխան, Արմեն Թավադյանն ասել էր՝ ինքն այս թեմայի հետ կապ չունի․ «Եթե մանրակրկիտ ուսումնասիրեք, անհնարին է ցույց տալ և ապացուցել, որ ես էդ դեպքի հետ կապ ունեմ»։

Լրագրողի հարցին՝ ինքն այնտեղ չի՞ եղել, Թավադյանը պատասխանել էր․ «Չէ, ես էնտեղ եղել եմ։ Եղել ա․․․ Ես Գարսպարիին չեմ ճանաչում, չգիտեմ՝ ինքը լավ մարդ ա, վատ մարդ ա, բայց ինքը սադրում ա տվյալ պահին ու շատ պրովոկացիա էր անում։ Էդ պահին էնտեղ գտնվում էին մարդիկ, որոնք եկել սատարում էին նախագահ Քոչարյանին ու ոնց որ ցուլերի մեջ մեկին հանես կարմիր շորով»։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատում է՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերն անցնում են գերլարված մթնոլորտում, թե՛ դատարանի դահլիճում, թե՛ բակում։ Գասպարիի դեմ տեղի ունեցածը առաջին անգամը չէ․ «Տեսանք մենք՝ մարդու ոտք կոտրեցին, հարվածեցին մարդուն, հարվածելուց հետո հոխորտում էին, որ դեռ քիչ են հարվածել։ Էդ ամեն ինչը խոսում է այն մասին, որ դրանք պատահականություններ չեն, մշակված սցենար են։ Պետք է բացառվեն այդ սցենարները։ Էդ սադրանքները չեն կարող ծառայել նպատակին, եթե նպատակը հօգուտ իրենց դատավճիռ կորզելն է, բացառվում է դա»։

Արձագանքելով մեր դիտարկմանը, որ պարոն Թավադյանը պնդում է, թե ինքը շշով չի հարվածել Գասպարիին, Վարդան Հարությունյանն ասաց․ «Այդ հարվածը արդարացնել հնարավոր չի, էդ հարվածը եղել է, և դա պետք է դատական հանգուցալուծում ստանա»։ Հարց ուղղեցինք պարոն Հարությունյանին՝ Ձեր կարծիքով մեղադրյալ կողմը կարո՞ղ է դատարանում պնդել, որ տեղի է ունեցել սադրանք Վարդգես Գասպարիի կողմից, նա պատասխանեց․ «Ցանկացած բան կարող են պնդել, բայց պետք է կարողանան դա ապացուցել»։ Վարդգես Գասպարին դատարանից իր դեմ կատարվածը դատապարտող որոշում է ակնկալում. «Դա լինելու է ազդանշան, որ քոչարյանականները նույնպես հասկանան, որ օրենքը գերակա է և իրենց նյութական ռեսուրսները և մասնագիտական հնարավորությունները չեն կարող իրենց զերծ պահել օրենքի կիրառումից, իրենք չեն կարող խուսափել օրենքի առջև պատասխանատվության ենթարկվելուց»։ Հավելենք, որ հոկտեմբերի 15-ին նշանակված «Վարդգես Գասպարին ընդդեմ Արմեն Թավադյանի» գործով դատական նիստը տեղի կունենա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Մանրամասները՝  Factor.am-ի տեսանյութում: