«Պաստառների կուլտուրան պետք է ռադ անել, ես նման ուռոդություն աշխարհում չեմ տեսել». Սերգեյ Դանիելյան

16-10-2019
«Պաստառների կուլտուրան պետք է ռադ անել, ես նման ուռոդություն աշխարհում չեմ տեսել». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

- Պարո՛ն Դանիելյան, պետական բյուջեից մոտ 49 մլն դրամ է հատկացվել «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները ցուցապաստառների տեսքով հանրությանը ներկայացնելու համար։ Այդ գումարի մեծ մասը՝ 26 մլն դրամը, հատկացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը գովազդելու և տարբեր վայրերում պաստառներով փակցնելու համար։ Նախկինում շատ էր քննադատվում այն, որ տարբեր առիթներով բյուջեից գումարներ էին դուրս գրվում, ի՞նչ կարծիքի եք այս ծախսի մասին։

- Նախկինում ապուշ պաստառներ կային՝ «Հայ մեծեր» բովանդակությամբ։ Ոնց որ մեռելի նկարներ ըլնեին՝ սև-սպիտակ։ Ես այս նոր պաստառները չեմ տեսել, առանձնապես կարծիք չեմ կարող հայտնել։ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ինձ ոչինչ չեն ասում, դրանք միայն խոսքեր են։ Ես չգիտեմ՝ արդյոք արժեր այդքան գումար ծախսել այդ գովազդի վրա, դա ծախսերի մեջ նախատեսվա՞ծ էր, թե՞։ Եթե իսկապես Հայաստանը քո օջախն է, ավելի լավ է հեռուստաընկերություններին պատվիրվեր հայրենասիրական սերիալներ ստեղծել։ 

Ավելի արդյունավետ կարելի էր ծախսել այդ գումարները, թե չէ պաստառները ոչ մի լավ բան չեն տալիս, միայն խանգարում են երթևեկությանը։ Ինչ այլանդակություն ասես կախված չէ փողոցներում։ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» պաստառների կողքին կարող է «պռակլատկի» ռեկլամ կախված լինել։ Պաստառների կուլտուրան պետք է ռադ անել, ես նման ուռոդություն աշխարհում չեմ տեսել։ Ամեն տեղ մի իդիոտ միտք կախում են պատին ու ասում՝ էս է։

- Պարո՛ն Դանիելյան, վերջերս Հանրապետության հրապարակում դասական երաժշտության մոտիվներով համերգ տեղի ունեցավ, ինչը գնահատվում է որպես նոր որակի համերգ՝ համեմատելով նախորդ տարիների համերգների հետ։ Մենք նախկինում մշտապես ականատես էինք լինում ռաբիս երաժշտության ուղեկցությամբ համերգների։ Ի՞նչ է փոխվել մշակույթի ոլորտում, ի՞նչ միտումներ են։

- Այո՛, այդ փոփոխությունը կա։ Ներկայիս համերգներն իմ ճաշակին մի քիչ ավելի մոտ են, քան նախկինում։ Այդ՝ ժողովրդական չեմ ասի, ռամիկական երաժշտությունը կամաց-կամաց դուրս է մղվում։ Ու լավ կլինի, եթե հեռուստատեսությունն էլ ռաբիս երաժշտություն չտա։

- Նախկինում նման երաժշտության տարածված լինելը պատճառաբանվում էր նրանով, թե ժողովրդի պահանջն է դա։ Բայց փորձը ցույց է տալիս, որ հասարակությունն այլ պահանջնե՞ր ունի։ 

- Մեզ մոտ իշխանության ճաշակն է գերիշխում։ Իշխանությունը ռաբիս է՝ մարդիկ ռաբիս են լսում։ Իշխանությունը ջազ է սիրում՝ ջազ են լսում, Քոչարյանի նման։ Հիմա իշխանությունն այլ բան է սիրում, այլ բան են տալիս։ Բայց մեր ժողովուրդը միշտ էլ ռաբիս է, ռաբիս էլ կմնա։ Բայց, իհարկե, լավ է, որ դասական երաժշտություն է հնչում։ Նախկինում մի հատ պաշտոնյա էր մեռնում, նոր էին դասական երաժշտություն հնչեցնում։ Դա պաշտոնյաների միակ լավությունն էր, որ իրենք կարող էին անել հասարակության համար, պետք է մեռնեին, որ դասական լսեինք։ Հիմա լավ է, առանց մեռնելու դասական երաժշտություն են հնչեցնում։

- Այսինքն՝ պարզվեց, որ դա ոչ թե հասարակության ճաշակն էր, այլ պաշտոնյաների՞։

- Այո՛, իհարկե, դա այդպես է։ Հիմա լավ է, որ իշխանությունները ռաբիս չեն լսում, չնայած, մեկ է, մեքենաներից դարձյալ այդ այլանդակությունը լսվում է։ Մենք ոնց որ թուրքերի կողմից զավթված երկիր լինենք։ Լավ է, որ այս ամենի կողքին կա նաև այլ երաժշտություն։

- Մաքրման գործընթացն արդյոք մյուս ոլորտներում նկատելի՞ է։ Օրինակ՝ հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալների որակին ու բովանդակությանը չպե՞տք է անդրադարձ կատարվի։

- Սերիալները այլ թեմա են, կոմերցիոն հեռուստաընկերություններն այլ ելք չունեն։ Այս հարցով պետական մակարդակով ուղղորդում է պետք, որ հեռուստաընկերություններին ազատեն որոշակի հարկերից, նաև ասեն, թե իրենք ինչ են ուզում, որ լինի։ Բայց քանի որ մեզ մոտ 90 տոկոսը «միշիկ մեդիա է», դրա համար աղբը ոնց կա՝ մնացել է։ Իսկ «միշիկ մեդիան» միշտ ուզեցել է ժողովրդին անասունի նման պահել, որ մարդիկ էշ լինեն։ Իրենց մոտ այնքան էլ դա չստացվեց, բայց որոշ չափով ստացվեց։

Երաժշտության ոլորտում փոփոխությունը տեսնում եմ, բայց միակ տխուր փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ օլիգարխների հարսանիքներին։ Պարել է, թե չի պարել՝ չգիտեմ, բայց մնում է մի երկու բաժակ էլ խմեր ու երգեր։

- Այդ սովորույթը՝ հայտնի մարդկանց երեխաների հարսանիքներին մասնակցելը, նախկին իշխանություններից մնացել է կարծես, ինչո՞ւ։

- Չեն կարողանում իրենց զսպել, երևի ուտել-խմել են ուզում, ես չգիտեմ։ Ինձ որ գնդակահարեին, ես այդ անճաշակության ու ռաբիսության կողքով չէի անցնի։ Այդտեղ ամենամեծ աստղը երևի ժամկետանց Ալեգրովան է եղել կամ ռուսական այլ աստղեր։ Ո՞նց կարա դասական երաժշտություն սիրող, կարդացող մարդը գնա նման հարսանիքների, դա ինձ համար աբսուրդ է։ Երևի դա քաղաքականություն է կոչվում, ես չգիտեմ, դրա համար էլ քաղաքականության մեջ չեմ։ Իսկ ճաշակ ժամանակին թելադրում էր Ջաղինյանը՝ Միշիկի զակազով։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am