«Վիտալի Բալասանյանը ռևանշի ձգտող, դավադիր հինգերորդ շարասյան խոսափողն է». Վարուժան Ավետիսյան

16-10-2019
«Վիտալի Բալասանյանը ռևանշի ձգտող, դավադիր հինգերորդ շարասյան խոսափողն է». Վարուժան Ավետիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը

- Պարո՛ն Ավետիսյան, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտում հրավիրած ասուլիսում ՀՀ իշխանություններին դարձյալ մեղադրեց Արցախը հանձնելու ծրագիր ունենալու համար։ Բալասանյանը նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է և վերջ», «Սասնա ծռերի» թեզն է։ Ավելի վաղ նա «Սասնա ծռերին» որակել էր որպես ահաբեկիչների՝ սպառնալով ֆիզիկապես ոչնչացնել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Բալասանյանի հայտարարությունները։

- Մենք մեր պաշտոնական տեսակետը բազմիցս հայտնել ենք։ Վիտալի Բալասանյանը հինգերորդ շարասյան խոսափողն է, ռևանշի ձգտող, դավադիր հինգերորդ շարասյան խոսափողը։ Նա իր անձնական կարծիքը չի արտահայտում, այլ փորձում է հանրայնացնել, ընդունելի դարձնել իրենց դավադրական պլանի քարոզչական բաղադրիչը։ Սա, անշուշտ, ի վերջո ձախողվելու է, ժողովուրդը չի ընդունելու։ Բայց իրենք այդպիսի փորձեր են անում։ Մնացածը, ինչպես ասում են, լիրիկա է։ Մնացածին ուշադրություն դարձնել պետք չէ։ Սա է նրանց նպատակը, և կիրառում են քարոզչական հոգեբանական պատերազմի ամենակեղտոտ տեխնոլոգիաներն ու հնարքները։

- Մենք գիտենք, որ Հայաստանի դատախազությունը Վիտալի Բալասանյանի նախորդ հարցազրույցի նյութերն ուղարկել է ազգային անվտանգության ծառայություն՝ ուսումնասիրելու։ Ձեր կարծիքով՝ նրա հայտարարություններում ազգային անվտանգությանը սպառնալիք կա՞, և ինչ կարող է անել ԱԱԾ-ն տվյալ դեպքում։

- ԱԱԾ-ն նույն հինգերորդ շարասյան ստորաբաժանումն է, ենթարկվում է ոչ հայաստանյան իշխանություններին և չի ծառայում հայկական պետությանն ու հայ ժողովրդին։ Դրա վերաբերյալ էլ մենք պաշտոնական տեսակետներ հայտնել ենք։ Մենք ԱԱԾ հետագա ճակատագիրը տեսնում ենք կազմաքանդելու, զտելու և ըստ այդմ՝ պետական ապարատում բաշխելու միջոցով ազգային անվտանգության հայկական մարմինների համակարգ ձևավորելու ճանապարհով, որը պաշտոնապես ներկայացրել ենք։

- Ձեր նշած հինգերորդ շարասյունը Վիտալի Բալասանյանի միջոցով կարո՞ղ է ինչ-որ արդյունքներ գրանցել։

- Նրանք փորձում են տպավորություն ստեղծել, տրամադրություններ ու կարծիքներ ձևավորել, որ, ինչպես դուք ձեր հարցում ասացիք, Նիկոլ Փաշինյանը հանձնում է Արցախը, բոլորը վատն են, ահաբեկիչ են, թշնամի են, ՀՀ նոր իշխանությունները վատն են, իսկ իրենք շատ լավն են, հերոս են։ Ոչինչ, որ տասնամյակներ շարունակ կեղեքել են, պայմանավորված պատերազմ են իրականացրել, տարածքներ են հանձնել, երիտասարդ զինվորներին են մատաղ արել հակառակորդին, սպիտակ ցեղասպանություն են իրականացրել, իշխանություն են յուրացրել, պետություն են զավթել։ Այդ բոլորը նորմալ է, նրանք «հերոսներ» են, իսկ ժողովուրդը, որը նրանց տապալել է, փաստորեն «ազգադավ» է, նրա բոլոր քայլերն «ազգադավ» են։

- Արցախում նախագահի ընտրություններ են սպասվում, Վիտալի Բալասանյանը հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Հնարավո՞ր է նման մեթոդներ կիրառելով՝ նա ընտրություններում ինչ-որ արդյունք գրանցի։

- Մենք հնարավոր չենք համարում մաֆիայի առկայության պայմաններում արդար ընտրություններ։ Երբ իշխանության լծակներն ու փողը մաֆիայի ձեռքին է, համակարգը նրանք են կառավարում, այդ թվում՝ ընտրական մեխանիզմները, որոնք վաղուց հղկված վերարտադրության գործիքի են վերածվել, հնարավոր չէ ազատ ու արդար ընտրություն կազմակերպել Արցախում։ Նախ պետք է մաֆիան հեռացվի, հետո նոր հնարավոր կլինի ընտրություններ կազմակերպել։

Եվ դա պետք է անել միացման գաղափարի շուրջ։ Այսինքն՝ միացման գաղափարի շուրջ հավաքվում են այդ գաղափարը կիսող ու կրող անհատներ ու ուժեր, ստեղծում են քաղաքական բևեռ, որը կազմակերպում է ժողովրդին, ինչպես Երևանում եղավ, Ստեփանակերտում ևս հեռացնում են ռեժիմին, այնուհետև արտահերթ ընտրություններ են կազմակերպվում։ Եվ գործընթացը պետք է տանել Արցախը Հայաստանին դե յուրե միացնելու գործընթացն ամբողջացնելու տրամաբանությամբ։

Արհեստական իրավական ու պետական ինստիտուտներ են ստեղծվել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Արցախի Հանրապետություն կոչվող ապօրինի կազմավորված տարածքում, կեղծ Սահմանադրություն, օրենքներ, կեղծ պետական հաստատություններ։ Դրանք պետք է որպես խոչընդոտներ վերացվեն և ինտեգրվեն Հայաստանի Հանրապետության ամբողջական իրավական, քաղաքական, տնտեսական և այլ համակարգերում։

- Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը Արցախի հիմնախնդրի լուծման հարցում ինչպե՞ս եք գնահատում։

- Մենք կարծում ենք, որ պետք է վերջ տալ այդ երկվությանը՝ մեկ ասել, թե Արցախը Հայաստան է, մեկ քայլեր կատարել, թե Արցախն առանձին պետություն է։ Այս երկվությունից պետք է դուրս գալ և հստակ մտնել Արցախը դե յուրե Հայաստանին միացնելու գործընթացն ամբողջացնելու տրամաբանության մեջ։ Եվ դա շատ արագ պետք է անել, որովհետև մենք տեսնում ենք, որ Արցախը մեզանից հինգերորդ շարասյան ձեռքով նույնիսկ դե ֆակտո պոկելու և Հայաստանին հակադրելու դավադիր գործընթաց կա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am