«Մամուլի վիճակը բավական ծանր եմ գնահատում». Սաթիկ Սեյրանյան

16-10-2019
«Մամուլի վիճակը բավական ծանր եմ գնահատում». Սաթիկ Սեյրանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը

- Տիկի՛ն Սեյրանյան, Հայ մամուլի օրն է նշվում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան մամուլի այսօրվա վիճակը։

- Մամուլի վիճակը բավական ծանր եմ գնահատում։ Հեղափոխությունից հետո, որքան էլ իշխանություններն անընդհատ իրենց հրապարակային ելույթներում հայտարարում են աննախադեպ ազատ մամուլի կամ առաջընթացի մասին, ես կարող եմ բազմաթիվ դեպքեր և այն ատելության մթնոլորտը հիշեցնելով, որն ուղղված է մամուլի ու ազատ խոսքի, մեդիա ոլորտի աշխատողների հեղինակազրկման ուղղությամբ, ասել, որ բավական ծանր կացության մեջ է մամուլը։

Ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն նախկին ղեկավարների, ավելի շատ է շփվում մամուլի հետ, հատկապես սոցցանցերում, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև շատ երևալը կամ շատ խոսելը դեռ չի նշանակում աշխատել կամ համագործակցել մամուլի հետ կամ բաց լինել։

Երբ սոցցանցերում ինչ-որ գրառումներ ես կատարում կամ ուղիղ եթեր ես մտնում, լրագրողը հնարավորություն չի ունենում հակադարձելու կամ հարցեր տալու։ Իհարկե, տարբերություն կա այդ առումով, բայց մամուլի նկատմամբ այս հարձակումները և այդ հարձակումներին իշխանությունների դիրքորոշման բացակայությունը, լռությունը, վարչապետի տիկնոջ կողմից բարոյախրատական ճառերը իսկապես աննախադեպ են՝ ես օգտվեմ Փաշինյանի բառապաշարից։

Շատ լավ միտում եմ տեսնում, որ մամուլը համախմբվում է՝ խնդիրներին դիմակայելու համար, բայց մամուլը նաև սպասում է, թե օրենսդրական փոփոխությունների տեսքով ի՛նչ հերթական «հարձակումներ» են լինելու իր նկատմամբ։

- Այսօրվա ԶԼՄ-ների աշխատանքի որակից գո՞հ եք, լրատվամիջոցների արտադրանքի որակը բավարարո՞ւմ է ձեզ։

- Հայաստանյան լրագրողը և հայաստանյան մեդիան նույնիսկ ավելին են անում և՛ այս պայմաններում, և՛ նախկինում, քան որևէ զարգացած կամ զարգացող երկրի մամուլ։ Չեմ համեմատում, իհարկե, Ադրբեջանի կամ նմանօրինակ երկրների հետ, այդ դեպքում համեմատության եզրեր չեն էլ կարող լինել։

Հայաստանը միշտ ավելի ազատ է եղել, բայց հաշվի առնելով այն պայմանները, այն հնարավորությունները, որոնցից օգտվում են հայաստանյան լրատվամիջոցները և լրագրողները, ես կարող եմ նրանց աշխատանքով շատ դեպքերում, իհարկե, հիանալ։ Իհարկե կան թերություններ, դրանք բազմաթիվ են։

- Հատկապես հեղափոխությունից հետո ֆեյք նյուզի հարցն է սրված։ Մամուլը կարծես պատվեր կատարողի դերում է որոշ դեպքերում հանդես գալիս։ Այս երևույթի մասին ի՞նչ կասեք։ 

- Այդ ֆեյք նյուզը միայն հայաստանյան երևույթ չէ։ Այսօր Թրամփն էլ է պայքարում ֆեյք նյուզի դեմ։ Ֆեյք նյուզը նոր երևույթ չէ Հայաստանում և ամբողջ աշխարհում, փորձում են մեդիագրագիտության կամ այլ ճանապարհներով, նոր մեթոդների միջոցով դրա դեմ պայքարել։ Բայց առաջին հերթին իշխանությունները պետք է զերծ մնան ֆեյք նյուզը որպես գործիք օգտագործելուց։

- Այսինքն՝ Հայաստանում դուք այդ միտո՞ւմն եք տեսնում։

- Այո՛, այսօր ֆեյք նյուզ գործիքակազմից՝ որպես մանիպուլյացիոն գործիքից, առաջին հերթին օգտվում է նախկին ընդդիմությունը, որն այդ գործիքակազմով եկավ իշխանության։ Եվ այսօր էլ դա գործի է դնում՝ իշխանությունը պահպանելու համար։ Առաջին հերթին իշխանությունը պետք է զերծ մնա դրանից։ Երբ իշխանությունն ինքն օգտվում է այդ գործիքից, այդ գործիքը կիրառում են, իրենք իրավունք չունեն դրա հետ կապված դասեր տալ։ 

Ինչ խոսք, մեր խնդիրները շատ-շատ են։ Մենք ինքներս գիտենք դա, գիտենք, որ ընթերցողը շատ հաճախ դժգոհ է, խիստ է ու քննդատաբար է վերաբերվում։ Մենք գիտենք, որ պետք է հղկվենք, շատ աշխատենք։ Բայց այսօր, քանի որ լրատվության ապահովման ռիթմը փոխվել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված, հրատապություն է պետք ապահովել, իսկ լրագրողը դա այսօր չի կարողանում ապահովել։

Երբ լրագրողին պետք է շատ արագ տեղեկությունը ճշտել ու հրամցնել հանրությանը, ստուգված ինֆորմացիա մատուցել, այստեղ գերատեսչությունները, պետական ատյանները խոչընդոտներ են ստեղծում։ Շատ հաճախ այդ խոչընդոտներն ստեղծվում են արհեստականորեն, շատ հաճախ այդ գերատեսչությունների լրատվական ծառայությունները չեն տիրապետում նյութին։ Այսինքն՝ մենք այստեղ խնդիրներ ենք ունենում, հարցին չնայենք միայն լրագրողների թերությունների տեսանկյունից։

Այո՛, լրագրողներս բազմաթիվ սխալներ ու թերացումներ ունենք, շատ հաճախ անբարեխիղճ նյութերի ենք հանդիպում, բայց երբ ինչ-որ բան ես պահանջում դիմացինից, դու պետք է կարողանաս այդ մասով քո գործառույթները ճիշտ կատարել, հետո պահանջ ներկայացնել։ Ես չեմ կարծում, թե որևէ լրագրող կցանկանա չստուգված տեղեկություն տեղադրել, բայց դրա համար պետք է համապատասխան գերատեսչությունները շատ արագ արձագանքեն։ Շատ հաճախ պետական մարմինները հարցին «այո» կամ «ոչ» պատասխանելու համար մինչև 30 օր ժամանակ են ուզում։ Լրագրողն ինչպե՞ս վարվի։

Լրատվամիջոցներն իրենց համակարգիչներում, էլեկտրոնային փոստում ունեն տասնյակ անպատասխան նամակներ։ Արդյոք պե՞տք է, որ լրատվամիջոցները հիմա հանեն ու գերատեսչություններին ուղարկված այդ հարցումները բաց տպեն, թե՞ սպասեն 5 օր, հետո՝ 30 օր։ Անգամ 30 օր հետո էլ են հարցումներն անպատասխան թողնում։ Այսինքն՝ ես երբեք այդ հարվածը չեմ ուղղի լրատվամիջոցների ու լրագրողների դեմ, ընդհակառակը, պետք է շնորհակալ լինել լրագրողներին այսօրվա ծանր աշխատանքն իրենց ուսերին կրելու համար։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am