Ատելության խոսք, կեղծ  լուրեր, մանիպուլյացիաներ. Ինչո՞ւ է լրատվամիջոցների դեմ դատական հայցերի  աննախադեպ աճ արձանագրվել

28-10-2019
Ատելության խոսք, կեղծ  լուրեր, մանիպուլյացիաներ. Ինչո՞ւ է լրատվամիջոցների դեմ դատական հայցերի  աննախադեպ աճ արձանագրվել

Լրատվամիջոցների դեմ դատական հայցերի աննախադեպ աճը մի շարք հանգամանքներով է պայմանավորված, որոնցից մեկն էլ ԶԼՄ-ների կողմից ֆեյք նյուզի տարածումն է։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով վիճակագրական տվյալներին։

Նրա խոսքով՝ մամուլի դեմ այս տարի դատարաններ ներկայացված դատական հայցերը գերազանցել են նախորդ մի քանի տարիների ցուցանիշը միասին վերցված։

«Իրավիճակը միայն ֆեյք նյուզով պայմանավորելը սխալ է, ֆեյք նյուզը պատճառներից մեկն է։ Մյուս պատճառը, օրինակ՝ այն է, որ եկել է քաղաքական, պետական գործիչների նոր սերունդ, որը դեռևս սովոր չէ հանրային ուշադրության կենտրոնում լինել, որ մամուլն իրենց անընդհատ ուշադրության կենտրոնում է պահում, իրենց մասին գրում է։ Նրանք փորձառության ու տեղեկացվածության պակաս ունեն, տեղյակ չեն, թե ինչպես պետք է իրենց պահեն նման դեպքերում, անմիջապես վրդովվում են, անմիջական ռեակցիան այն է, որ մամուլի հախից գան, հաշվեհարդար տեսնեն»,- «Մեդիալաբին» ասում է Շուշան Դոյդոյանը։

Նրա խոսքով՝ դատական հայցերի աճի պատճառներից է ֆեյք նյուզի ու ապատեղեկատվության տարածումը։ Բայց սա ավելի շատ հետևանք է։

Հիմնական խնդիրը, ըստ մասնագետի, այն է, որ ընդհանրապես մամուլի հրապարակումների որակն է ընկել։

«Էթիկական լրատվության բացակայությունն է խնդիրը։ Ցավոք, այսօր էթիկական լրագրությունը եկամտաբեր չէ, և ԶԼՄ-ներին ուղղակի ձեռնտու չէ լինել չեզոք, բարեխիղճ, օբյեկտիվ լրատվություն մատուցել, որովհետև այդ դեպքում իրենք լսարան են կորցնում, երբ սկանդալ չեն մատուցում։ Այսօր նաև լսարանի պահանջարկի փոփոխություն կա, թե ինչ է ուզում կարդալ լսարանը»,- ասում է Դոյդոյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ օրերս հրապարակած զեկույցի համաձայն՝ 2019 թվականի երրորդ եռամսյակում շարունակվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական հայցերի աննախադեպ հոսքը։ Երրորդ եռամսյակում տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել 33 գործ։ Դրանցից 30-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 2-ը վերաբերում են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, 1 դեպքում էլ լրատվամիջոցը հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի։

2019 թվականի 9 ամիսների ընթացքում վիրավորանքի և զրպարտության հիմքով ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների դատարաններ է ներկայացվել 83 գործ, ինչը շատ ավելին է, քան նախորդ 2 տարիների նույն ցուցանիշները միասին վերցրած։

Երրորդ եռամսյակում դատարաններ ներկայացված վերոնշյալ գործերով հայցվորները հիմնականում ներկա ու նախկին պաշտոնյաներ են։

«Դատական հայցերի այս հոսքը թերևս պայմանավորված է այն իրողությամբ, որ ԶԼՄ-ների զգալի մասը լի է ատելության խոսքով, ֆեյք լուրերով, կողմնակալ մեկնաբանություններով ու մանիպուլյացիաներով։ Հետհեղափոխական շրջանում, երբ էլ ավելի սրվեց լրատվամիջոցների բևեռացումը և բաժանումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների, շատ ԶԼՄ-ներ վերածվեցին քարոզչամիջոցների՝ սպասարկելով նախևառաջ իրենց քաղաքական հովանավորների շահերը։ Որոշ դեպքերում էլ քննադատության թիրախ դարձած մարդիկ փորձում են դատարանների միջոցով ճնշում գործադրել ԶԼՄ-ների վրա»,- նշվում է ԽԱՊԿ զեկույցում։

Միայն «Հրապարակ» օրաթերթի դեմ այս տարի վեց հայց է ներկայացվել դատարան, «Մեդիալաբին» ասում է թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

Նա հավելում է, որ մամուլի դեմ ճնշումները մեծացել են։ Եվ, առհասարակ, ըստ Օհանյանի, հիմա հոգեբանական ծանր վիճակում են հայտնվել այլ կարծիք հայտնողները, քննադատողները։

«Ընդհանրապես երկրում հիմա բռնելու, դատելու, պատժելու հիստերիկ մթնոլորտ է ստեղծվել։ Եվ, բնականաբար, այդ մթնոլորտում պետք է լրատվամիջոցների դեմ հայցերն էլ շատանային։ Մարդիկ իրար նկատմամբ ատելությամբ են լցված, և դա արտահայտվում է նաև լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքում, սոցցանցերում, միջանձնային հարաբերություններում»,- «Մեդիալաբին» ասում է Արմինե Օհանյանը։

 Նա նշում է, որ համաձայն չէ այն դիտարկմանը, որ ֆեյք նյուզի տարածումն է նաև դատական հայցերի աճի պատճառը։

«Մեր բոլոր հայցերը կապ չունեն ֆեյք նյուզի հետ։ Վիրավորանքն այլ բան է, զրպարտությունը՝ այլ։ Ֆեյք նյուզ ասվածը կարող է զրպարտության շրջանակներում դիտվել։ Բայց վիրավորանքը կապ չունի ֆեյք նյուզի հետ։ Մարդն ասում է՝ կոպիտ եք արտահայտվել իմ մասին, ճիշտ գնահատական չեք տվել իմ անձին, ես վիրավորված եմ։ Մեր հայցերի 90 տոկոսը հենց վիրավորանքի հոդվածով է, ոչ թե զրպարտության»,- հավելում է Օհանյանը։

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Մեդիալաբի» հետ զրույցում մամուլի վիճակը բավական ծանր է գնահատում։

«Հեղափոխությունից հետո, որքան էլ իշխանություններն անընդհատ իրենց հրապարակային ելույթներում հայտարարում են աննախադեպ ազատ մամուլի կամ առաջընթացի մասին, ես կարող եմ բազմաթիվ դեպքեր և այն ատելության մթնոլորտը հիշեցնելով, որն ուղղված է մամուլի ու ազատ խոսքի դեմ, մեդիա ոլորտի աշխատողների հեղինակազրկման ուղղությամբ, ասել, որ բավական ծանր կացության մեջ է մամուլը»,- ասում է Սեյրանյանը։

Ինչ վերաբերում է ֆեյք նյուզի խնդրին, Ժուռնալիստների միության նախագահի խոսքով՝ այսօր ֆեյք նյուզ գործիքակազմից՝ որպես մանիպուլյացիոն գործիքից, առաջին հերթին օգտվում է նախկին ընդդիմությունը, որն այդ գործիքակազմով եկավ իշխանության։

«Եվ այսօր էլ դա գործի է դնում՝ իշխանությունը պահպանելու համար։ Առաջին հերթին իշխանությունը պետք է զերծ մնա դրանից։ Երբ իշխանությունն ինքն է օգտվում այդ գործիքից, այդ գործիքը կիրառում են, իրենք իրավունք չունեն դրա հետ կապված դասեր տալ»,- «Մեդիալաբին» ասում է Սաթիկ Սեյրանյանը։

Շուշան Դոյդոյանն արձանագրում է, որ թեև Հայաստանում կան արտադատական մարմիններ և հաջողությամբ գործում են, բայց դրանցից քչերն են օգտվում, իսկ պատճառն այն է, որ կա՛մ դրանց նկատմամբ մարդիկ վստահություն չունեն, կա՛մ դրանց մասին իրազեկվածությունն է շատ ցածր։ Դատարան դիմած քաղաքական գործիչը, ըստ Դոյդոյանի, ավելի շուտ պատրաստ է փող վճարել, փաստաբան վարձել, պետական տուրքեր վճարել, բայց դատական ճանապարհով իր հարցերը լուծել։ Այնինչ, դրա փոխարեն կարելի էր մամուլի հետ իր վեճը լուծել՝ լրագրողական համայնքի հետ քննարկելով հարցը՝ էթիկայի դիտորդ մարմնի կամ տեղեկատվական վեճերի խորհրդի միջոցով։ Եթե այս դեպքում անձը բավարարված չլինի, նոր կարող է դիմել դատարան։

«Էլ չեմ խոսում այն մասին, որ նախևառաջ պետք է դիմել ԶԼՄ-ին։ Այս բոլոր դեպքերը, երբ նայում ենք, շատ հաճախ ոչ էլ դիմել են ԶԼՄ-ին, ոչ էլ պահանջել են հերքում՝ գուցե դա համարելով անօգուտ աշխատանք ու ժամանակի վատնում։ Բայց գոնե ձևական առումով այդ քայլը չեն արել»,- հավելում է Դոյդոյանը։

Նրա կանխատեսումներով՝ առաջիկայում կարող են աճել ԶԼՄ-ների դեմ դատական հայցերը։

«Երեք ամսում մենք ունենք արդեն 30-ից ավելի գործ։ Գնալով այս ցուցանիշն աճելու է։ Դա մյուս կողմից բերում է նաև դատարանների ծանրաբեռնվածության աճի։ Իսկ քանակն ազդում է նաև որակի վրա, ինչքան շատ գործեր, այնքան դրանց վերաբերյալ որոշումների որակն ընկնում է։ Այսինքն՝ այս իրավիճակը նաև դատական ակտերի որակի վրա է իր ազդեցությունն ունենում»,- ասում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am