Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն այս անգամ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվելու մեծ հավանականություն ունի. Թուրքագետ

29-10-2019
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն այս անգամ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվելու մեծ հավանականություն ունի. Թուրքագետ

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն այս անգամ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվելու մեծ հավանականություն ունի։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինտիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Հայաստանի ժամանակով այսօր գիշեր ԱՄՆ Կոնգրեսում սպասվող քվեարկությանը։ 

Մասնագետն այս բանաձևի քվեարկության հարցն այս փուլում ԱՄՆ Կոնգրեսում բարձրացնելը բացատրում է Սիրիայի հարցում թուրք-ամերիկյան լարված հարաբերություններով։ Եվ հենց լարված հարաբերությունների ֆոնին մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ն այս անգամ կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հավելում է մասնագետը։

«Ես սա կապում եմ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարման այս փուլի հետ։ Եվ կարծես թե, ինչպես վկայում են մեր հայրենակիցները, առաջին անգամ այս բանաձևը բավական մեծ հնարավորություն ունի ընդունվելու»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Սաֆրաստյանը։

Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: Եվ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևը հեղինակել են դեմոկրատ ու հանրապետական մի խումբ կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Փիթեր Քինգն ու Ջեքի Սփիերը։ Մասնագետները սա պատմական քվեարկություն են որակում։

Ռուբեն Սաֆրաստյանն ասում է, որ այս փուլում բանաձևի ընդունումն ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայաստանի համար առաջին հերթին նշանակում է, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհով կընդլայնվի։ ԱՄՆ-ն կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար, որոնք չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։

«ԱՄՆ-ի օրինակը, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի մյուս երկրների համար։ Երկրորդ՝ այս քվեարկությամբ թուրք-ամերիկյան հարաբերությունները կստանան շատ մեծ հարված։ Բանն այն է, որ Թուքիան բազմիցս հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, ապա Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի ԱՄՆ-ի դեմ»,- ասում է Սաֆրաստյանը։
Իսկ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դեպքում Թուրքիան մի քանի անգամ ավելի ուժգին հարված կստանա։

Սաֆրաստյանը հավելում է. «Դուք պատկերացնո՞ւմ եք, չէ, թե ինչ է նշանակում ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Այդպես հայտարարել են Թուրքիայից։ Հենց դա է ամբողջ խնդիրը, որ Թուրքիան հավանաբար այլևս չի կարողանա հրաժարվել իր հայտարարությունից։ Այնպես որ, դա առաջին հերթին նաև հարված կհասցնի Թուրքիային, և թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են վատանալ։ Ամեն դեպքում, սպասենք, տեսնենք, թե ինչ արդյունք կլինի, բայց այս անգամ կարծես թե շանս կա, որ բանաձևը կընդունվի»,- ասում է Սաֆրաստյանը։

Մասնագետի կարծիքով՝ եթե այս փուլում թուրք-ամերիկյան հարաբերությունները լարված չլինեին, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հարցը չէր բարձրացվի, և նման բանաձև առաջ չէր քաշվի։ 

Հիշեցնենք, որ վերջին անգամ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նման փաստաթուղթ քվեարկության էր դրվել 1984 թվականին:

Բանաձևի հեղինակները չեն հերքել, որ այս հարցն այս փուլում բարձրացնելը կապված է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացրած գործողությունների հետ, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին։

«Հիմա, երբ Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարձակում է նախաձեռնել, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ սպանվեցին, դարձան փախստական, առավել կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատում հստակ և ուղիղ խոսք հնչի մարդկության դեմ գործած հանցանքների մասին, անկախ այն բանից՝ դա տեղի է ունեցել մեկ դար առաջ, թե մեր օրերում»,- հայտարարել են փաստաթղթի հեղինակ կոնգրեսականները։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am