«Սարսափելի», «բարբարոս» երկիր Հայաստանը կամ՝ սուտ՝ հանուն բարեկեցիկ կյանքի Եվրոպայում

31-10-2019
«Սարսափելի», «բարբարոս» երկիր Հայաստանը կամ՝ սուտ՝ հանուն բարեկեցիկ կյանքի Եվրոպայում

39-ամյա Անահիտը 2010-ին Գերմանիա է մեկնել ու այնտեղ ապաստանել՝ սուտ տեղեկություն ներկայացնելով գերմանական իշխանություններին, ներկայանալով որպես հալածյալ: Նա հայտնել է, թե իրեն քաղաքական հայացքների համար Հայաստանի իշխանությունները հետապնդման են ենթարկել, ինքն այստեղ ազատ չէ: Սակայն տարիներ անց պարզվել է, որ նա ընդամենը բանկից, որտեղ աշխատել է, գողություն է կատարել և այդ գումարով էլ հենց մեկնել Եվրոպա՝ լավ, պայծառ կյանքի փնտրտուքներով: 

Իտալիայի իշխանություններին դիմելով էլ մեկ այլ ՀՀ քաղաքացի՝ 28-ամյա Աննան, դժգոհել էր, թե Հայաստանում ծնողները աղջիկ երեխաներին վաճառում են իրենց ուզած տղաներին, և աղջիկները Հայաստանում որևէ իրավունք չունեն, և յուրաքանչյուր ազատության ձգտման դեպքում աղջիկների կյանքը կարող է դժոխքի վերածվել: 

Թե ինչ «սարսափելի» բարբարոս երկիր է Հայաստանը, կարելի է տեղեկանալ հազարավոր մարդկանց պատմություններից, որոնք հեռանում են Հայաստանից եվրոպական անկյուններ: Եվրոպայում քաղաքական ապաստան ստանալու գինը հիմնականում սուտն է: Սուտ՝ բարեկեցիկ կյանքի համար: 

Նմանօրինակ բազմաթիվ պատմությունների մասին լավատեղյակ են Հայաստան հարկադիր վերադարձվածների հարցերով զբաղվող բարեգործական կազմակերպություններում: Օտար երկրներում ապաստան գտած հայերից շատերը շահարկում են ղարաբաղյան հակամարտության հարցը, վարպետորեն կազմված փաստաթղթերի օգնությամբ ներկայանում որպես տեղահանված ադրբեջանցի, իսկ հակամարտությունից տուժած անձանց Եվրոպայում գրկաբաց են ընդունում: Հաշվի առնելով այն, որ որոշ եվրոպական երկրներ Հայաստանը դասել են ապահով երկրների շարքը, և ապաստան հայցողների հայտերը հիմնականում մերժվում են, վերջին տարիներին շատերը նման երկրներ դիմում եմ՝ ներկայանալով որպես սեռական փոքրամասնություն՝ դրական պատասխան ստանալու համար: 

Ըստ ոլորտում աշխատող մասնագետների, եվրոպական երկրներում ապաստան հայցելու համար հայերի առջև դռները բացվել են հատկապես 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո, երբ նրանք քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմքով հեռանում էին երկրից ու ապաստան ստանում տարբեր երկրներում: 

«Գնում են Հայաստանը ներկայացնում են այնպես, որ իրականությանը չի համապատասխանում: Իհարկե, մեր երկրում խնդիրներ շատ կան, բայց դրանք այդքան մեծ ու սարսափելի չեն, ինչպես ներկայացվում են եվրոպական երկրներում հայերի կողմից ապաստան հայցելիս»,- «Մեդիալաբին» ասում է «Հայկական Կարիտասի» «Միգրացիա և զարգացում» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշում է, որ Փախստականների կարգավիճակի մասին Ժնևի կոնվենցիան սահմանում է հինգ պայման, որոնց հիման վրա հայերին Եվրոպայում կարող են փախստական ճանաչել: Այդ պայմաններն են՝ կրոնական, ռասայական, ազգային-էթնիկական պատկանելության, քաղաքական հայացքների և որևէ սոցիալական խմբի, մասնավորապես՝ սեռական փոքրամասնության, պատկանելու համար հետապնդման հիմքերը:

Անձը գրում է իր կյանքի պատմությունը նշված հիմքերից մեկով ու այդ շարադրված պատմությամբ հայց է ներկայացնում ապաստան ստանալու համար: Եթե մերժվում է, ապա համարվում է անօրինական միգրանտ: 

«Մերժումն ստանալու պահից նա փախստական չէ: Եվ բացի այդ, նա այլևս ապաստան հայցող էլ չէ, քանի որ մարդը համարվում է ապաստան հայցող այնքան ժամանակ, մինչև գործը քննվում է: Անօրինական միգրանտին տվյալ պետությունը պետք է հետ ուղարկի իր ծագման երկիր՝ այդ երկրի հետ կնքած համապատասխան պայմանագրի հիման վրա: Իսկ ծագման երկիրն էլ պարտավոր է ընդունել քաղաքացուն»,- ասում է Արմեն Ղազարյանը:

Հետագա գործընթացն այսպիսին է՝ տվյալ երկրի միգրացիոն մարմինը կապվում է, օրինակ՝ Հայաստանի պատասխանատու մարմինների հետ, ստուգվում է անձի քաղաքացիությունը և, համոզվելով, որ այդ անձը ՀՀ քաղաքացի է, Հայաստանը տալիս է դրական պատասխան՝ իր քաղաքացուն հետ ընդունելու պատրաստակամության մասին: Եթե ՀՀ-ն չի կարողանում հաստատել տվյալ անձի ինքնությունը, նրան հետ չեն արտաքսում: 

Ստի ու կեղծիքի դիմելու և եվրոպական երկրներում կեցություն ստանալու երկար ու ոչ հեշտ ճանապարհի հիմնական նպատակը շատերի համար քիչ թե շատ բարեկեցիկ ու ապահով կյանքն է:

2013 թվականին հրապարակված «ՀՀ միգրացիոն իրավիճակի գնահատում` ընտրանքային հետազոտության միջոցով» ուսումնասիրության համաձայն, 2008-2011 թվականներին միջին տարեկան հաշվով 42.5 հազար մարդ մեկնել է Հայաստանից ու չի վերադարձել: 

«Մեդիալաբի» թղթակցի հետ զրույցում Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում ապաստանած շուրջ տասնյակ հայեր խուսափեցին ներկայացնել՝ ինչ պայմաններում ու ինչպես են ապաստան հայցել օտար պետությունից՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է իրենց կեցության համար լուրջ խնդիրներ ստեղծել: 

«Որ դուք մեր անցած ճանապարհի 50 տոկոսի միջով անցնեք, կկախվեք: Մարդիկ էդ հողի վրա գժվում են, ու լավ օրից չի, որ փախել են Հայաստանից, եկել ստեղ խաբել: Մարդիկ տուն-տեղ ծախել են ու փախել, 10-20 տարի հարազատի երես չեն տեսել»,-«Մեդիալաբին» ասաց Հոլանդիայում ապրող հայերից մեկը: Նա հավելեց, որ բոլորը ծայրահեղ զգուշավոր են, քանի որ վերջին ամիսներին տարբեր մարդկանց արտաքսել են՝ բացահայտելով, որ վերջիններս իրենց կյանքի մասին սուտ պատմություններ են պատմել իշխանություններին: 

Նա հրաժարվեց մանրամասներ ներկայացնել կեցության պայմանների մասին, որոնք կստիպեին այլոց «կախվել»: 

Փոխարենը ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Իտալիայում ուսանելու տարիներին այնտեղ ապաստանած բազմաթիվ հայերի կեցության պայմաններին է ծանոթ եղել ու փաստում է՝ դրանք ստորացուցիչ են: 

«Ես տեսել եմ մարդկանց ծանր կյանքը՝ ինչպես են թաքնվում, երբ կեցության համար համապատասխան փաստաթղթերը չեն ստացվում: Երբևէ չեմ կարողացել հասկանալ՝ ինչո՛ւ են դիմում այդ քայլին: Ես տեսել եմ՝ ինչպես է աղջիկը թաքնվել կարտոֆիլի մեծ պարկի տակ, որ ոստիկանները չբռնեն իրեն: Ոչ մեկը չի կարող պատկերացնել այն ստորացումը, որ տեսնում են այնտեղ միգրանտները», «Մեդիալաբին» ասում է Դավիթ Պիպոյանը: 

Դավիթ Պիպոյանը հենց Իտալիայում ուսանելու տարիներին է առիթ ունեցել ծանոթանալու շատերի պատմություններին, քանի որ աշխատել է համապատասխան կառույցում որպես թարգմանիչ և թարգմանել է ապաստան հայցող շատ հայերի անձնական գործերը: Նա նշում է, որ այդ շրջանում էլ պարզել է՝ ինչպես են իրական մարդիկ տարբեր ստեր ներկայացրել իրենց կյանքի մասին, որպեսզի եվրոպական այդ անկյունում ապրելու իրավունք ստանան: 

«Միգրացիայի դիմելիս նրանք մի քանի անգամ են ստում, հասկանո՞ւմ եք: Նախ՝ խաբում են այն երկրին, որից հայցում են ապաստան, այնուհետև՝ հայ հանրությանը՝ իրենց կյանքը ներկայացնելով այնպես, ինչպես դրախտում: Մինչդեռ այդպես չէ: Երբ շատ հաճախ թարգմանություններ էի կատարում, ավելի խորքային եմ տիրապետում, թե ինչեր են գրում մեր երկրի մասին, և պետք է ասեմ, որ այն ցավը, որն ապրել եմ, աննկարագրելի է: Ես միշտ մտածել եմ՝ եթե երկրից գնում ես, ապա դու այլ երկրում ներկայանում ես որպես քո երկրի դեսպան, ու քեզնով են հենց ճանաչում քո երկիրն օտար ափերում»,- ասում է Դավիթ Պիպոյանը: 

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրները, որոնք ներկայացվում են հայերի փաստաթղթերում՝ անարդարությունն է եղել, քաղաքական հետապնդումը, սեռական կողմնորոշումը:

«Այն, ինչ գրվում, ներկայացվում է այնտեղ, բացարձակապես եզր չունի հայկական իրականության հետ»,- ասում է նա: 

Նման մի անիրական պատմության մասին էլ բարձրաձայնվեց անցյալ տարի, երբ Հոլանդիայում երկու երեխաների՝ Լիլիթի ու Հովիկի մորը՝ Արմինե Համբարձումյանին Հոլանդիայի իշխանությունները առանց երեխաների վտարեցին իրենց երկրից: 

Հոլանդական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցների առաջին էջերից չէր իջնում այդ երեխաների պատմությունը: Նրանց համար բողոքի ակցիաներ էին կազմակերպվում Ամերսֆորտ քաղաքում. տեղի բնակիչներն ու հատկապես երեխաները իշխանություններից պահանջում էին երկրից չվտարել Հովիկին ու Լիլիթին: 

Ընտանիքի արտահանձնման պատճառը, ըստ հոլանդական լրատվամիջոցների, այն էր, որ նրանք ներկայացել են այլ անուններով ու իրենց մասին պատմել միանգամայն այլ պատմություն՝ խաբելով իշխանություններին: Թաքնված երեխաներին գտնել հնարավոր չէր եղել, և մայրը միայնակ էր վտարվել Հայաստան: 

«Մեդիալաբի» ջանքերը Հայաստանում գտնելու Արմինե Համբարձումյանին՝ որևէ կերպ հաջողությամբ չպսակվեցին: Նա որևէ կառույցի հետ կապ չի հաստատել, ավելին, չէր ցանկացել հանդիպել նաև Հայաստան ժամանած հոլանդացի լրագրողների հետ: Իսկ լրագրողները եկել էին Հայաստան, որպեսզի պարզեին՝ ինչ պայմաններ կան մեր երկրում փոքրիկ Հովիկի ու Լիլիթի բնականոն ապրելու համար: Եվ արդյո՞ք Հայաստանն իրոք այդքան խնդրահարույց ու սարսափելի երկիր է, ինչպես ներկայացնում են երկրից հեռացածները: 

Լիլիթի ու Հովիկի պատմությանը Հոլանդիայում հաջորդեց Թամրազյանների ընտանիքի ցնցող պատմությունը: Հաագա քաղաքի բողոքական եկեղեցիներից մեկում ավելի քան 700 ժամ (96 օր) պատարագ է մատուցվել՝ ի պաշտպանություն եկեղեցում ապաստանած հայ ընտանիքի: Հոլանդիայի իշխանությունների որոշմամբ՝ ոստիկանությունը պետք է ապահովեր Սասուն և Անուշ Թամրազյանների ու նրանց երեք երեխաների արտաքսումը երկրից: 

Սակայն եկեղեցում փակված մնալն ու պատարագ մատուցելը օգնում են նրանց, քանի որ հոլանդական օրենքի համաձայն՝ ոստիկանությունը պատարագի ժամանակ իրավունք չունի եկեղեցի մտնելու: 

Եվրոպական լրատվամիջոցները գրել էին, որ Սասուն Թամրազյանը 2009-ին է Հայաստանից արտագաղթել՝ քաղաքական հետապնդման ենթարկվելու պատճառով: Այս պատմությունից հետո բարձրացված աղմուկը ստիպում է տեղի իշխանություններին որոշում կայացնել՝ հինգ տարուց ավելի Հոլանդիայում անօրինական ապրող երեխաներին ներել ու թույլ տալ ապրել իրենց երկրում: 

Իսկ 2019-ի մարտին Թամրազյանների ավագ դուստրը՝ Հայարփի Թամրազյանը, «Թվիթերի» իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել իրենց ընտանիքին օգնած մարդկանց և տեղեկացրել, որ իրենց ընտանիքն արդեն Հոլանդիայի քաղաքացիություն է ստացել: «Շնորհակալություն ձեզ աջակցության, աղոթքների ու ձեր վառած մոմերի համար»,- գրել է նա: 

Ի դեպ, Թամրազյանին 2008-2009-ին քաղաքական հետապնդման ենթարկելու մասին հայաստանյան լրատվամիջոցներում որևէ տեղեկություն չի եղել, համացանցի հայկական տիրույթն այդ մասին լռում է, հետևաբար ենթադրվում է, որ 2008-ի քաղաքական ակտիվ շրջանը Թամրազյաններն օգտագործել են երկրից հեռանալու համար, ինչպես հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնց համար մարտիմեկյան արյունալի իրադարձությունները եվրոպական երկրներում ապաստան հայցելու փայլուն հնարավորություն են ստեղծել: 

Սակայն, ի տարբերություն 2008-ի, 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը կարմիր լույս վառեց բազմաթիվ մարդկանց ճանապարհին: 

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասում է՝ Հայաստանում 2018-ի ապրիլին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները մեծ նշանակություն ունեցան եվրոպական երկրներից Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու հարցում: Նա նշում է, որ հեղափոխությունից հետո երկիրը քաղաքականապես ավելի անվտանգ է դարձել, բազմակարծության համար լայն դաշտ կա: 

«Եթե որևէ մեկը հիմա գնա այնտեղ ասի, որ ինձ Հայաստանում քաղաքական կարծիքի համար հետապնդում են, այդ անձին անլուրջ կհամարեն, որովհետև այսպես է՝ այդ հայցերը քննում են երկու հիմքով՝ առաջինը՝ այդ մարդու հայտնած տեղեկությունը և երկրորդը՝ այդ անձի ծագման երկրի մասին այլ հասանելի աղբյուրներից տեղեկատվության հավաքագրումը ապաստան տվող երկրի կողմից: Հավաքում են այդ տեղեկությունը ու տեսնում, որ այնտեղ չկա քաղաքական հետապնդումների մակարդակ, մամուլի ազատությունը մեկ տարվա ընթացքում 19 կետով առաջընթաց է ունեցել: Նման բաներ են տեսնում, ու ակնհայտորեն այդ հայցը կլինի ոչ հիմնավոր, և հավանական է, որ այդ անձին հետ կուղարկեն»,- ներկայացնում է Ղազարյանը: 

Փոխարենը, ըստ «Հայկական Կարիտասի» ներկայացուցչի, կան Հայաստանից հեռանալու օրինական ձևեր՝ ուսանողական, աշխատանքային պայմանագրերի հիման վրա: Բայց, նրա խոսքով, եթե մարդիկ, այդուհանդերձ, այդ պայմանները չեն բավարարում, ապա պետք չէ ռիսկի դիմել ու «կյանքը տանուլ տալ»: 

«Պատկերացրեք՝ վերադարձող միգրանտներ ունենք, ովքեր 20 տարի ապօրինի ապրել են ԵՄ անդամ երկրներից մեկում: Սև շուկայում գործ են արել, գումար են վաստակել, ապրել են ու չեն կարողացել այդ տարիների ընթացքում օրինական կարգավիճակ ստանալ: 20 տարի, մի ամբողջ կյանք: Լինում են դեպքեր, երբ երեխաներ են ծնվում, ու նրանց հետ են ուղարկում: Դա սթրես է և՛ երեխաների, և՛ ընտանիքների համար»,- ասում է Ստեփանյանը: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am