Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել․ ՔԿ

18-11-2019
Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել․ ՔԿ

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ;

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հարություն և Զավեն  Գրիգորյանները բռունցքով և մահակով հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխի շրջանին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս: Մեղադրյալներ Հարություն և Զավեն Գրիգորյանների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Գործով ականատես վկաներ, զինծառայողներ՝ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանը, ովքեր իրենց ցուցմունքներում նշել էին Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու և անգործություն դրսևորելու հանգամանքի մասին, իրենց ցուցմունքները պնդել են Տրդատ Սարգսյանին առերես:

Վերջինս կտրականապես հերքել է դեպքի վայրում գտնվելու և վիճաբանությանն ականատես լինելու հանգամանքն ու հայտնել, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.02-ից, գտնվել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող բնակարանում:

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների, այդ թվում և՝ մեղադրյալների բջջային հեռախոսահամարներից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով ստույգ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցագործության դեպքը կատարվել է սեպտեմբերի 17-ի ժամը 23.55-ին, և սեպտեմբերի 18-ի ժամը 00.01-ի դրությամբ ավարտվել է, քանի որ համաձայն հեռախոսազանգերի վերծանումների, նշված ժամին է ահազանգ կատարվել «Շտապբուժօգնություն» ծառայություն:

Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի մուտքը նկարահանող տեսախցիկի տեսագրության զննությամբ հաստատվել է Տ.Սարգսյանի՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.02-ին վերադառնալու և մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 00.20-ը բնակարանից չբացակայելու հանգամանքը:

18.10.2019թ. ստացվել է տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը, այդ թվում և՝  ֆոտոաղյուսակը, համաձայն որի՝ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի /Տ.Սարգսյանի բնակության վայր/ 1-ին հարկում գործող ատամնաբուժարանից առգրավված և փորձաքննությանը ներկայացված տեսագրող սարքի հետազոտությամբ մոնտաժման հետքեր չեն հայտնաբերվել, միաժամանակ պարզվել է, որ տեսագրող սարքի ժամային ցուցիչն իրական ժամից հետ է ընդամենը 2 րոպե:

Տ.Սարգսյանի ցուցմունքում նշված հանգամանքները հաստատվել են նաև վերջինիս բջջային հեռախոսահամարից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով:

Այսպիսով, կատարված քննությամբ պարզվել է, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել»: