Առողջապահության նախարարության պարզաբանումը

19-11-2019
Առողջապահության նախարարության պարզաբանումը

Անդրադառնալով «Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հայտարարել են հացադուլ, որոնց մեջ է դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրը» վերտառությամբ նյութին, Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հաստատել է, որ պացիենտները հարց են բարձրացրել և պահանջում են իրենց հարազատների կողմից բերված սնունդը թույլատրել ընդունել:

Տնօրենը պարզաբանել է, որ սահմանափակումը պայմանավորված է եղել հիվանդների անվտանգության հետ` սննդային թունավորումներից զերծ պահելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով վերջին 1 ամսվա ընթացքում արձանագրված աղիքային վարակի փաստը:

Սերգեյ Խաչատրյանը նաև նշել է, որ ներկա պահին թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե ոստիկանությունից ներկայացուցիչներ կան կենտրոնում, և որ հարցը կարգավորվել է: Բաժանմունքի բոլոր պացիենտները սնունդ ընդունել են: