«Իրանի թե՛ ներսում, թե՛ դրա շուրջ յուրաքանչյուր լարվածություն չի բխում մեր ազգային ու պետական շահերից». ըստ իրանագետ

20-11-2019
«Իրանի թե՛ ներսում, թե՛ դրա շուրջ յուրաքանչյուր լարվածություն չի բխում մեր ազգային ու պետական շահերից». ըստ իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Վարդան Ոսկանյանը

- Պարո՛ն Ոսկանյան, վերջին տեղեկություններով ի՞նչ իրավիճակ է Իրանում, բողոքի ակցիաները հանդարտվե՞լ են, թե՞ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել։

- Իրականում Իրանից ստացվող տեղեկությունը բավական սահմանափակ է, գիտեք՝ նաև ինտերնետ հասանելիությունն է սահմանափակվել։ Բայց իրական պաշտոնական աղբյուրները տարբեր վայրերից հայտնում են, որ իրավիճակը հանդարտվել է, և այսօր չկան այն մասշտաբի բողոքի ակցիաներ և անկարգություններ, որոնց ականատես էինք վերջին մի քանի օրերի ընթացքում։ Զոհերի վերաբերյալ հստակ տվյալներ չկան, միայն գիտենք, որ անկարգություններ հրահրած մարդկանց թվում կան զոհեր, բայց հստակ թիվ նշելն անհնար է։

Տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշում։ Իրանցի պաշտոնյաները նույնպես հայտարարում են, որ դրա վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի, երբ հստակեցվի թիվը։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը կարծես թե կառավարելի է։ Համենայնդեպս, դատելով այն տեղեկությունից, որը հասնում է մեզ, այդ եզրահանգման ենք գալիս։

- Հեղափոխության միտումներ չկա՞ն Իրանում։

- Նման բան չկա։ Այդ գործողություններն իրենց ծավալներով երբևիցե չեն կարող նման հետևանքներ ունենալ։ Պաշտոնական տվյալներով՝ գործողություններին մասնակցել է մոտ 90 հազար մարդ, ինչը 80 մլն բնակչություն ունեցող Իրանի պարագայում շատ փոքր տոկոս է կազմում։

- Անկարգությունները ծագել են վառելիքի թանկացման խնդրի՞ց, մի փոքր կմանրամասնեք՝ ի՛նչ է կատարվում։

- Տասնամյակներ շարունակ Իրանում տարբեր կառավարություններ սուբսիդավորել են բենզինի և վառելիքի շուկան։ Այդ սուբսիդավորումը աստիճանաբար վերացնելու քայլեր են ձեռնարկվել նախկին նախագահների իշխանության տարիներին։ Եվ, բնականաբար, վերջին քայլը գործող նախագահի կողմից էր։

Իրանցիները սովորել են, որ բենզինը պետք է լինի չափազան էժան։ Հիմա էլ, նույնիսկ այս թանկացումից հետո, բենզինը, մեր տրամաբանությամբ նայելիս, չափազանց էժան է այնտեղ՝ մոտավորապես 120 դրամի սահմաններում։ Մինչև թանկացումը 40 դրամ է արժեցել բենզինը, ինչը, յուրաքանչյուր տնտեսագետ կհաստատի, որ անտրամաբանական գին է։

Բայց իրանցիները փորձում են նաև բնակչությանը տրամադրել որոշակի փոխհատուցումներ։ Մասնավորապես, տեղեկություն կա, որ մոտ 60 մլն իրանցի ստանալու է փոխհատուցում բենզինի թանկացումների հետ կապված։ Դա տատանվելու է յուրաքանչյուր անձի հաշվով ամսական 15-50 դոլարի սահմաններում։ Իրանի պայմաններում այդ չափի փոխհատուցումն այնքան էլ փոքր գումար չէ։

Եթե մենք անդրադառնանք այդ թանկացումների պատճառներին, ապա գործ ունենք ԱՄՆ պատժամիջոցների հետևանքի հետ։ Իրանցիները ստիպված են կրճատել նավթի արտահանումը, և այդ ոլորտից ստացվող եկամուտները, բնականաբար, կրճատվել են։ Իսկ այդ ոլորտից էր սուբսիդավորվում առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը Իրանի հասարակ քաղաքացիներին։

- Ամերիկյան կողմը տարբեր առիթներով հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի խառնվում Իրանի ու Հայաստանի հարաբերություններին, այդ պատժամիջոցները որևէ կերպ չեն կարող առնչվել Հայաստանին։ Հայտարարություններից դուրս իրականում ի՞նչ իրավիճակ է, որքանո՞վ այդ պատժամիջոցները կարող են առնչվել Հայաստանին։

- Ես կարծում եմ, որ Հայաստան-Իրան հարաբերությունների տնտեսական հատվածի մակարդակը այնքան մեծ չէ, որպեսզի անհանգստացնի Միացյալ Նահանգներին։ Բայց եթե մենք նայում ենք Հայաստանի տեսլականի առումով, ապա ակնհայտ է, որ մենք Իրանի հետ պետք է ունենանք հնարավորինս ամենամեծ ծավալների համագործակցություն, որովհետև դա ապահովելու է ոչ միայն մեր երկրի տնտեսական առաջընթացը, այլ նաև ամրապնդելու է մեր քաղաքական ու աշխարհաքաղաքական դիրքերն այս տարածաշրջանում։

Ամեն դեպքում մենք արդեն ունեցել ենք խնդիրներ։ Նույնիսկ Իրանի հայազգի քաղաքացիների բանկային հաշիվների հետ կապված է խնդիր եղել, մեր ավիաշուկայից ստիպված հեռացել է իրանական ամենամեծ փոխադրողներից մեկը՝ «Մահան էյրը»։ Եվ, բնականաբար, դա հենց ԱՄՆ պատժամիջոցների ու որոշակի ճնշումների հետևանք է եղել։ Այսինքն՝ այդուհանդերձ որոշ ոլորտներում այդ ազդեցությունը կա։

Բայց ես կուզեի շեշտադրել նաև մեկ այլ հանգամանք. պատժամիջոցների ռեժիմում գտնվող Իրանի պարագայում մեր պետության համար բացվում են նաև նոր հնարավորություններ՝ հատկապես հաշվի առնելով թե՛ երկկողմ հարաբերություններում առկա ներուժը, թե՛ նաև Եվրասիական տնտեսական միություն-Իրան գործակցության տիրույթը, որտեղ մենք կարող ենք ոչ միայն կոմպենսացնել այն բոլոր վնասները կամ հնարավոր վնասները, որոնք կարող ենք կրել ԱՄՆ պատժամիջոցների պարագայում, այլ նաև ստանալ լրջագույն շահույթ և ամրապնդել մեր պետության դերակատարությունը՝ որպես քաղաքական կարևոր գործոն այս տարածաշրջանում։ 

- Իրանում տեղի ունեցող այս բողոքի ակցիաներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա։

- Ամեն դեպքում Իրանի թե՛ ներսում, թե՛ դրա շուրջ յուրաքանչյուր լարվածություն չի բխում մեր ազգային ու պետական շահերից, որովհետև մենք ադրբեջանա-թուրքական շրջափակման պայմաններում ունենք փաստացի երկու ելք դեպի արտաքին աշխարհ։

Մեկը հարավային ելքն է՝ Իրանը, մյուսը՝ Վրաստանը։ Եվ այս վերջին իրադարձությունների ռիսկայնությունը հատկապես բարձր է՝ հաշվի առնելով, որ Վրաստանում էլ ներքաղաքական իրավիճակը չափազանց անկայուն է։ Հետևաբար, մենք պետք է առաջիկայի համար ունենանք հստակ ծրագրեր՝ նման սցենարներին և նման մարտահրավերներին պատվով ու մեր պետության շահը հաշվի առնելով դիմակայելու համար։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am