Երեք տարվա ընթացքում Երևանում համալիր կերպով կլուծվի տրանսպորտի հարցը. Ավինյան

20-11-2019
Երեք տարվա ընթացքում Երևանում համալիր կերպով կլուծվի տրանսպորտի հարցը. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուսով է, որ 1-3 տարվա ընթացքում կկարողանան համալիր կերպով լուծել երթուղային տրանսպորտի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ավինյանն ասաց նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում:

«Մայրաքաղաքի համար արդեն կա հստակ հայեցակարգ, քաղաքապետարանը հստակ ծրագիր ունի: Մենք երկու քննարկում ենք կազմակերպել քաղաքապետի, միջազգային մեր դոնոր գործընկերների, ֆինանսների նախարարության մասնակցությամբ: Կարծում եմ, մեզ համար վերջնական լուծումներն արդեն որոշակիորեն հասկանալի են, որոշակի գործընթաց է տեղի ունենում:

Կառավարությունն աջակցում է քաղաքապետարանին այս խնդրի լուծմանը հասնելու հարցում, և հուսով եմ, որ մոտակա 1-3 տարվա ընթացքում մենք կկարողանանք քաղաքում համալիր կերպով լուծել տրանսպորտի հարցը, և վստահ եմ նաև, որ այս գործընթացը տրանսպորտի կազմակերպման առումով կբերի որակական ահռելի փոփոխության»,- ասաց Ավինյանը: