Մենք խոսում ենք տարբեր լեզուներով. գիտնականները վիրավորված են սուրճ խմելու մասին վարչապետի հայտարարությունից

20-11-2019
Մենք խոսում ենք տարբեր լեզուներով. գիտնականները վիրավորված են սուրճ խմելու մասին վարչապետի հայտարարությունից

Նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին երիտասարդ մի աղջիկ ուղիղ հարցրել էր՝ գիտության ֆինանսավորումը այս տարի կավելացվի՞, չէ՞: Ի պատասխան Փաշինյանն ասել էր, որ կրթության ոլորտի ֆինանսավորումն աճել է, բայց գիտության մասով գիտնականներից պահանջվելու են կոնկրետ նախագծեր, որի համար կլինի ֆինանսավորում: 

«Մենք չենք նայելու՝ գիտության ֆինանսավորումը ավելացնենք, որովհետև ֆինանսավորելու համար պետք է հասկանանք՝ գիտությունն ի՛նչ է տալու դրա դիմաց երկրին, պետությանը ժողովրդին: Գիտության ոլորտում հիմա շատ կան մարդիկ, որ առավոտը գնում են գործի, սուրճ են խմում, գալիս են տուն, ու աշխատանքը, արդյունքը չեն երևում»՝ հավելել էր Փաշինյանը: 

Վարչապետի այս հայտարարությունը վրդովել է երիտասարդ գիտնական, ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանին: 

Նա հակադարձել է Կառավարության ղեկավարին՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով առավոտյան սուրճի լուսանկարը ու գրառելով. «Այո՛, այո՛, չեք հավատա, բայց մենք շարունակելու ենք սուրճ խմել, որովհետև դա նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը»: «Ֆեյսբուքում» Պիպոյանին են հետևել այլ գիտնականներ ևս՝ սոցցանցում հրապարակելով սուրճի լուսանկարներ, թվարկելով իրենց կատարած գիտական հետազոտությունները, ու գրել սուրճի օգտակարության մասին: 

- Պարո՛ն Պիպոյան, դուք երիտասարդ գիտնական եք, ու վերջին շրջանում ձեր ֆեյսբուքյան գրառումներից երևում է՝ դժգոհ եք գիտության ոլորտի նկատմամբ կառավարության վերաբերմունքից: Ի՞նչն է անհանգստացրել ձեզ:

- Բազմիցս քննարկվում էր, որ գիտության ֆինանսավորման համար միջոցներ չեն նախատեսվում, և ես՝ որպես գիտության մեջ ներգրավված անձ, աշխատելով երիտասարդ գիտնականների հետ ու իմանալով ոլորտի խնդիրները, ցավ եմ ապրում, որ նման վերաբերմունք ունենք գիտության նկատմամբ: 

Ամենահետաքրքիրն այն է, որ հստակ բացատրություն չի տրվում, թե ինչո՛ւ չեն ավելացրել ֆինանսավորումը, փոխարենը՝ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում՝ գիտնականները գնում են, սուրճ խմում, ու աշխատանքի արդյունքը չի երևում: 

Ես կարող եմ վարչապետին հակադարձել՝ իսկ գիտե՞ք, օրինակ, իմ ականջին ինչեր են հասնում կառավարության անդամների հետ կապված: Կարելի՞ է եզակի դեպքը ընդհանուր ոլորտի վրա տարածել, սա շատ վիրավորական է: 

Մենք տեսնում ենք, որ գիտության բյուջեն չի ավելանում, և նման փաթեթավորմամբ արդարացնում են այդ քաղաքականությունը:  Այդ արդարացման մեջ կարելի է լինել մարդկային ու չվիրավորել առանց այն էլ ծանր պայմաններում ու չնչին աշխատավարձով աշխատող, ապրող գիտաշխատողներին: Իմ ականջին էլ հասել է, որ կառավարության ինչ-որ անդամներ խոտեր են ծխում, եկեք նրանց աշխատավարձը դարձնենք 55 հազար: Չի կարելի նման հայտարարություններ անել, ի վերջո, տեղից անհրապույր է դարձել գիտության վիճակը: 

- Վարչապետի հայտարարությո՞ւնն է վիրավորել գիտնականների համայնքին:

- Այս օրերին ես հետևում եմ բոլորի՝ ԱԺ նախագահի, վարչապետի, Կառավարության անդամների ելույթներին: ԱԺ նախագահը, որը պաշտպանել է ու, թվում է, գիտությանը մոտ է կանգնած եղել, իր ելույթներում ոլորտը սահմանափակ է պատկերացնում:

Ցանկացած վարչարարի, երբ հայտարարում է, թե մենք նախ պետք է հասկանանք՝ մեզ ի՛նչ պետք է տա գիտությունը, պետք է շատ արագ տուն ուղարկել: Ես չէ, որ պետք է նրան բացատրեմ, թե գիտությունն ի՛նչ է տալիս: Ամբողջ աշխարհն է այս փուլերով անցել ու հստակ պատկերացնում է, թե գիտությունն ի՛նչ է տալիս:

Ավելին, այսօր ամբողջ աշխարհը գիտելիքահեն որոշումներ է կայացնում: Մենք ունենք գործադիր, որը օրենք է խախտում: Եթե դուք լինեք մեր ոլորտի ներսում, կզգաք՝ ինչքան անտարբեր են: Ես կառավարությունում իմ աշխատանքը թողեցի ու եկա գիտության ոլորտ՝ մի շատ կարևոր սկզբունք ունենալով՝ Հայաստանում պետք է զարգացնել կարևորագույն դերակատարում ունեցող մեր կենտրոնը՝ էկոկենտրոնը: 

Տարիներ են անցել այս երիտասարդներին կրթելու համար, շատ դրամաշնորհների ենք դիմել ու այսօր, փառք Աստծո, ունենք շատ լավ պատրաստված երիտասարդ գիտնականներ, իսկական պրոֆեսիոնալներ: 

Անգամ եթե ունենք սուրճ խմող, ի՞նչ խնդիր կա, դու քո երիտասարդներին, հասարակությանը հաջողված դեպքերով օրինակ ծառայելու փոխարեն անվանարկում ես գիտնականներին: Մարդիկ 32 հազար նվազագույն աշխատավարձով աշխատել են ու պատիվ են բերել ու բերում իրենց երկրին: 

- Պարո՛ն Պիպոյան, ձեր խոսքից դատելով՝ պետությունն անտարբերության է մատնել ոլորտը։ Ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել։

- Ես չեմ կարծում՝ 21-րդ դարում, երբ ամեն ինչ զարգացած է, որոնողական համակարգը կա, մեկը կգտնվի, որ վարչապետին կամ ԱԺ նախագահին սխալ կամ ոչ ամբողջական տեղեկություն կփոխանցի գիտության ոլորտի ու դրա ֆինանսավորման մասին։ Ես վստահ եմ, որ այս ամենը կոնկրետ քաղաքականություն ու կոնկրետ ծրագիր են վարում, որ Հայաստանը չունենա զարգացած գիտություն։ Այսպես եղել է տարիներ շարունակ։

Գիտնականի համար, որը ազատորեն տիրապետում է օտար լեզվին, արտագաղթի ճանապարհը շատ հեշտ է տրվում՝ գնում են դոկտորական հետազոտություն անելու ու մնում այնտեղ։ Տեսեք՝ նոր Կառավարությունը փակեց Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը։ Եթե բացեք մամուլը, կտեսնեք՝ այս առնչությամբ ինչ են հայտարարում իշխանությունները։

Ասում են՝ գումարն ունենք, բայց չենք կարողանում, իրավական հիմքեր չկան այդ ծրագրին գումար բաշխելու համար։ Լա՛վ էլի։ Մի՞թե մի ամբողջ աշխատակազմ չի կարողանում իրավական հիմքեր մշակել՝ երիտասարդների համար այդ շատ կարևոր ծրագրի շարունակականությունն ապահովելու համար։ Սա կոնկրետ քաղաքականություն է, և ամեն ինչ արվում է, որ եղած ռեսուրսն էլ հեռանա այստեղից։ Իմ թիմը, օրինակ՝ շատ երիտասարդ է, նրանք մինչև 35 տարեկան հրաշալի գիտնականներ են։ Նրանք ու նաև՝ բազմաթիվ գիտնականներ, պարծանք են բերում Հայաստանին միջազգային գիտաժողովներում, սեմինարներում։

- Դուք, ըստ էության, լուրջ մեղադրանք եք ներկայացնում Կառավարությանը։ 

- Դուք կարծում եք՝ դժվա՞ր է իրավական ճանապարհով լուծում տալ խնդրին, որպեսզի Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով նախատեսվող գումարը հասնի երիտասարդներին։ Ինչո՞ւ չի արվում։ 

Մեկ տարվա ընթացքում մի՞թե դա անհնարին էր։ Եվ եթե դա Կառավարության աշխատակազմի գործ չանելու հետևանք էր, ուրեմն ավելի վատ։ 

Չեք պատկերացնի, թե ի՜նչ կարևոր ծրագիր էր դա երիտասարդ գիտնականների համար, նրանք գումար էին ստանում, կարողանում էին գնալ միջազգային կոնֆերանսների, տպագրել որակյալ աշխատանքներ։ Դա խթան էր տալիս։ 

Այս ոլորտում պետք է այնպես անել, որ մարդիկ մնան, չէ՞ որ այդ 55 հազար դրամ չնչին աշխատավարձով մարդիկ չեն կարող երկար ապրել մեր երկրում։ Ի վերջո, մեր երկրում խնդիր է միջին սերնդի գիտնականների հարցը, նրանք երկրից դուրս են եկել։ 

- Ստացվում է՝ նոր Կառավարությունը գիտնականների համար հեղափոխական մոտեցումներ չի առաջարկել, և դուք հիասթափված եք։ 

- Ճիշտն ասած, ես հիասթափված էի Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նկատմամբ նման վերաբերմունքից, բայց հիմա ես խորապես վիրավորված եմ։ Մեր աշխատանքների արդյունքները անմիջապես կապված են հանրության հետ, ակտիվ շփման մեջ ենք մարդկանց հետ, կատարում ենք բազմաթիվ հետազոտություններ ու մենք վարչապետի ասած սուրճ խմող չենք։ 

- Պարո՛ն Պիպոյան, դուք երկար տարիներ ուսանել եք Եվրոպայում, մասնավորապես, Իտալիայում։ Խնդրում եմ մատնանշեք եվրոպական ու հայաստանյան գիտական ոլորտների տարբերությունները։ Մեզ մոտ այդպես է, չէ՞, գիտնական ասելիս հասկանում ենք տարեց, ճերմակ մազերով անձնավորություն։ 

- Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Խորհրդային Միությունում գիտությունը զարգացնելու համար այսպես վարվեցին՝ միանգամից բարձրացրին գիտնականների աշխատավարձը՝ հավասարեցնելով ամենաբարձր պաշտոնյայի աշխատավարձին, որ գիտության ոլորտը լինի հրապուրիչ։ Գիտության ոլորտում առաջին փուլը հետբուհական կրթությունն է։ Միջազգային պրակտիկայում մինչև հինգ տարի տևում է գիտնական դառնալու գործընթացը, երբ ստանում են տարբեր աստիճաններ։ Օրինակ՝ Իտալիայում միջին աշխատավարձը 1000-1100 եվրո էր, ասպիրանտի կրթաթոշակը՝ 1170 եվրո և չէր հարկվում։

Այսինքն՝ դա նորմալ աշխատավարձ էր համարվում։ Հենց դրա համար մրցույթը շատ լարված էր, քանի որ մարդը գիտեր՝ մի քանի տարի իրեն ապահովում է շատ նորմալ գումարով։ Այդ գումարը մեզ՝ գիտնականներիս, բավարարում էր ապրելու ու սեփական փորձարկումներն ու հետազոտություններն անելու համար։

Այսինքն՝ մենք չէինք մտածում ֆինանսավորող գտնելու մասին։ Այստեղ առաջանում էր մոտիվացիան։ Իսկ Հայաստանում երկար տարիներ շահարկվում էր, որ ասպիրանտուրան բանակից ազատվելու միջոց է։ Պարզ է, որ եթե որևէ այլ շահ չլիներ ասպիրանտ դառնալու համար, ապա մարդիկ դիմում էին այդ քայլին՝ բանակից ազատվելու համար։ Ասպիրանտուրան պետք է մարդկանց համար հրապուրիչ դարձնել, որ մարդիկ շահագրգռված լինեն դիմել, զբաղվել գիտությամբ։  

- Ինչպե՞ս եք պատկերացնում՝ ի՞նչ պետք է արվի, պատրաստվո՞ւմ եք դիմել վարչապետին, քննարկել հարցը։

- Ամբողջ աշխարհում խնդիրները լուծվում են երկխոսության միջոցով։ Երկար ժամանակ հետևում եմ մամուլին, գործադիր, օրենսդիր մարմինների աշխատանքներին, ներկայացուցիչների հայտարարություններին և տեսնում եմ՝ մենք տարբեր լեզուներով ենք խոսում։ 

Ամբողջ աշխարհում ինչպես է՝ կառավարությունները ձևավորվում են, ու այնտեղ ներգրավվում են տարբեր ոլորտներից ներկայացուցիչներ։ Բայց դուք նայեք կառավարության ու օրենսդիրի կազմերը։ ԱԺ-ում ճյուղային հանձնաժողովում կարևոր է, որ ոլորտի խնդիրները ներկայացնեն մարդիկ, որոնք տիրապետում են ոլորտի խնդիրներին, առանձնահատկություններին։ 

Ասում են, թե գիտության ոլորտում ոչ թե ֆինանսավորման, այլ այդ գումարները արդյունավետ բաշխելու խնդիր կա։ Է, եղբայր, արդյունավե՛տ բաշխեք, ե՞ս եմ մեղավոր, որ այդպես է։ Նոր ձեռագիր եմ զգում ամեն ինչ սևացնելու, ամեն ինչ վարկաբեկելու։ 

Չի կարելի, ամեն ինչ վարկաբեկելով չէ։ Բազմաթիվ մարդիկ կան, որոնք գիտության ոլորտում հաջողությունների են հասել, ու դա մարդկանց էնտուզիազմի, ընտանիքից կտրված ժամերի հաշվին է եղել։ 

Տարօրինակ ու ցավոտ են նման հայտարարությունները, դրանք է՛լ ավելի են հիասթափեցնելու ու անհրապույր են դարձնելու գիտության ոլորտը, առանց այն էլ շատ զգայուն վիճակ է, շատ երիտասարդներ հեռանում են Հայաստանից։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am