Հարսանիք. սննդային սուր թունավորում` ռեստորանում

31-08-2011
251 դիտում
Հարսանիք. սննդային սուր թունավորում` ռեստորանում

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության, ահազանգ է ստացվել Երևան քաղաքի տարբեր բուժկանխարգելիչ կազմակերպություններում «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում հարսանյաց հանդեսին մասնակցած աղիքային երևույթներով 26 մարդու հոսպիտալացման մասին` «սննդային սուր թունավորում, սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ:

Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել և իրականացվել է օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն, ինչի արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական պատճառը մանրէային աղտոտման ենթարկված սնունդն է` հավի մսից պատրաստված աղցանը, քանի որ տուժածների մոտ արձանագրված վարակի գաղտնի շրջանի գրեթե նույն տևողությունն ու կլինիկական ախտանշանները, ինչպես նաև դրանց միաժամանակ ի հայտ գալը, բնորոշ են սննդային թունավորումներին:

“Հիվանդների շրջանում արձանագրվել է թեթև կլինիկա` փսխում, սրտխառնոց, թուլություն ախտանշաններով: Որոշ հիվանդների մոտ գրանցվել է նաև ջերմություն և լուծ”,-նշված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկությունների, բոլոր հիվանդները առողջացմամբ թեեւ դուրս են գրվել, սակայն, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են` զուգորդելով լաբորատոր հետազոտություններով:

© Medialab.am