Սեւազգեստ ակցիա` բանակում սպանված զինվորի հիշատակին

01-09-2011
205 դիտում
Սեւազգեստ ակցիա` բանակում սպանված զինվորի հիշատակին

Վաղը ժամը 11-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնելու «Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնության մասնակիցները: Նախաձեռնությունը օրերս ստեղծվել է Facebook սոցիալական ցանցում, որպես բողոքի նշան բանակում տեղի ունեցող սպանությունների, եւ մասնավորապես օրերս ԼՂՀ ՊԲ-ում սպանված զինվոր Աղասի Աբրահամյանի սպանության:

Սոցցանցում արդեն 649 մարդ հաստատել է իր մասնակցությունը վաղվա ակցիային: «Մենք, բանակում տիրող բարոյալքությամբ եւ մեր զինվորների կյանքի եւ առողջության համար մտահոգ քաղաքացիներս, խստորեն դատապարտում ենք բանակում տիրող հանցավոր իրավիճակը: Կոչ ենք անում սատարել սպանվածների մայրերին եւ սեպտեմբերի 1-ին, հինգշաբթի, ժամը 11-ին սեւ հագուստներով գալ Կառավարության շենքի մոտ մեր ձայները հնչեցնելու»,- ասված է նախաձեռնության հեղինակների կողմից տարածված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 18-ամյա Աղասի Աբրահամյանը մահացել է օգստոսի 26-ին` «Եղնիկներ» կոչվող զորամասում: Մինչ այդ`օգոստոսի 19-ին Գորիսի զորամասում զոհվել է Ճամբարակի բնակիչ 19-ամյա Վարդան Սեւյանը:

Ըստ նախաձեռնության հեղինակների` տղաների մարմնի վրա խոշտանգման բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել, որ վկայում են դիտավորյալ սպանության մասին, մինչդեռ պաշտոնապես առաջ են քաշվել այլ վարկածներ:

«Այս տարվա ընթացքում արդեն 19 մահվան դեպք է արձանագրվել: Մինչդեռ բռնությունների զոհերի թիվը շատ ավելին է. չկան տվյալներ, թե քանի երիտասարդ է ենթարկվում բռնության, բռնաբարության, թե քանիսն են դառնում հաշմանդամ հայոց բանակում ծառայելիս: Պահանջում ենք վերջ տալ բանակում տիրող հանցագործ բարքերին, վերջ տալ քրեադատավարական կեղծիքին եւ հանցագործների հովանավորչությանը, իրականացնել արդար դատաքննություն արդեն կատարված դեպքերով եւ խստորեն պատժել մեղավորներին»,- գրել են նախաձեռնության հեղինակները:

© Medialab.am