«Եղնիկների» սպանությունը բացահայտվե՞լ է

03-09-2011
192 դիտում
«Եղնիկների» սպանությունը բացահայտվե՞լ է

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին տեղի ունեցած ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի սպանությունը բացահայտվել է: Այս մասին Tert.am-ին Լեռնային Ղարաբաղից հայտնել է ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը:

«Սպանությունը բացահայտված է, այսինքն՝ դեպքի հանգամանքների ամբողջական վերարտադրությունը մենք ունենք, սակայն մեղավորների ամբողջական ցանկը մենք դեռ չունենք»,- ասել է Կոստանյանը:

Զինդատախազն ասել է, թե քանի դեռ նախաքննությունն ավարտված չէ, բոլոր մեղավորների մասին խոսել հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը, որը հիվանդանոցում մահացել էր: Ըստ պաշտոնական տեղեկատվության` նա անգիտակից վիճակում տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ մեկ ժամ անց մահացել է:

Մահացած զինվորի հարազատները, սակայն, պնդում են, որ նրա մարմնի վրա առկա եղել բռնության բազմաթիվ հետքեր, ականջը պոկված է եղել, եւ որ Աղասի Աբրահամյանին իրականում սպանել են:

© Medialab.am