Նախարարությունը հետեւում է, սակայն Վայքում ծնված երեխան արդեն մահացել է

06-09-2011
201 դիտում
Նախարարությունը հետեւում է, սակայն Վայքում ծնված երեխան արդեն մահացել է

Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, Վայքի ծննդատան դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությունն մասնագիտական ուսումնասիրություն իրականացնելու գործընթացի նկատմամբ ամենօրյա շարունակական հսկողություն է սահմանել ինչպես երեխայի բուժման, այնպես էլ դեպքի կապակցությամբ:

«Ցավոք, չնայած ձեռնարկված միջոցառումներին, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել», և նա, ըստ ահղորդագրության, սեպտեմբերի 4-ին մահացել է: «Առավոտյան դիակը տեղափոխվել է մանկական ախտաբանաանատոմիական կենտրոն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով դիահերձում կատարելու համար: Այս պահին հանձնաժողովը` ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ Կարեն Կոստանյանի ղեկավարությամբ, գտնվում է Վայքի ծննդատանը դեպքի հետ կապված հանգամանքները տեղում պարզելու և բուժհաստատությունում մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը գնահատելու նպատակով»,- տեղեկացնում են ԱՆ-ից:

Նշվում է նաեւ, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան` առողջապահության նախարարությունը իրավասու է նախնական քննության տվյալները հրապարակել միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:

Ըստ Առողջապահության նախարարության, Վայքի ծննդատան դեպքի վերաբերյալ տեսանյութի համացանցում հայտնվելուն պես առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով` խնդիրը ուսումնասիրելու և դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Հիշեցնենք, որ երեխան ծնվել է Վայքի ծննդատանը` օգոստոսի 18-ին` ծանր վիճակում: Հարազատների պնդմամբ, սակայն, երեխան ծանր վիճակում է ծնվել հիվանդանոցի բժշկուհու պատճառով, ով ժամանակին ծննդկանին պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերել:

© Medialab.am