«Հայաստանը ես եմ» . մրցույթի հաղթողը Հայաստանի նախագահին կուղեկցի արտասահմանյան այցերից մեկի ընթացքում

06-09-2011
226 դիտում
«Հայաստանը ես եմ» . մրցույթի հաղթողը Հայաստանի նախագահին կուղեկցի արտասահմանյան այցերից մեկի ընթացքում

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովը եւ Մեդիամաքսը ներկայացնում են «Հայաստանը ես եմ» մրցույթը, որին կարող են մասնակցել Անկախության հռչակման եւ Անկախության հռչակագրի ընդունման տարեկիցները` 1990-91թթ. ծնված երիտասարդները:

Մրցույթն ունի մեկ աննախադեպ մրցանակ. հաղթողը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին կուղեկցի արտասահմանյան այցերից մեկի ժամանակ:

Մրցույթի մասնակիցներն իրենց ընտրությամբ կարող են ներկայացնել.

- Էսսե (շարադրություն) (առավելագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ` «Հայաստանը ես եմ» թեմայով;

- Լուսանկար կամ լուսանկարների շարք (մինչեւ 6 լուսանկար) ` «Հայաստանը ես եմ» թեմայով;

- Տեսահոլովակ (առավելագույն տեւողությունը` 3 րոպե) `«Հայաստանը ես եմ» թեմայով:

 

Մրցույթի պայմանները

- Մրցույթին կարող են մասնակցել 1990-91թթ. ծնված ՀՀ այն քաղաքացիները, ովքեր մրցույթի անցկացման պահին բնակվում են ՀՀ-ում: Համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաեւ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր մրցույթի անցկացման պահին գտնվում են արտերկրում ուսման նպատակով:

- Հեղինակները պետք է երաշխավորեն, որ ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքներն իրենց են պատկանում: Հեղինակային իրավունքների խախտման դեպքում մասնակիցը կորակազրկվի:

- Աշխատանքները չպետք է ունենան քաղաքական երանգ եւ որեւէ կերպ մատնանշեն հեղինակի հնարավոր քաղաքական պատկանելիությունը, հնարավոր անդամակցությունը քաղաքական կուսակցություններին:

- Մրցույթը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին, աշխատանքների ընդունումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը (ներառյալ);

- Աշխատանքները հարկավոր է ուղարկել [email protected] հասցեով:

 

Աշխատանքին կից անհրաժեշտ է ներկայացնել

- մասնակցի անձնագրի պատճենը (մասնակցի տարիքը եւ բնակության վայրը հաստատելու համար);

- մասնակցի մեկ լուսանկար (աշխատանքի հետ հրապարակման համար);

- մասնակցի հեռախոսահամարը;

Այն աշխատանքները, որոնք կներկայացվեն առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ հեռախոսահամարի, մրցույթին չեն մասնակցի:

- Ներկայացված բոլոր աշխատանքները կհրապարակվեն Մեդիամաքս-ի կայքում բացված հատուկ`http://www.mediamax.am/am/specialprojects/contest բաժնում, բացառությամբ այն աշխատանքների, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանի մրցույթի պայմաններին եւ տրամաբանությանը, կպարունակեն թեմային չվերաբերող պնդումներ եւ նյութեր, վիրավորական արտահայտություններ:

- Մրցույթի ընթացքին ու ստացվող աշխատանքների հրապարակմանը, ինչպես նաեւ հետադարձ կապի պահպանման համար անհրաժեշտ է գրանցվել Facebook սոցիալական ցանցի Մեդիամաքսի էջում ` https://www.facebook.com/Mediamax.am;

- Մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի սեպտեմբերի 26-ին;

- Մրցույթի հաղթողին կորոշի ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովի եւ Մեդիամաքսի կազմած համատեղ ժյուրին;

- Այն դեպքում, եթե ժյուրին չի ճանաչի բացարձակ հաղթողին, ժյուրին իրավասու է հարցազրույցի հրավիրել լավագույն աշխատանքների հեղինակներին հաղթողին ընտրելու համար;

- Մրցույթն ունի մեկ մրցանակ` հաղթողը կուղեկցի ՀՀ նախագահին արտերկիր կատարվելիք այցերից մեկի ընթացքում: Այցելության երկրի ու այցի ժամկետների մասին մրցույթի կազմակերպիչները կհայտնեն լրացուցիչ:

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովը եւ Մեդիամաքսը հաջողություն են մաղթում բոլոր մասնակիցներին: