Իրավապաշտպան. Աղասի Աբրահամյանի գործով ամեն ինչ փակ է պահվում

06-09-2011
199 դիտում
Իրավապաշտպան. Աղասի Աբրահամյանի գործով ամեն ինչ փակ է պահվում

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Եղնիկներ» կոչվող զորամասում Աղասի Աբրահամյանի սպանության գործով որեւէ նորություն չունի, քանի որ, նրա խոսքով, քննությունը վերցված է խիստ վերահսկողության տակ, եւ որեւէ տեղեկություն այս պահին հնարավոր չէ ստանալ: Իրավապաշտպանը նշեց, որ ինքը սպասում է գործով վերջնական եզրակացությանը, ինչից հետո ինքը կարտահայտի իր տեսակետը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Զինդատախազ Գեւորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Աբրահամյանի սպանության գործով ձերբակալված երկրորդ անձի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար։ Կոստանյանը նշել է, թե հնարավոր է այսօր որոշում կայացվի ևս 2 անձի ձերբակալելու վերաբերյալ։

Նա նշել էր, թե կախված բժշկական եզրակացությունից՝ մեղադրանքի հոդվածը կհստակեցվի։ Հիշեցնենք, որ գործով երկու ձերբակալվածներից մեկն ավելի վաղ էր կալանավորվել։

Ըստ նախաքննության նյութերի՝ «Եղնիկներ» անվանումը ստացած զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանն օգոստոսի 26-ին անգիտակից վիճակում տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, որտեղ մեկ ժամ անց մահացել էր։ Հարազատները պնդում են, որ Աբրահամյանին սպանել են:

© Medialab.am