«Մենք մեր հայրենիքը պաշտպանում ենք իշխանությունից, հասկանո՞ւմ եք». Արուսյակ Այվազյան, կին, ով չի հանձնվում

29-05-2016
67915 դիտում
«Մենք մեր հայրենիքը պաշտպանում ենք իշխանությունից, հասկանո՞ւմ եք». Արուսյակ Այվազյան, կին, ով չի հանձնվում

«Սա միայն գառնեցու պայքարը չէ, եւ սա միայն Ազատ գետի ազատության պայքարը չէ, սա  բոլորի պայքարն է՝ երեւանցու, արմավիրցու, արտաշատցու, համայն հայության: Ցավալի է, որ հայրենիքում պայքարում ենք հայրենիքի համար»,-վերջին օրերին իր պայքարի, խիզախության շնորհիվ շատերի համար բացահայտում դարձած գառնեցի Արուսյակ Այվազյանի խոսքերն են: 

Թե ով է հանուն գառնեցիների իրավունքների բուռն պայքարի մեջ մտած, Հովիկ Աբրահամյանին եւ մյուս պաշտոնյաներին հստակ ուղերձներ հղող, համառորեն համագյուղացիների իրավունքներն առաջ տանող գառնեցի կինը, որ հայտնվել է լրատվամիջոցների ու իշախանությունների ուշադրության կենտրոնում, հետաքրքրում է բոլորին:

Մի քանի օրում ամբողջ համայնքին ոտքի կանգնեցրած ու իշխանություններին գյուղացիների հետ հաշվի նստեցրած Արուսյակն, իրականում, շատ փխրուն սիրտ ունի:

Նա, թեւեւ, բողոքի ակցիաների ժամանակ վճռական, մարտական կեցվածքով առաջ է գնում, սակայն զգայուն թեմաների մասին խոսելիս շատ հեշտ հուզվում է, արտասվում:

Երկու տարի առաջ, երբ Արուսյակը բացահայտեց, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» կառուցման ծրագրով գառնեցիները զրկվելու են իրենց համար ամենահարազատ Ազատ գետից եւ Ազատի գեղատեսիլ կանաչապատ կիրճից, սկսեց մեկ առ մեկ համագյուղացիներին բացատրել, թե որպես հետեւանք ինչ կործանարար ազդեցություն է նաեւ ունենալու այդ ամենը գառնեցիների պտղատու այգիների վրա:

Առանց այն էլ ամբողջ ամռան ընթացում, գառնեցիների պատմելով, ընդամենը 3 անգամ են ջուր տալիս հողատարածքները ջրելու համար, իսկ այս ծրագրով, Արուսյակի խոսքերով ասած՝ Գառնին էր դրված զոհասեղանին:

Արուսյակ Այվազյանը առանձնակի կարեւորությամբ շեշտում է պայքարում մեծ ներդրում ունեցած «Հետքի» հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանի անունը, ում շնորհիվ էլ հենց երկու տարի առաջ տեղեկացել էին կործանարար ծրագրի մասին:

«Սառայի անուրանալի հայրենանվեր աշխատանքի շնորհիվ, միասին, միասնական համախմբմամբ հասանք որոշակի արդյունքի,-համեստորեն ասում է նա: 

ՀԲ-ն Հայաստանի կառավարությանն է տրամադրել 30 միլիոն դոլար արտոնյալ պայմաններով վարկ՝ 25 տարի մարման ժամկետով։ Վարկից՝ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրին հատկացվելու է 10,4 մլն դոլար, նախատեսվում է Գառնիի հեթանոսական տաճարի ներքեւից 28 կմ երկարությամբ խողովակաշարով Ազատ գետի ջուրը տեղափոխել Արտաշատի տարածաշրջանի 12 համայնքների 1232 հեկտար հողերը ոռոգելու նպատակով:

1232 հեկտար հողերից մոտ 800-ը գտնվում են Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերում. Այստեղ, ըստ մամուլի հրապարակումների եւ տեղաբնակների պնդումների, հսկայական հողատարածքներ ունեն Հովիկ Աբրահամյանն ու մի շարք այլ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ծրագրի իրականացման հետեւանքով,  բնապահպանների վստահեցմամբ՝ վտանգվելու է շրջակա միջավայրը:

«Աչքիս առաջ մանկությանս ցավալի օրերն եկան, երբ տեղեկացա Քաղցրաշենի ծրագրի մասին: 10-12 տարեկան էի, 70 ականներին, Գառնիի ժայռերի տակ ամբողջը խմելու ջրի աղբյուրներ էին, հիասքանչ, կանաչ կիրճեր էին, մենք հաճախ էինք այդ հատվածներում գնում հանգստանալու: Մի օր գնացի տեսա, որ էլ աղբյուրները չկան, «կապտաժներ» սարքեցին 3000 լիտր ջուրը տարան Արտաշատ եւ Երեւան, իսկ մեր այդ տարածքը անապատի վերածեցին: Հիմա պատմությունը կրկնվում է: Այն ժամանակ փոքր էի, չէի կարող պայքարել, իսկ այժմ ես այլընտրանք չունեմ, չեմ կարող թույլ տալ մեր հայրենիքն ապականեն»,-«Մեդիալաբին» ասում է Արուսյակը:

Մասնագիտությամբ դեղագետ Արուսյակը, ով Գառնիում դեղատան տնօրեն է, պատմում է, որ ով մտնում էր դեղատուն, առանց զլանալու բոլորին ներկայացնում էր ծրագրի հետեւանքներն ու հորդորում պայքարել:

Ասում է, որ սկզբում շատերն էի թերահավատորեն մոտենում պայքարի կոչերին, սակայն ինքը համառորեն շարունակում էր:

Իրազեկման «արշավին» հաջորդեցին հանրային լսումները, իսկ հետո արդեն` 58-ամյա Արուսյակ Այվազյանը տնետուն ու փողոցից-փողոց սկսեց թռուցիկներ բաժանել:

Իսկ երբ պետական տարբեր ատյաններին ուղղված նամակներն անպատասխան մնացին, Արուսյակի նախաձեռնությամբ որոշվեց փակել Գառնի-Երեւան ճանապարհը:

«Համայնքի բնակիչները՝ մեծից փոքր մեկ մարդու նման հավաքվել էին, առաջին անգամ դեկտեմբերի 19-ին փակեցինք ճանապարհը, այնքան էինք համախմբված, որ արդեն երեկո էր, ցուրտ էր, մարդիկ չէին ուզում տուն գնալ»,-պատմում է Արուսյակը:

Պայքարն ավելի թեժացավ ապրիլ-մայիսին, եւ Արուսյակի հաստատակամության վրա չկարողացան ազդել նաեւ գյուղ այցելող հաղթանդամ սափրագլուխները, որոնք սպառնում էին կնոջը հետ կանգնել պայքարից` մտածելով, թե կին է, հեշտ տեղի կտա:

«Ինձ վախեցնում էին, թե տես հա, տղուդ Ղարաբաղ չուղարկենք… Նման բաներ էին ասում: Եկել էին ինձ մոտ՝ դեղատուն, անընդհատ նայում էին, ասում էին՝ էս ինչ թանկ ա ստեղ ամեն ինչ, հարկայինը խաբա՞ր ա: Ամեն կերպ փորձում էին ճնշել: Հարկայինից էլ եկան, ստուգեցին, որեւէ ապօրինի բան չհայտնաբերեցին: Այդ ժամանակ մենք ստորագրահավաք էինք կազմակերպել Քաղցրաշենի ծրագիրը չեղարկելու պահանջով ու նախագահին պիտի ուղարկեինք: Անգամ հարկայինի աշխատակիցներին ասացի՝ դուք էլ ստորագրեք, չէ որ դուք էլ հայ եք, եւ սա միայն գառնեցու խնդիրը չէ»,-«Մեդիալաբին» պատմում է նա:

Պայքարն իր կիզակետին հասավ մայիսի 21-ին, երբ գյուղացիների` Գառնի-Երեւան մայրուղու փակելուն հաջորդեց Հովիկ Աբրահամյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելությունը` շրջապատված բազում թիկնապահներով:

Մի կողմում լավ խնամված, օսլայած օձիքով պաշտոնյա տղամարդիկ էին, մյուս կողմում՝ գառնեցիները` արեւից այրված դեմքերով, հողագործությունից կոշտացած ձեռքերով  ու ոչ մի քայլ չնահանջելու պատրաստակամությամբ:

Աբրահամյանի հետ բանակցության «առաջին գծում» Արուսյակ Այվազյանն էր, ու էլի մի քանի գառնեցի կանայք. Պահանջը մեկն էր՝ չեղարկել Քաղցրաշենի ծրագիրը:

«Ինձ համար միեւնույն էր՝ ով էր կանգնած իմ առջեւ: Ես ավելի շատ ապշել էի թիկնապահների քանակից: Ո՞նց կարելի է թիկնապահներով գալ ժողովրդի մոտ, ինչի՞ց էիք վախենում, պարոն վարչապետ, եթե դուք ժողովրդի կողմից ընտրված անձ եք, ինչպե՞ս կարող եք թիկնապահներով դուրս գալ մեր առջեւ: Մենք մեր հայրենիքը պաշտպանում ենք իշխանությունից, հասկանո՞ւմ եք»,-ասում է Արուսյակը:

Այս համառ պայքարի արդյունքում, հենց Գառնիում Աբրահամյանը հայտարարեց, որ չեղարկում է ծրագիրը, քանի որ այն թերություններ ունի: Մի գառնեցի տղամարդ առաջարկեց շնորհակալություն հայտնել վարչապետին: Այստեղ էլ Արուսյակն ընդդիմացավ.«Ինչի՞ համար շնորհակալություն հայտնել, դա նրա պարտավորությունն է»:

«Ինչո՞ւ պետք է շնորհակալ լինեինք, որ հասկացա՞ն, որ Ազատի կիրճը չպիտի անապատի վերածեն, որ հայրենքը չպիտի անապատի վերածեն: Իշխանավորները պետք է հասկանան՝ իրենք հայրենիքի,  պետության, ժողովրդի ծառան են: Նրանք ամեն ինչ պիտի ներդնեն հայրենիքի շահի համար, ոչ թե անձնական, խմբային շահի: Այնքան կարճամիտ են, որ չեն գիտակցում, որ պետք է գործեն հանուն հայրենիքի եւ այդ շահը կբերի իրենց անձնական շահը: Այս աղքատ ժողովրդի վրա իրենց լա՞վ են զգում, չե՞ն ամաչում: Ամենավատը պետք է իշխանավորն ապրի, ոչ թե տռզեն, հարստություն հավաքեն ժողովրդի հաշվին: Չեն գիտակցում՝ եթե հայրենիքը ոչնչանա, իրենք էլ են ոչնչանալու»,-«Մեդիալաբին» ասում է Արուսյակ Այվազյանը:

Աբրահամյանի՝ Քաղցրաշենի ծրագիրը չեղարկելու մասին հայտարարության օրը, Արուսյակի պատմելով, գյուղացիների ուրախությանը չափ չկար. «գեղ կանգնի՝ գերան կկոտրի», գեղը կանգնեց՝ գետը պաշտպանեց.

«Հենց իմացանք, որ Ազատ գետն ազատ է լինելու, գառնեցիները գառներ էին զոհաբերում: Չնայած շինարարական տեխնիկան հանել են տարածքից, բայց, մինչեւ գրավոր հրամանը չտեսնենք, չենք հանդարտվելու: Եւ սա վերջը չէ: Մենք շարունակելու ենք պայքարել Գեղարդալճի համար, նույն ծրագիրն է եւ նույն վտանգը»:

Արուսյակի մայրը` տիկին Սեդան ասում է, որ դեռեւս մանկուց աղջիկն աչքի է ընկել արդարության դեմ անհանդուժողականությամբ:

«Արուսյակը մանկուց է ընդվզող եղել, չէր հանդուրժում անարդարությունը, անպաշտպաններին փորձում էր օգնել դեռ երկու տարեկանից»,-«Մեդիալաբի» ասում է Սեդա Այվազյանը:

Խորհրդային տարիներին, երբ ֆիզիկայի ուսուցչին որոշեցին փոխարինել մեկ այլ մասնագետով, Արուսյակը դասադուլ էր կազմակերպել.

«Դասերից փախչում էինք ու գնում Գառնիի կիրճ: Ես չէի կարող հանդուրժել, որ մասնագիտական կարողություններով լավ ուսուցչին հեռացնեին ու ավելի թույլով փոխարինեին: Ինձ այդ դասարանից հեռացրեցին, հետո դասընկերներս լաց էին լինում դասի ժամանակ, ես էլ՝ մյուս դասարանում էի հուզվում, ուսուցիչն էլ չէր կարողանում դասավանդել, խիղճը չէր տանում: Էլի մենք հաղթեցինք»,-հիշողությունների գիրկն է գնում նա:     

Երբ Արուսյակ Այվազյանը շրջում է գյուղում, համագյուղացիները առիթը բաց չեն թողնում կնոջն իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնելուց:

«Ձեզ շնորհակալություն, ձեր պայքարն էր»,-պատասխանում է նա:

Արուսյակի դպրոցական ուսուչուհին` ընկեր Ադամյանն ասում է, որ հպարտ է իր նախկին աշակերտով, սակայն նշում է, որ եղածը ոչ թե հաղթանակ, այլ ողբերգություն է:

«Նույնն է, թե՝ քո հագիդ հագուստի, ձեռքերիդ, մազերիդ համար պայքարես, ապացուցես՝ քոնն է: Ուղղակի դժբախտություն է»,-ասում է Ադամյանը:

Արուսյակն ասում է՝ հիմա էլ շարունակում են համագյուղացիներին սպառնալ. գառնեցիները, սակայն, դրան հեգնանքով են վերաբերվում:

«Մենք գիտակցում ենք՝ ինչի համար ենք պայքարում,  պիտի կրկնեմ՝ սա միայն Գառնիի համար պայքար չէր, սա հայրենիքի պայքար է: Ես նույն ցավն էի ապրում, երբ ավիրեցին Գառնիի 11 դարի կոթողը՝ գեղահրաշ կամարակամուրջը: Հետո, երբ Գառնի տաճարի մոտ սրճարան պիտի կառուցվեր, մենք կրկին ընդվզեցինք: Փաստորեն, մեր հայրենիքը պետք է փրկենք  իշխանություններից, մենք ըմբոստացանք չարիքի դեմ, ապաշնորհ պաշտոնյաների դեմ: Բայց միթե կա ավելի վեհ արժեք, քան հայրենիքն է: Ախր դժվա՞ր է սա հասկանալ,-հուզվում եւ արտասվում է չհանձնվող Արուսյակը,-Եթե մեր պայքարը արդյունք չտա, այդ ծրագիրը գործի, Ազատի կիրճը անապատ դառնա, ես կմեռնեմ»: 

Նելլի Բաբայան

© Medialab.am