Զուգահեռ կայսրություն. միլիոնավոր դոլարներ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հիմնադրամներին՝ «բարի նպատակներով»

01-07-2016
112765 դիտում
Զուգահեռ կայսրություն. միլիոնավոր դոլարներ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հիմնադրամներին՝ «բարի նպատակներով»

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ ներկայացրած և բազմիցս վնասով աշխատելու մասին հայտարարություններ անող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի գործունեության մասին խոսակցություններն է´լ ավելի թեժացան անցյալ տարի, երբ պարզվեց, որ կառույցը վերջին հինգ տարիներին միլիոնավոր դոլարների նվիրատվություն է կատարել ՀՀ նախագահի և վարչապետի կողմից հիմնադրված «Լույս» հիմնադրամին:

Չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ մայրաքաղաք Երևանի կենտրոնում բազմահազարանոց բողոքի ցույցերը միջազգային մամուլում մեծ արձագանք գտան` որպես երիտասարդների քաղաքացիական ակտիվության վառ դրսևորում, այնուամենայնիվ, առաջ եկած հարցերը հնարավորություն տվեցին ուշադրություն դարձնել հարցի այլ դիտանկյունների և նոր մանրամասներ բացահայտել ՀԷՑ-ի տարօրինակ գործունեության և իշխանական բուրգի կողմից կառավարվող հիմնադրամի գործունեության մասին:

«Սա կոռուպցիոն շատ մեծ շղթա է, որտեղ զոհը միանշանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է,- «Մեդիալաբին» ասում է հայտնի իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: - ՀԷՑ-ը համակարգը բարելավելու և որակյալ ծառայություն մատուցելու փոխարեն քաղաքացու գումարները փոխանցում է իշխանությունների կողմից վերահսկվող մի հիմնադրամ, այն դեպքում, երբ անընդհատ խոսում է վնասով աշխատելու մասին: Մի բան ակնհայտ է. ոչ մեկը սիրուն աչքերի համար գումարներ չի տալիս»:

ՀԷՑ-ը վերջին երեք տարիների ընթացքում երրորդ անգամ էլեկտրաէներգիայի թանկացման հայտ ներկայացնելու իր քայլը բացատրել էր նրանով, թե վնասով է աշխատել և հսկայական պարտքեր է կուտակել:

Այդ մասին անցյալ տարեսկզբին հայտարարել էր էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Երվանդ Զախարյանը, նշելով, որ «վատ կառավարման հետևանքով» հունվարի 1-ի դրությամբ ՀԷՑ-ի պարտքը կազմում է շուրջ 15,8 միլիարդ դրամ (33.026.065 դոլար), իսկ կորուստների նվազեցում կառույցը տարիներով չի իրականացնում:

Սակայն, չնայած այս կորուստներին` վերջին 5 տարիների ընթացքում ՀԷՑ-ը անհասկանալի ընտրությամբ իր կորուստների շուրջ մեկ երրորդի չափով` 5,2 միլիարդ դրամի` շուրջ 11 միլիոն դոլարի (10.869.338 դոլար), նվիրատվություն է կատարել մի հիմնադրամի, որի հետ, բացի իր անվանումից` «Լույս», որևէ այլ առնչություն դժվար է գտնել:

Ի պատասխան «Մեդիալաբի» այն հարցի, թե ինչո´ւ է վնասներով աշխատող ՀԷՑ-ը որոշել շռայլորեն ֆինանսավորել «Լույս» հիմնադրամը, ՀԷՑ-ի ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը նշել է, որ ՀԷՑ-ի նվիրատվությունները «Լույս» հիմնադրամին պայմանավորված չեն այն հանգամանքով, թե ովքե´ր են հիմնադրամի հիմնադիրները:

«Մենք ունենք հստակ բարեգործության ծրագիր, որի համաձայն աջակցություն ենք ցուցաբերում կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերին,- ասել է նա: - Եվ չնայած վերջին տարիներին մենք վնասով ենք աշխատել, սակայն որոշում է ընդունվել չդադարեցնել աջակցությունը «Լույս» հիմնադրամին: Մեր աջակցությունը եղել է ուղղորդված, այն պետք է ծառայեր կրթական նպատակներով` ուսանողներին աջակցելու համար»:

2008 թվականին ստեղծված «Լույս» հիմնադրամի հիմնական նպատակը արտերկիր մեկնող ուսանողներին կրթաթոշակներով աջակցելն է, հիմնադիրները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտոնական էջում ընդգծել էին գիտելիքի կարևորությունն ու հասարակության զարգացումը:

«Լույս» հիմնադրամը բավականին հավակնոտ նախաձեռնություն է, որի հիմքում Հայաստանի իշխանությունների` ծաղկուն Հայաստան ունենալու տեսլականն է: Այս նպատակին կարելի է հասնել համեմատաբար կարճ ժամանակահատվածում, քանի որ մենք գործի ենք դնում աշխարհի լավագույն մտածողների, ինչպես նաև` ամենից առաջադեմ հասարակական ու հետազոտական խմբերի փորձը»,- նշված է «Լույս» հիմնադրամի պաշտոնական էջում:

Ինչպես ցույց է տալիս, հիմնադրամի հաշվետվությունը, միայն 2014 թվականին «Լույսը» կանաչ լույս է վառել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում 108 լավագույն ուսանողների համար`ընդհանուր առմամբ հատկացնելով 1,419,163,798 դրամ (296.641 դոլար): 2015 թվականին այդ թիվը կազմել է 1,391,179,230 դրամ (290.792.25 դոլար), և հնարավորություն տվել ուսում շարունակելու 102 ուսանողի:

Սակայն, բացի այս, աջակցություն են ստացել նաև այլ նախաձեռնություններ` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սերժ Սարգսյանի նախագահության ներքո գործող Հայաստանի շախմատի ֆեդերացիան, «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ-ն եւ այլ տարբեր կազմակերպություններ, որոնք այս կամ կերպ առնչություն ունեն իշխանությունների հետ։ 

Օրինակ` «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ-ն, որի անունը կապվում է հայտնի բերձորյան դեպքերի հետ, «Լույս» հիմնադրամից ստացել է 60 միլիոն դրամ (շուրջ 125.415 դոլար) աջակցություն, ինչը շատերի համար անհասկանալի է:

Հիշեցնենք, որ 2015 թ. հունվարի 31-ին իրազեկման ակցիա իրականացնելու նպատակով ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթի մուտքը դեպի Արցախ կասեցվել էր, դաժան ծեծի էին ենթարկվել ավտոերթի մասնակիցները, ներառյալ Ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը և այլ հայտնի մարդիկ:

Դեպքից հաշված օրեր առաջ իշխանամետ «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ անընդունելի համարելով «ցնցումներն ու, մանավանդ, հեղափոխական կոչերը»: «Հավաստիացնում ենք, որ չենք թույլատրելու դրա իրականացումը»,- ընդգծել էին նրանք:

Բերձորի արյունալի դեպքերին ներկա, «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը նվիրատվությունը որակում է որպես ծառայությունների դիմաց իշխանությունների տված փոխհատուցում:

«Այդ կազմակերպության անունը ասոցացվում է հանցագործությունների հետ: Այն Բակո Սահակյան-Սերժ Սարգսյան դուետի պատժիչ գործիքն է, որը հարկ եղած դեպքում գործի է դրվում, սակայն, անշուշտ, նրանք նաև փոխհատուցում են կատարած ծառայությունների դիմաց»,- «Մեդիալաբին» ասում Սյուզան Սիմոնյանը:

«Լույս» հիմնադրամի՝ «Մեդիալաբին» տրված պարզաբանման մեջ, «Արցախի ազատամարտիկիների միությանն» «աջակցելու որոշումն ուղղակիորեն պայմանավորված է վերջինիս առաքելությամբ»։

«Արցախի ազատամարտիկների միության» ներկայացուցիչները հրաժարվեցին «Մեդիալաբի» հարցերին պատասխանելուց:

Ուշագրավ է, որ հիմնադրամի ամենամյա հաշվետվությունների մեջ միլիոնավոր դոլարների ծախսերը բացատրված են մեկ տողով՝ «համանման ծրագրերի և սոցիալական ծառայությունների վրա», առանց մանրամասնելու, թե ի´նչ ծրագրերի մասին է խոսքը:

Բարեգործություններ կատարած կազմակերպությունների և ընկերությունների ցուցակը ևս բավականին ուշագրավ է:

Նախորդ տարվա ամենախոշոր բարեգործը ՀԷՑ-ն է, որը հիմնադրամին է փոխանցել 1,5 միլիարդ դրամ (շուրջ 3.2 միլիոն դոլար), 2013-ին այդ գումարը կազմել է 1,3 միլիարդ դրամ ( շուրջ 2.7 միլիոն դոլար):

Տարիներ շարունակ բնապահպանների քննադատությունների թիրախ դարձած բոլոր խոշոր հանքարդյունաբերողները` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Վալլեքս գրուպը», «Գեոթիմ» ՓԲԸ-ն և ռուսական «Գեոպրոմայնինգ գոլդը», որը Վերահսկիչ պալատի կողմից դեռևս 2010 թվականից մեղադրվում էր հարկեր չվճարելու մեջ, ևս «Լույսի» ցուցակում են` ընդհանուր առմամբ 613,473,000 դրամ (շուրջ 1.3 միլիոն) նվիրատվությամբ: Շատ հաճախ նվիրատվություններ կատարողները տեղյակ էլ չեն, որ «Լույս» հիմնադրամը, բացի կրթական ծրագրերից, որը կազմում է ծրագրերի շուրջ 60 տոկոսը, այլ ոլորտներում նույնպես գործունեություն է իրականանացնում:

Իրավապաշտպանները կասկածներ ունեն, որ կրթական հիմնադրամի անվան ներքո իշխանությունները գործի են դնում իրենց լծակները` տարբեր տնտեսավարողներից միլիոնավոր դոլարների նվիրատվություններ ստանալու համար, որոնք վերջին հաշվով հստակ չէ, թե ինչպե´ս են ծախսվում:

Արթուր Սաքունցը նշում է նմանատիպ մի հիմնադրամի` «Մարտիկի» http://www.martik.am/am/ մասին, որի գործունեությունն իրավապաշտապանը «խիստ կասկածելի» է որակում:

«Մարտիկ» հիմնադրամը ստեղծվել է Սերժ Սարգսյանի կողմից դեռևս 2002-ին` նրա պաշտպանության նախարար եղած ժամանակ: Հիմնադրամի մասին «Մեդիալաբն» առաջին բարձրաձայնողներից էր: «Հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանի հզորացմանը, պաշտպանությանը ու ազգային անվտանգության ամրապնդմանը»,-նշված է հիմնադրամի պաշտոնական կայքում: Սակայն, միլիոնավոր դոլարներ ունեցող հիմնադրամի մասին ավելին գոյություն չունի:

«Այդ հիմնադրամը ստեղծվել էր բարձրաստիճան պաշտոնյաների շնորհիվ, հիմնադիրներից մեկը Սերժ Սարգսյանն է, ահռելի գումարներ էին ստացվում զինծառայողներին պարտադրված անդամավճարներից` հանուն ազգային անվտանգության, պետության հզորացման, բայց այդպես էլ չկարողացանք պարզել, թե ո´ւր են գնում այդ գումարները,- ասում է նա: - Սա շատ խորամանկ մի մեխանիզմ է` ստեղծել հիմնադրամ և ամեն ինչ պահել վերահսկողության տակ»:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշում է, որ միանշանակ բացասական է, եթե պարզվի, որ տնտեսավարող սուբյեկտներին ստիպում են «նվիրատվություններ» անել:

«Հնարավոր ա կոռուպցիոն ռիսկեր հայտնաբերելը, սակայն դրա համար հետաքննություն է պետք, լուրջ հետաքննություն»,- «Մեդիալաբին» ասում է Վարուժան Հոկտանյանը:

Հայաստանում խոշոր կորպորատիվ խաղացողներից մեկը` ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է Ռուսաստանում, սակայն գրանցված է Կիպրոսում, 2014 թվականին ՀՀ նախագահի և վարչապետի կողմից հիմնադրված «Լույս» հիմնադրամին ավելի քան կես միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել: Սակայն «Գեոպրոմայնինգ գոլդի» ներկայացուցիչները դժվարանում են ասել, թե ինչի´ համար են նվիրատվություն արել: Կազմակերպության մամուլի խոսնակն ամիսներ առաջ «Մեդիալաբին» ասել էր, որ ընկերությունը «Լույս» հիմնադրամին անհատույց տրամադրել է միջոցներ` սակայն բարձրաստիճան պաշտոնյաների խնդրանքով:

«Մենք ինքներս չենք որոշում ` ի´նչ գումարներ տրամադրել «Լույս» հիմնադրամին,- ասել էր «Գեոպրոմայնինգ գոլդի» մամուլի քարտուղար Ռուզաննա Գրիգորյանը: - Դա գալիս է վերևից, շատ բարձր մակարդակով` նախագահի, վարչապետի մակարդակով»:

Մարիաննա Գրիգորյան

MediaLab.am