Մարտի 1-ի գործով ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը (Տեսանյութ)

08-08-2018
3175 դիտում
Մարտի 1-ի գործով ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը (Տեսանյութ)

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օգոստոսի 8-ին հայտնել է, որ Մարտի 1-ի գործի շրջանակում կատարված հետախուզական միջոցառումների շրջանակում ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, և հրապարակել տեսանյութ։ 

Ստորև ներկայացնում ենք ԱԱԾ հաղորդագրությունը։

«ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թ․ մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ստացված տվյալների հիման վրա 2018 թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը:

Նախաքննությունը շարունակվում է»: