Հեղափոխության օրերին Ավանում ցուցարարների դեմ բռնությունների մասնակիցը աշխատանքի է ընդունվել քաղաքապետարանում

15-08-2018
8200 դիտում
Հեղափոխության օրերին Ավանում ցուցարարների դեմ բռնությունների մասնակիցը աշխատանքի է ընդունվել քաղաքապետարանում

Թեև Տարոն Մարգարյանը դե յուրե հրաժարական է տվել, բայց դե ֆակտո դեռ ազդեցություն ունի քաղաքապետարանում: Դրա մասին է վկայում փաստը, որը Մարգարյանի կադրերը՝ մտերիմները, վերադառնում են քաղաքապետարան:

«Մեդիալաբի» տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակույթի բաժնի առաջին կարգի մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար օգոստոսի 10-ից ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել Արման Մակարյանի հետ:

Հիշեցնենք, որ Արման Մակարյանը մինչև հուլիս Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի տեղակալն էր: Նա Երևանի Ավան վարչական շրջանում հեղափոխության օրերին մի խումբ անձանց հետ, այդ թվում՝ Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներ, համատիրությունների նախագահներ և երիտհանրապետականներ, ուղղակի դիտավորությամբ վնասել էին քաղաքացիների մեքենաները, որոնք ուղևորվում էին Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին մասնակցելու: Բացի դրանից, Արման Մակարյանը փորձել էր գրկել լրագրողին և ցինիկ պահվածք էր ցուցաբերել: Լրագրողի հարցին, թե ինչ է կատարավում այստեղ, նա ժպիտը դեմքին նշել էր. «Մի քիչ փաթաթվենք իրար, ո՞նց եք ոստիկաններին փաթաթվում»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ապրիլի 20-ին, 21-ին եւ 22-ին ցուցարարների ավտոմեքենաները մահակներով եւ այլ առարկաներով ջարդուփշուր անելու, խուլիգանության, զանգվածային անկարգությունների գործով հարցաքննվել են Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմները: Ոստիկանությունը հրապարակեց նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց անվան և ազգանվան առաջին տառերը, որոնց ինքնությունները պարզել էր և ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էր նաև Արման Մակարյանը:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ քաղաքապետարանից, որտեղից խոստացան ստուգել այս տեղեկության իսկությունը, սակայն դրանից հետո երկու օր մեր զանգերին պարզապես չպատասխանեցին:

Մոտ մեկ ամիս առաջ Երևանի կենդանաբանական այգու տնօրենը Արման Մակարյանին հեռացրել էր աշխատանքից: «Մեդիալաբի» հետ զրույցում Ռուբեն Խաչատրյանը նշեց՝ կա տեղեկատվություն, որ Մակարյանը քաղաքապետարանում ընդունվել է որպես առաջին կարգի մասնագետ, իսկ կուղղորդվի կենդանաբանական այգի, թե ոչ, տնօրենը չի կարող ասել: Հարցին` արդյոք դեմ չի լինի, եթե իր նախկին տեղակալը վերադառնա այն բանից հետո, երբ ինքն ազատել է նրան աշխատանքից, Ռուբեն Խաչատրյանը ասաց. «Ես իրեն հեռացրել եմ աշխատանքից մոտ մեկ ամիս առաջ, այնպես որ այս հարցը դուրս է գալիս, քանի որ ես արդեն հեռացրել եմ նրան աշխատանքից»:

Տնօրենի խոսքով` քաղաքապետարանի այս որոշումը իր համար առնվազն տարօրինակ է:  Հարցին, թե ինչու է Մակարյանին հեռացրել աշխատանքից, Ռուբեն Խաչատրյանը պատասխանեց. «Մի քանի պատճառ կա, բայց հիմնական պատճառը բացակայություններն են»:  

Մանե Հարությունյան

MediaLab.am