«Հակահեղափոխականներն ինչ ուզում են թող անեն, ոչ մի հիասթափություն չի լինի, որովհետև մարդկանց աչքերն են բացվել». Լիլիթ Պիպոյան

24-09-2018
2303 դիտում
«Հակահեղափոխականներն ինչ ուզում են թող անեն, ոչ մի հիասթափություն չի լինի, որովհետև մարդկանց աչքերն են բացվել». Լիլիթ Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգչուհի Լիլիթ Պիպոյանը:

- Տիկի՛ն Պիպոյան, Հայաստանի անկախության 27-ամյակը նշվեց, ի՞նչ է փոխվել երկրում ապրիլյան հեղափոխությունից հետո: Արդյոք անկախությունն ամրապնդելու համար բարենպաստ միջավայր ունե՞նք այսօր:

- Մթնոլորտի առումով փոփոխություն է եղել երկրում, մենք սկսել ենք ավելի անկախ մտածել: Մարդիկ ավելի արժանապատիվ կեցվածք են ընդունել և՛ իրենց անձի նկատմամբ, և՛ երկրի: Մարդկանց կողմից տարբեր առաջարկներ են հնչում, մարդիկ մասնակցում են քննարկումների, թե քաղաքականության առումով ո՛րն է ճիշտ, ո՛րը՝ սխալ, համացանցում քննարկում է գնում, ինչը մարդկանց ազատության մասին է խոսում:

Մեր նոր կառավարությունը պնդում է, որ արտաքին քաղաքականության կուրսը հիմնականում չի փոխվում, բայց մենք տեսնում ենք առանձին ազդակներ, որոնք, օրինակ՝ Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու ուղերձ ունեն: Ես կարծում եմ, բացարձակ անկախություն լինել չի կարող, բայց ես վստահ եմ, որ Հայաստանի շահերն ավելի խելացի ու արժանապատիվ կերպով են պաշտպանվելու արտաքին քաղաքականության մեջ: Ներսում էլ մարդիկ ավելի շատ տիրոջ գիտակցումով են մոտենում երկրի խնդիրներին, դա ապացուցում է, որ իրոք փոփոխություններ կան:

- Ապրիլյան հեղափոխությունից հետո բարեփոխումներ անելու համար դեռ երկա՞ր ճանապարհ պետք է անցնել: Կան նման քննադատություններ, որ բարեփոխումներն ուշանում են:

- Տեսեք, թե Երևանի ավագանու ընտրությունների համար ինչ պայքար ընթացավ, երբևէ հիշո՞ւմ եք նման պայքար: Դա խոսում է այն մասին, որ այն որոշումները, որոնք այսուհետ կայացվելու են քաղաքի վերաբերյալ, լինելու են իրական, ոչ թե կեղծ: Ոչ թե ուրիշ շահերի ծառայող, այլ իրական փոփոխություններ են լինելու: Խորհրդարանն էլ պետք է այդ նույն սկզբունքով աշխատի: Ինձ թվում է, որ խորհրդարանի փոփոխությունից հետո են սկսվելու իրական բարեփոխումները: Այս փուլում հնարավոր էլ չէ իրական բարեփոխումներ ակնկալել:

- Իսկ հնարավո՞ր է հասարակության մոտ այս սպասողական վիճակից հիասթափություն առաջանա: Ասում են՝ հակահեղափոխականները հույսը դրել են այն գործոնի վրա, որ մինչև գարուն մարդկանց մի մասը կարող է հիասթափվել Նիկոլ Փաշինյանից ու նրա կառավարությունից:

- Ո՛չ, դա բացարձակ հնարավոր չէ: Հակահեղափոխականներն ինչ ուզում են թող անեն, բայց հաստատ ոչ մի հիասթափություն չի լինի: Գիտե՞ք ինչու չի լինի, որովհետև մարդկանց աչքերն են բացվել: Այսինքն՝ մարդիկ արդեն կարողանում են տեսնել, ոչ թե զոմբիացած վիճակում են: Այն ժամանակ կարծես մենք բոլորս մի կափարիչի տակ գտնվեինք, այդ կափարիչից դուրս չէինք կարողանում տեսնել: Իսկ հիմա, երբ մարդիկ ազատ են, իրենց աչքերը բացվել են, ոչ մի հիասթափություն չի լինի:

- Կարո՞ղ ենք ասել, որ երկրում արդարություն է հաստատվում: Նախկինում ասում էին՝ նաև արդարության պակասի հետևանքով են մարդիկ արտագաղթում:

- Հաստատ, հենց առաջին հերթին արդարության առումով է երկրում մթնոլորտ փոխվել: Երբ ես առաջին հանրահավաքների ժամանակ մի անգամ հայտնվեցի բեմում, հենց այդ մասին խոսեցի, որ ամեն ինչ հենց դրա համար է արվում, որ արդարություն լինի: Ոչ թե կեղծ ու չգիտեմ ում շահերին ծառայող մթնոլորտ պետք է լինի, այլ արդար ու թափանցիկ, և այսօր պատահական չէ, որ ժողովրդի առաջ կառավարական շենքերի դռներ են բացվում, դրանք արդարության նշաններ են:

- Ե՞րբ կարող ենք ներգաղթ սպասել, քանի որ դա Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակներից էր, ինչպես ինքն էր հայտարարում: Հաշվի առնելով այն, որ արդարության հաստատման գործընթաց է երկրում, ե՞րբ կարող ենք ներգաղթ սպասել:

- Ներգաղթը երևի կաշխուժանա այն ժամանակ, երբ բարեփոխումները սկսվեն: Հիմա մարդիկ դեռ մի քիչ զգուշավոր են, սպասում են, որ տեսնեն, թե ինչ է լինում: Որքան նկատում եմ՝ դրսից լավ չեն էլ հասկանում, թե ներսում ի՛նչ է կատարվում, դրսի ժողովուրդը մինչև վերջ չի հասկանում, թե ի՛նչ է կատարվում այստեղ: Այնպես որ, նրանք դեռ մի քիչ զգուշավորությամբ սպասում են: Ա՛յ երբ որ բարեփոխումներն սկսվեն, այդ ժամանակ ներգաղթը կաշխուժանա: Ես անձամբ գիտեմ մարդկանց, ովքեր ուղղակի սպասում են:

- Այս փուլում կոռուպցիոն բացահայտումները շա՞տ են զարմացնում իրենց ծավալով:

- Ինձ թվում է, որ զարմանքը գնալով պակասում է, որովհետև դա դառնում է սովորական: Երկրում համակարգը վերից վար կոռումպացված էր, դա գաղտնիք չէր, մենք չգիտեի՞նք, որ վերից վար կոռումպացված էր: Մենք բոլորս էլ շատ լավ դա գիտեինք, որ համատարած կոռումպացված էր: Հիմա այդ բոլոր մարդկանց հնարավոր էլ չէ պատժել, պետք է միայն պարագլուխներին բռնել: Ստացվել էր այնպես, որ բնակչության 70 տոկոսը ներգրավված էր կոռուպցիայի մեջ: Կոռուպցիան արմատախիլ անել, կարծում եմ՝ հնարավոր չէ, բայց համակարգը առողջացնել հնարավոր է:

- Նրանցից ոմանք պատրաստ են գումարների մի մասը վերադարձնել: Օրինակ՝ Սաշիկ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է իր փողերի մի մասն ուղղել բարեգործությանը: Արդյոք պե՞տք է նրանք փողերը վերադարձնեն և ներվեն, թե՞ նաև պատիժներ պետք է լինեն:

- Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ փողերի կեսը կտա, ինքը դեռ մնում է իր այդ 50-50-ի տրամաբանության շրջանակներո՞ւմ: Եթե նրանք ամբողջությամբ վերադարձնեն փողերը, այդ դեպքում, ինչպես ժողովուրդն է ասում, թող գնան ու թոշակով ապրեն, թող դա իրենց համար լինի պատիժ: Մեզ պետք չէ նրանցով բանտերը լցնել, մի հատ էլ բանտում պետք է իրենց պահենք: Թող փողերն ամբողջությամբ վերադարձնեն, հետո ոնց ուզում են՝ թող ապրեն, եթե, իհարկե, հնարավոր է ամբողջությամբ վերադարձնել: Ես այս մեխանիզմի կողմնակիցն եմ, ինձ հեչ պետք չէ, որ Սաշիկը գնա ու բանտում նստի, այնտեղ էլ մենք ենք իրեն պահելու, չէ՞:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am