«Գիշերը վեր կացա տենամ՝ ամբողջ ձեռս արուն ա, կռիսները պոկել էին ձեռս, բա որ տեսնեիք էրեխեքիս քիթը, ականջները, ձեռները». աղետի գոտին ինչպես կա

07-12-2018
«Գիշերը վեր կացա տենամ՝ ամբողջ ձեռս արուն ա, կռիսները պոկել էին ձեռս, բա որ տեսնեիք էրեխեքիս քիթը, ականջները, ձեռները». աղետի գոտին ինչպես կա

Թասի մեջ արդեն հասունացած հացի սպիտակ խմորը դժվարությամբ սահեցնում է նախապես ձեթով փայլեցրած վառարանի ամանների մեջ, փորձելով որքան հնարավոր է խմորի երեսը կոկիկացնել։ Խմորի երեսին ձեթ քսելով՝ այն տեղավորում է արդեն տաքացրած վառարանում։ Հիմնականում աշխատում է ձախ ձեռքով, աջ ձեռքի դաստակը այտուցված է ու վնասված։

«Անցած գիշեր վեր կացա, որ փոքր աղջկաս համար կաթ տաքացնեմ, տենամ՝ ամբողջ ձեռս արուն ա, կռիսները պոկել էին ձեռս։ Ուռել էր, չէի կարողանում շարժել, վերքերը նայեք,- ասում է 35-ամյա Լիլիթ Նիկողոսյանը՝ ցույց տալով վնասված ձեռքը: - Էս դեռ լավ ա, բա որ տեսնեիք էրեխեքիս քիթը, ականջները, ձեռները էլի պոկել-տարել էին»,- ասում է նա։

Լիլիթ Նիկողոսյանի 12 հոգանոց ընտանիքը ապրում է Սպիտակի Գերմանական տնակային թաղամասում։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո գերմանացիները կառուցեցին այս թաղամասը, նախատեսելով այն հինգ տարվա բնակության համար։ Սակայն այստեղ մարդիկ ապրում են արդեն 25 տարի։

«Հինգ տարեկան էի, որ երկրաշարժը էղավ, մենք մեծացանք էս տնակներում, հիմա՝ մեր էրեխեքը։ Սկզբում ապրում էինք սկեսուրիս տանը, կողքի տնակում, բայց քանի որ տասը էրեխա ունեցա, քաղաքապետարանը տվել է էս երկու սենյականոց տնակը, որտեղ տեղավորվում ենք տասներկու հոգով»,- ասում է Լիլիթը, ով ունի վեց աղջիկ և չորս տղա։

Վեց աղջիկները քնում են մի սենյակում, մյուսում` ամուսինները`տղաների հետ։ Երեխաներից մեծը 18 տարեկան է, փոքրը՝ 3: Ապրում են երեխաների 68 հազար դրամ նպաստով։ Լիլիթն ասում է, որ ամուսնու սիրտը վերջերս են ստենտավորել, ծանր աշխատանք չի կարողանում անել, ինքն էլ երբ գարունը բացվում է, օրավարձով աշխատում է դաշտերում։

Գերմանական թաղամասը Սպիտակ քաղաքից 4 կմ հեռավորության վրա է գտնվում։ Տնակային այս թաղամասում չկան խանութ, դպրոց, մանկապարտեզ։ Բնակիչները ոտքով են անցնում այդ ճանապարհը։

«Դպրոց՝ ոտով, խանութ՝ ոտով։ Նոր-նոր մի հատ մարշրուտկա են դրել, լավ ա գոնե էրեխեքին առավոտները տանում ա, էտ ա ու վերջ։ Իսկ իրիկունները գնում ենք աղջկաս ընդառաջ, որովհետև չոլի մեջ ենք ու շատ վտանգավոր է, մարդ կա՝ մութն ընկավ՝ տնից հեչ դուրս էլ չի գալիս»,- պատմում է Լիլիթը։

Նախքան երկրաշարժը Սպիտակը Հայաստանի խոշոր արդյունաբերական կենտրոններից մեկն էր, որն ուներ 18.400 բնակչություն։ 30 տարի առաջ տեղի ունեցած աղետալի երկրաշարժին զոհ գնացին 4000-ը։

Այսօր բարեկարգված Սպիտակում կան տարբեր թաղամասեր՝ կառուցված տարբեր երկրների կողմից։ Դրանք են՝ Շվեյցարական, Չեխական, Ֆիննական, Նորվեգական, Ռուսական, Ուզբեկական, Էստոնական, Տամբովի թաղամասերը, որտեղ այսօր ապրում է Սպիտակի 13 000 բնակչության մի մասը:

Սակայն Գերմանական և Իտալական թաղամասերը, որոնք ձգվում են քաղաքից դուրս տարբեր հատվածներում, շարունակում են դեռևս գոյատևել։ Ժամանակավոր տնակներ են տեղադրված նաև քաղաքի Պանրագործների, Այգեստանի, Օդակայանի, Մուրացանի թաղամասերում: Այս տնակներում շարունակում են անմարդկային պայմաններում ապրել Սպիտակի 420 ընտանիքներ։

Նրանցից մեկում էլ արդեն 22 տարի ապրում է 47-ամյա Զոյա Թորոսյանի ընտանիքը։

«Սկզբում ամուսնուս ծնողների հետ իրանց դոմիկում էինք ապրում։ Հետո որոշեցինք առանձնանալ, նայեք էս կողքի շինությունը, տան պատերը մինչև անգամ բարձրացրինք, բայց հետո աշխատանք չեղավ, դժվարություններ… կիսատ մնաց, 600 դոլարով էս էրկու դոմիկը առանք, միացրինք իրար ու արդեն 20 տարուց ավել ստեղ ենք ապրում»,- ասում է Զոյա Թորոսյանը, ով թիթեղյա տնակում մեծացրել է երեք երեխաներին, իսկ այսօր արդեն՝ նաև թոռներին։

Տնակի ներսում չկան կոմունալ պայմաններ։ Լվացվում են և լոգանք ընդունում տնակից դուրս, ինչը հատկապես ձմռանը բնակիչների համար սարսափելի է։

«Մենք մեզ չենք հաշվում, որ ապրում ենք, ու մեր կյանքը անցավ, բայց գոնե էրեխեքս, թոռներս մի քիչ մարդավայել ապրեին։ Մի տեսակ ուժ էլ չի մնացել պայքարելու համար։ Ամուսինս ու տղաս սովորաբար Ռուսաստանում են էլի ինչ- որ աշխատանք գտնում»,- ասում է Զոյան։

Սպիտակում տղամարդկանց գերակշիռ մասը մեկնում է արտագնա աշխատանքի։ 39-ամյա Արմեն Մինասյանը մի քանի օր է՝ վերադարձել է Ադլերից։ Նրա հինգ հոգանոց ընտանիքը ապրում է Սպիտակի Իտալական տնակային թաղամասում։

«Առաջին հայացքից որ նայում ես, մտածում ես՝ ամեն ինչ լավ ա, սիրուն, բայց իրականում սրանք հիվանդության բուն են։ Երեք էրեխեքս էլ, մենք էլ՝ հետները թոքերի խնդիր ունենք, անընդհատ հիվանդ։ Էստեղ երկար ապրելը հանցագործությունն է, խոնավությունը շատ մեծ է։ Հերմետիկ ա, ջուրը պատերից հոսում ա, ակվարիումի նման ա, ջուրը շնչում ես»,- ասում է նա։

Իտալական տնակները կառուցված են պլաստիկից, ամրացված ռեզինով։ Արմենի կինը՝ 33-ամյա Մարինե Սարաջյանը, ասում է, որ թաղամասում բոլորը թոքերի խնդիր ունեն։ Իրենք մեկ ձմեռվա համար վառում են 9 խմ փայտ, որպեսզի բարակ պատերով տնակը կարողանան գոնե տաքացնել։ Ամուսինները նշում են, որ այլևս հույս չեն դնում պետության վրա, և մտածում են իրենց միջոցներով մի կերպ տուն գնելու մասին։

«Հիփոթեքի համար բանկը աշխատավարձի չափ է ուզում, բայց եթե ես արտագնա աշխատող եմ, թուղթ որտեղի՞ց ցույց տամ: Գնում եմ, աշխատում, բայց գումարս չի բավականացնում, թե չէ Սպիտակում 13-15 հազար դոլարով սեփական տուն անգամ կգնես։ Գները հարմար են, փողն ա խնդիրը»,- ասում է երեք երեխաների հայրը։

Նոյեմբերին կառավարության հատուկ որոշմամբ 460 մլն դրամ է հատկացվել երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած շուրջ 450 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշում է, որ գարնանը արդեն «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի հետ համատեղ աշխատանքները կսկսեն։

«Չեմ կարծում, թե այդ գումարով խնդիրը ամբողջությամբ կլուծվի, բայց լուրջ քայլեր կլինեն: Իհարկե, 30 տարի առաջ տեղի ունեցած աղետի հետևանքները դեռ ակնառու են, բայց պետք է 1-2 տարվա մեջ փակվի այդ հարցը, մեր կառավարությունն ամեն ինչ անելու է, որ մարդիկ բնակարան ունենան»,-ասում է նա։

Լուսանկարը`www.aljazeera.com

Գայանե Մկրտչյան

MediaLab.am