«Եթե «Ֆեյսբուքը» չլիներ, շատ ուժեր պարզապես ռեսուրսներ չէին ունենա քարոզարշավը անցկացնելու». Սամվել Մարտիրոսյան

10-12-2018
«Եթե «Ֆեյսբուքը» չլիներ, շատ ուժեր պարզապես ռեսուրսներ չէին ունենա քարոզարշավը անցկացնելու». Սամվել Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին է պատասխանում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

- Ինչպե՞ս եք գնահատում անցած ընտրարշավը, ի՞նչ նոր տեխնոլոգիաներ կիրառվեցին, որոնք չէին օգտագործվել նախկինում։

- Կարծում եմ՝ արտառոց տեխնոլոգիաներ չեն կիրառվել, եթե համեմատենք հեղափոխության ժամանակ կիրառված տեխնոլոգիաների հետ։ Պատճառը նաև այն էր, որ բավարար ժամանակ չկար այդ ամենին պատրաստվելու համար, շատ ցայտնոտային էր իրավիճակը, և, գումարած այս ամենին՝ շատ կուսակցություններ այս ամենում չէին ներգրավել մասնագետների, իհարկե ենթադրում եմ, բայց ասեմ, թե ինչի՛ վրա եմ հիմնվում։

Նայե՛ք՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գովազդը ամենաշատ օգտագործված գործիքն էր այս անգամ։ Եվ գիտե՞ք՝ հիմա «Ֆեյսբուքը» ցույց է տալիս, և կարող ես իմանալ, թե ի՛նչ թիրախավորմամբ է տեղադրվել գովազդը, այսինք ինչո՞ւ ես դու տեսնում այն։ Այս առումով կային քաղաքական ուժեր, որոնք բավական մասնագիտորեն էին դա անում, և կային ուժեր, որոնք շատ անմիտ էին այդ գործիքից օգտվել՝ գովազդը դնելով 16 տարեկանից բարձր բոլորի վրա, ինչը, կարծում եմ, այս դեպքում դժվար աշխատեր։

- Ի՞նչն առաջին անգամ օգտագործվեց, և կարող ենք դրական համարել։

- Առաջին անգամ օգտագործվեցին բոլոր հարթակները, եթե խոսում ենք գովազդից, ապա այն տեղադրվեց առանձին կայքերում, անգամ կինոների վրա էր հայտնվել Հանրապետականի գովազդը։ Գովազդն օգտագործվեց Facebook-ում, Linkedin-ում, Youtube-ում, շատ բազմակողմանի էր այդ տեսանկյունից։

Դրական էր այն, որ առանձին թեկնածուներ իրենք էին պայքարի մեջ մտել, մեծ մասն ուներ իր անհատական էջը, և ամեն մեկը փորձում էր ինքնուրույն, նույնիսկ անհատական վճարված գովազդ էր տեղադրում։ Իհարկե, սա կար նաև նախորդ ընտրություններում, բայց տարբերությունն այն էր, որ նախորդ ԱԺ ընտրություններում երևում էր, որ ինչ-որ մեկին խնդրել են, որ զբաղվի իր էջով, և ինչ-որ մեկը ձեռի հետ անում էր։ Շատ դեպքերում շատ աբսուրդ բաներ էին լինում։

Օրինակ՝ կարող էր ինչ-որ կաշվի խանութ տեղադրել ինչ-որ պատգամավորի վճարովի գովազդը, այս անգամ ավելի տրամաբանության մեջ էր, և հետաքրքիր միտումներից մեկը հենց այդ էր, որ թե՛ քաղաքական ուժերն էին իրենց փորձում ներկայացնել ցանցի միջոցով և թե՛ առանձին թեկնածուները։ Այդ տեսանկյունից ավելի մարդամոտ էին։

- Ի՞նչն էր բացասական, նյարդայնացնող։

- Բացասականն այն էր, որ պրոֆեսիոնալը և ոչ պրոֆեսիոնալը իրար կողքի էին։ Կարծում եմ՝ սրա ամենամեծ պրոբլեմը ժամանակի սղությունն էր, ինչի պատճառով էլ չկարողացան օգտագործել բոլոր գործիքները։

- Իսկ ֆեյքե՞րը։

- Ֆեյքերն այս անգամ լուրջ չաշխատեցին մի քանի պատճառներով: Նախ՝ մարդիկ պարանոիկ են դարձել ու ամեն տեղ ֆեյք են ման գալիս։ Երկրորդ` «Ֆեյսբուքը» հիմա ֆեյքերի դեմ ընդհանուր գլոբալ պայքար է մղում, ֆեյք գրանցելն ու պահելը լուրջ պրոբլեմ է դարձել, շատ արագ ջնջվում են։ Երրորդ` կարծում եմ, բոլոր ուժերը այս անգամ հիմնվում էին ռեալ մարդկանց գրառումների վրա և փորձում էին ներգրավել կարծիք ձևավորողներին սոցցանցերում, իսկ ֆեյքային նորությունները ավելի շատ մամուլն էր տարածում իր անհայտ աղբյուրներով։

Ավելի շուտ այստեղ մամուլը «փչացավ», քան մեծ քանակի ֆեյքեր մտան գործի մեջ։ Գումարած՝ թեմաները ֆեյքային չէին, գաղափարախոսական պայքար էր գնում, հիմնականում ազգայնական, ավանդական արժեքների, անվտանգության հարցերի շուրջ։ Ու փաստացի մի երկու-երեք թեմա էր, որն անընդհատ տարբեր անկյուններից շրջանառվում էր`եկեղեցու թեման, ԼԳԲՏ-ի:

- Լայվերի մասով ի՞նչ կասեք, որքա՞ն էր դրա արդյունավետությունը, եթե հաշվի առնենք, որ բոլոր լայվ էին մտնում։

- Լայվերը մարդկանց հասցրել էին հոգնեցնել, այսինքն՝ կես տարի լայվերով ապրելը կորցրել է լայվի օրիգինալությունը, ու ազդեցությունն այդքան մեծ չէր։ Նաև հարյուրավոր մարդիկ լայվ էին մտնում, իսկ ընթերցողը չի կարող այդքանին հետևել, լսել, մարսել, այնպես որ, ազդեցիկ էին, բայց թույլ։

- Ո՞ր կուսակցություններն էին ավելի կրեատիվ համացանցում իրենք քայլերով։

- Ընդհանուր առմամբ Հայաստանում քաղաքական դաշտն ունի պրոբլեմ: Կա գաղափարախոսական խնդիր, ծրագրերի բացակայության խնդիր։ Փաստացի իրենց ծրագրերը լուրջ գրած ունեին և դրանցով առաջնորդվում էին շատ քչերը։ Օրինակ՝ «Մենք»-ը, «Իմ քայլը», որ գլոբալ առումով հեղափոխական էր, կառավարությունն էր ներկայացնում, և կային ծրագրային դրույթներ։ «Քաղաքացու որոշումը» ուներ հստակ ծրագրեր։ ՀՅԴ-ն ուներ արդեն հարյուր տարվա ծրագրեր, բայց շատ դեպքերում նրանք մարդկանց կողմից չեն էլ հասկացվում։

ՕԵԿ-ը, ինձ թվում է՝ ավարտված թեմա է, իրենք կարող են արտաքին ֆորմաներ վերցնել, բայց չեմ կարծում, որ բովանդակություն կլինի ապագայում։ Իսկ ՀՀԿ-ի մոտ փաստացի իրենց դիրքորոշումը հակադրվելն էր։ Եթե վերցնենք գաղափարական ու ծրագրային մոտեցումները քիչ էին։ Հիմնականում անձերի վրա էր պայքարը գնում՝ գումարած դրան՝ ավելի ռուսամե՞տ ես, թե՞ արևմտամետ և այլն։

- Իսկ մանդարին բաժանելը նորամուծությո՞ւն էր արդյոք։

- Մենք էլի գալիս ենք ճանաչելիությանը։ Նայեք՝ մանդարինի թեման «Քաղաքացու որոշմանն» էր։ Լրիվ նոր մի կուսակցություն, ինձ թվում է, որ նրանք հնարավորություն չունեին զուտ էն առումով, որ ժամանակը քիչ էր։ Իսկ քաղաքական պայքարի տրամաբանության մեջ, աշխարհում հայտնի բան է, ամիսներ են պետք, որ մարդիկ սկսեն ընկալել ինչ-որ նոր քաղաքական ուժի։ «Քաղաքացու որոշումն» ունի իր ընտրազանգվածը, որը ձախ սոցիալիստական հայացքներ ունի, դա նաև իրենց պրոբլեմն է, քանի որ Հայաստանը շատ աջ թեքումներ ունեցող հասարակություն ունի, և նրանք դեռ պետք է պայքարեն իրենց տեղը գրավելու համար։ «Քաղաքացու որոշումը» ինձ համար ամենալավ մեկնարկ տվողներից էր ու շատ լավ ապագա կարող է ունենալ։

- Որպես մասնագետ՝ ապագայում ի՞նչ խորհուրդներ կտաք քաղաքական ուժերին, ի՞նչ ռազմավարություն է պետք մշակել ընտրարշավի ժամանակ։

- Մի կարևոր բան՝ քաղաքականությունը գործիքակազմ է։ Քաղաքական գործիչը պետք է կարողանա գլուխ հանել ամեն ինչից՝ սկսած հռետորաբանությունից, վերջացրած նրանով, որ կարևոր է ունենալ ծրագրային մոտեցումներ, ինչը, կարծում եմ, գնալով ավելի կկարևորվի, քանի որ հանրությունը այսուհետ գնալու է գաղափարների հետևից։ Հուսանք, որ ապագայում քաղաքական ուժերը կունենան իրենց գաղափարախոսական պլատֆորմները, ճիշտ գործիքակազմով։

-Ի՞նչ դեր ունեցավ այս ընտրություններին Twitter-ը։

-Twitter-ն այս անգամ տարօրինակ ձեւով թույլ էր,  մինչ այժմ հակառակը, շատ ակտիվանում էր հենց նախընտրական փուլում։ Երեւի թե, պատճառներից մեկն էլ այն էր, որ Թվիթերի ակտիվիստների մի մասը թեկնածու դարձան եւ սեւեռվեցին «Ֆեյսբուքի» վրա։

-Կարո՞ղ ենք ասել, որ «Ֆեյսբուքի» դերն այս ընտրություններին եւս շատ մեծ էր։ 

-Քարոզարշավը շատ կարճ էր, այդ իսկ պատճառով ինտերնետը ամենալավ տարբերակն էր օպտիմալ գործողությունների համար։ Եվ, բնականաբար, «Ֆեյսբուքը» հիմնական հարթակն էր։ Ավելին ասեմ, եթե «Ֆեյսբուքը» չլիներ, շատ ուժեր պարզապես մարդկային, ժամանակային, ֆինանսական ռեսուրսներ չէին ունենա քարոզարշավը անցկացնելու։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am