«Ջրառատում բեսպրեդել է, երկրում իշխանություն է փոխվել, բայց Ջրառատում ոչինչ չի փոխվել»․ ավագանին՝ ընդդեմ գյուղապետի՝ Լյովա Երանոսյանի քրոջ որդու

13-12-2018
«Ջրառատում բեսպրեդել է, երկրում իշխանություն է փոխվել, բայց Ջրառատում ոչինչ չի փոխվել»․ ավագանին՝ ընդդեմ գյուղապետի՝ Լյովա Երանոսյանի քրոջ որդու

«Պահանջում ենք, որ վերջապես լծակներ կիրառվեն։ Մեր համայնքում խախտված է ՏԻՄ-ի օրենքն իր բոլոր կետերով։ Ավագանին, աշխատակազմը պաշտպանված չեն։ Համայնքապետն ո՞վ է, որ ավագանու հետ ինչպես ուզի՝ այնպես էլ վերաբերվի։ Մենք անգամ ֆիզիկապես պաշտպանված չենք»,- նշում է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի ավագանու անդամ Աննա Մանուկյանը։

Մանուկյանն ասում է՝ դեռևս այս տարվա ամռանը ավագանին անվստահություն է հայտնել 2012 թվականից համայնքը ղեկավարող Սամվել Գալստյանին, որը ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանի քրոջ որդին է։ Գալստյանը, սակայն, չի պատրաստվում լքել իր պաշտոնը։

Այս տարի օգոստոսին Լյովա Երանոսյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ապրիլի 16-ին՝ Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ գործադրված «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման համար, ինչի հետևանքով ավելի քան 40 հոգի ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ավագանու և համայնքի ղեկավարի հարաբերություններն ավելի են լարվել գյուղում նոր կառուցվող բուժամբուլատորիայի պատճառով, որի՝ մայիսին սկսված շինարարությունն այդպես էլ կիսատ է մնացել։

Ավագանու անդամ Նարեկ Մկրտչյանը նշում է, որ խնդիրն այն է, որ համայնքի ղեկավարը չի կարողանում գումարները ծախսել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, օրինակ բուժամբուլատորիայի կառուցման համար։

«Վերջին երկու տարվա վեճերի արդյունքում հավաքվել է մոտ 10 միլիոն դրամ պահուստային գումար։ Բուժամբուլատորիան, որն ուզում էր ապօրինի կառուցել, չկարողացավ, այսինքն՝ չուներ տարածքի հատկացման թույլտվություն, չուներ ավագանու որոշում, անցկացրել էր փակ տենդեր, շահել էր իր ուզած ընկերությունը։ Մեզ նախահաշիվ էր ներկայացրել 14-16 միլիոն դրամի սահմաններում, ասել էինք, որ կարող ենք այդքան թույլ տալ, կտեղավորվենք, բայց մեկ էլ տեսնում ենք, որ նախահաշիվը հասել է 24 միլիոնի»,- ասում է Մկրտչյանը։

Ըստ Մկրտչայնի՝ համայնքի ղեկավարն ավագանուց գաղտնի, առանց տարածքի հատկացման թույլտվության սկսել է շինարարություն իրականացնել։

Նրա գործընկեր Հովհաննես Խաչատրյանն ամբողջացնում է իրավիճակի նկարագիրը, նշելով, որ կառուցապատող «Նաիրիշին» ընկերությունը հայտարարել է, թե դատի կտա համայնքապետարանին՝ շինարարությունը կասեցնելու համար․ «Ասեցինք՝ տուր, մենք տարածք չենք տրամադրել, ավագանու նման որոշում չկա, գումար չենք առանձնացրել, դատի տուր, թե ումի՞ց կստանաս քո գումարը՝ գնա ստացի»։

Համայնքի ավագանին դիմել է Արմավիրի մարզպետարան և խնդրել, որ մարզպետարանը ստուգումներ անցկացնի համայնքում տեղի ունեցող տարբեր ապօրինությունները բացահայտելու համար, ինչը և արվել է։

«Արտահերթ նիստ ենք անում, մտնում ենք ուղիղ եթերով, իմ ֆեյսբուքյան ընկերների մեջ են նախարարներ, մարզպետներ, կառավարության անդամներ, լիքը կարևոր դեմքեր։ Վստահ եմ, որ իրենք տեսնում են, թե ինչ է կատարվում, չհաշված արձանագրությունը, որ ուղիղ եթերով կարդում եմ նիստի ժամանակ, դրանց օրինակները գնում են համապատասխան տեղեր»,- ասում է Աննա Մանուկյանը։

Համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը, հակադարձելով ավագանու անդամների մեղադրանքներին, նշում է, որ այս պահին բուժամբուլատորիայի գործը քննվում է իրավապահ մարմինների կողմից, հրապարակվելուց հետո ամեն ինչ պարզ կլինի։

Իրեն անվստահություն հայտնելու մասին էլ հավելում․ «Ի՞նչ է նշանակում անվստահություն են տվել համայնքի ղեկավարին, ավագանին նման լիազորություն չունի, որ անվստահություն հայտնի»։

Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի՝ համայնքի ավագանին իր անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը: Առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նշված որոշումն անհապաղ ուղարկվում է մարզպետին: Մարզպետը եռօրյա ժամկետում պաշտոնանկ անելու մասին առաջարկությունը ներկայացնում է կառավարություն` կցելով իր կարծիքը

Աննա Մանուկյանը նշում է, որ, ըստ օրենքի՝ ավագանու հիմնական նիստից մի քանի օր առաջ քննարկում են օրակարգում ընդգրկված հարցերը։

«Վերջին հիմնական նիստի ժամանակ, տեսնում ենք, որ նոր հարցեր է ընդգրկել օրակարգում, մասնավորապես, 4,5 միլիոն դրամ հատկացնել գյուղի մանկապարտեզի գազիֆիկացմանը, ջեռուցմանը, ինչպես նաև մշակույթի պալատի քանդվող շենքի ջեռուցմանը։ Մենք չենք հաստատել, քանի որ ես և իմ գործընկերներս չենք գնում անօրեն քայլերի, չքննարկված հարցը լսելու ու հաստատելու իրավունք չունենք»,- ասում է նա։

Հավելում է՝ գյուղի մանկապարտեզի տնօրեն Լուսինե Ղազարյանը դարձյալ Երանոսյաններից է, նա ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի նախկին պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյանի կինն է։ Աշխատում է որպես տնօրեն 2008 թվականից՝ չունենալով մասնագիտական պահանջվող կրթությունը։

«Մեզ եկել է հատուկ կարգադրություն տարածքային կառավարման նախարարությունից, որ տասնօրյա ժամկետում պետք է տնօրենին ազատել աշխատանքից՝ փոխարինելով համապատասխան նոր կադրով։ Երկուսուկես ամիս տևեց, մինչև նիստ հրավիրեց։ Ավագանին տվել է այդ համաձայնությունը ու կայացրել հեռացման որոշումը, բայց ինքն ասում է. «Դուք ո՞վ եք, ես չեմ ազատում»։ Բայց հրամանը եկել է»,- ասում է Մանուկյանը։

Ինքը՝ համայնքի ղեկավարը, նշում է, որ մանկապարտեզի տնօրենը տասը տարվա աշխատանքային ստաժ ունի և դիմել է դատարան այդ հրամանը վիճարկելու համար։

«Հիմա ես բռնեմ ազատեմ, հետո՞…»- ասում է Սամվել Գալստյանը։

Դեկտեմբերի 12-ին համայնքի ավագանու անդամները հանդիպել են տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարի օգնական Արմեն Մարտիրոսյանի հետ, պահանջել, որ պետական վերահսկողական ծառայությունն իրենց համայնքում ստուգումներ անցկացնի:

«Ես հավատում եմ, որ նոր իշխանությունները կկարողանան այս հարցին լուծում տալ։ Բայց նաև այլ մտավախություն ունեմ, մինչ իշխանությունը վերադասավորվի, վերակազմավորվի, գյուղում օր-օրի իրավիճակը սրվում է։ Հենց հիմա գյուղում հսկողություն է իրականացնում ոստիկանությունը, որ բախումներ չլինեն»,- ասում է Մանուկյանը։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am